Շարունակել մինչև վերջ

Հարցազրույց Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ, դրամատուրգ, արձակագիր և խմբագիր Մխիթար ՄՈՍ-ՄՈւՇԵՂՅԱՆԻ հետ

- Առաջիկայում, առաջին անգամ նոր խմբագրական կազմով լույս պիտի տեսնի «Ձայն Հայրենյաց» ժողովածուի երրորդ հատորը։
 
- Խմբագրական կազմը նոր չէ, միայն պարոն Անրի Բագրատունին է բացակա։ Ինչպես շատ դիպուկ ասել է Կալիֆորնիայի հայ գրողների միության փոխնախագահ, սույն գրքի գլխավոր խմբագիր Աիդա Վերդին, «գիրքը շարունակում է աննահանջ առաջ ընթանալ Բագրատունու վստահելի ընկերոջ (իր) և նույնքան վստահելի խմբագրակազմի կողմից»։ Ցավալի է, որ Անրին մեզ հետ չի։ Բայց, ինչպես Խորեն Աբրահամյանն էր ասում՝ «մեծերը գնում են, նրանց թողած լանր բեռը՝ մնում, այն պետք է ինչ֊ որ մեկը պետք է տանի...»: Խոսքը գործը կիսատ չմնալու, չթողնելու մասին է, ինչն էլ ահա արեցինք մեր գրչընկերոջ ցավալի կորստից դեռ չչորացած արցունքներն աչքներիս։ Երկրորդ հատորը լույս տեսավ և, ինչպես տիկին Աիդան է ասել իր նախորդ հարցազրույցում՝ «Անրին ուզում էր, որ Ձայնը հայրենյաց շարունակի հնչել, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող». այս գիտակցմամբ ձեռնամուխ եղանք շարունակելու... ահա շուտով, ընթերցողի դատին կհանձնվի «Ձայն հայրենյաց»-ի երրորդ հատորը՝ որպես  Հայաստան֊Արցախ֊Սփյուռք եռամիասնության հերթական վկայություն՝ գրականության միջոցով։
 
- Դուք հանդիսանում եք գրքի կազմողը և երկրորդ խմբագիրը։ Արդեն մի քանի տարի շփվում եք նաև գրականության մեջ պոեզիայի ժանրը տարածողների հետ։ Ի՞նչ կասեք, ի՞նչ փոփոխություններ եք նկատում։
 
- Նոր գրողներ, տաղանդավոր ու ասելիքով լի։ Ասել, թե «Ձայն հայրենյաց» գրքի բոլոր համահեղինակների անունները դեռ լսելու ենք և հպարտանալու՝ կլինի չափազանցված։ Կարող ենք միանշանակ շեշտել որ 21-րդ դարակեսի լրջագույն գրողների մի զգալի մասը անցած կլինի «Ձայն հայրենյաց» գրքի տված հնարավորության ճամփան։ Շատերը դեռ անծանոթ գրողներից կսիրվեն, կունենան իրենց լսարանը։ Սա լավ է, ավելի քան լավ։ Ինչ վերաբերում է գրքի կազմողը լինելուս, ապա սա միանշանակ չէ, քանզի սա հավաքական աշխատանք է և, իզուր չէ, որ կազմակերպչական կոմիտե կոչվածը խմբագրակազմն է՝ բաղկածած փորձառու մտավորականներից։ Ես խմբագրակազմի անդամներից մեկն եմ։
 
- Նախորդ հատորը հասկանալիորեն չունեցավ առաջաբան, փոխարենը երկու խմբագիրների խոսքն էր՝ Ձեր և Աիդա Վերդիի: Իսկ հիմա՞։
 
- Առաջաբան անշուշտ կա. իմ առաջարկով այն կազմել է մեծանուն լեզվաբան, ՄԳԱ ակադեմիկոս, «Տավուշ» հայրենակցական միության նախագահ Լավրենտի Միրզոյանը։ Միրզոյանին առաջարկելս ամենևին աղերս չուներ այն մեծ տիտղոսների հետ, որոնք արժանիորեն կրում է։ Խնդիրն այլ է։ Խնդիրը լեզվաբանությունն է։ Կինս էլ է լեզվաբան... հայրս էլ։ Լեզվաբանությունը գրականության ակուքն է, ահա այս գաղափարով համակված խնդրեցի ավագ ընկերոջս կազմել գրական այս ձեռնարկի առաջաբանը։ Մանավանդ, որ գլխավոր խմբագիրը ևս շատ ուրախ էր, որ Լ. Միրզոյանն է գրքի առաջաբանը կազմելու։ 
 
- Հե՞շտ է այսքան արագ հրատարակել։ Մեկ ամիս է անցել նախորդ հատորի հրատարակությունից։
 
- Հեշտ է ասել՝ հեշտ։ Սա տքնաջան աշխատանքի, խմնագրակազմի, հեղինակների համատեղ աշխատանքի ու նաև պատասխանատվության արդյունքն է։ Պատահական չեմ ասում։ Աիդա Պողոսյան, Գայանե Աղաքարյան, Ավետիք Սարգսյան... ես. յուրաքանչյուրս մեր անելիքն ունենք և դա բերում է ցանկալի արդյունք՝ ժամացույցի մեխանիզմի ճշտությամբ։
 
- Ո՞ր փուլում է «Ձայն հայրենյաց» երրորդ հատորը։
 
- Նյութերի հավաքագրումն այլևս ավարտված է, այսինքն նոր հեղինակներ այլևս չեն ներգրավվում։ Հիմա գլխավոր խմբագրի գլխավորությամբ խմբագրական, սրբագրական աշխատանքներն են, որից հետո հրատարակություն։
 
- Կա՞ն հեղինակներ, որոնց կառանձնացնեք։
 
- Եվ դա կլինի խիստ սուբիեկտիվ։ Ես կառանձնացնեմ ընկերներիս՝ գրչընկերներից, բայց մեր գաղափարը առանձնացնելը չէ, այլ հակառակը՝ միավորելն է, որպես մեկ միասնական գրական ընտանիք։
 
- Իսկ չորրորդ հատոր լինելու՞ է։
 
- Միանշանակ։ Այս առաջին հարցն էր, որ քննարկել ենք ես և Աիդա Պողոսյանը՝ շարունակել, թե ոչ, իսկ եթե շարունակել՝ ապա մինչև վերջ։
 
 
Զրուցեց Ավետիք ՍԱՐԳՍՅԱՆԸ