ԱՄԵՆԱՄՅԱ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԻՏՈՒՄՈՎ
Օպերային փառատոն՝ նվիրված Գեղամ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր մեկնարկում է առաջին միջազգային օպերային փառատոնը»՝ նվիրված հայ աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանին:
Փառատոնն իրականացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Նախատեսվում է այն դարձնել ամենամյա և, իհարկե, Երևանում:
Փառատոնի շրջանակում հանդես կգան համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգիչներ:
«Երևան առաջին միջազգային օպերային փառատոնի» գեղարվեստական ղեկավարն է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:
Խորհրդանշական է, որ երևանյան միջազգայինին մասնակցում է անվանի երգչի դուստրը՝ սոպրանո Հասմիկ Գրիգորյանը (Լիտվա): Նաև՝ տենոր Սթիվեն Կոստելլոն (ԱՄՆ) և բարիտոն Ռոդիոն Պողոսովը (ՌԴ):
Առաջիկա օրերին հայ հանդիսատեսը հաճույքվ կվայելի ֆրանսիական, իտալական և գերմանական օպերաներից հնչելիք արիաները (համերգի դիրիժոր՝ ՌԴ վաստ. արտիստ Կոնստանտին Օրբելյան):
Ապրիլի 28-ին հանդես կգան սոպրանո Բարբարա Ֆրիտտոլին (Իտալիա) և Մետրոպոլիտեն օպերայի հանրահայտ արտիստ, բարիտոն Գեորգի Գագնիձեն (Վրաստան)՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ: Բարբարա Ֆրիտտոլին Մետրոպոլիտեն և Լա Սկալա օպերային թատրոնների, Վիեննայի պետական օպերային թատրոնի երգչուհի է: Համերգի դիրիժոր՝ Կոնստանտին Օրբելյան:
Ապրիլի 30-ին կներկայացվի Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերան՝ սոպրանո Հասմիկ Թորոսյանի, բարիտոն Առնոլդ Քոչարյանի և անվանի ամերիկացի օպերային տենոր Սթիվեն Կոստելլոյի մասնակցությամբ: Ներկայացումը կղեկավարի հրավիրյալ դիրիժոր՝ Քրիս Ռուսմանը (Մեծ Բրիտանիա):