«Միայն թատերագիր չէ, Մխիթարը. բազմաժանր գրող է, պիտանի մարդ»
ԶՐՈՒՅՑ ՆՇԱՆԱՎՈՐ ԳՐՈՂ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ, ԱՐՁԱԿԱԳԻՐ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ, ԲԺԻՇԿ ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆՅԱՆԻ ՀԵՏ
Պարոն Թորանյան, լույս տեսավ ձեր ազգականի՝ Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ, դրամատուրգ Մխիթար Մոս-Մուշեղյանի պատմական դրամաների ժողովածուն, որի պիեսներից մեկը գրախոսել էիք և դուք:
- Եթե ուղղությունը տանում եք գենին, անշուշտ իր տեղն ունի։ Իմ ընտանիքում գրողները շատ են։ Մխիթար Մոս-Մուշեղյանը բացառություն չէ։ Մաքրուհի քրոջս թոռն է, Մովսեսի տղան։ Ճիշտն ասած գրախոսելիս չգիտեի, որ դա նրա պիեսն է, ինձ դիմեց գրականագետներից մեկը, ասաց, որ մի ջահել դրամատուրգ ուզում է լսել կարծիքս։ Ասացի գրականագետը դու ես, ե՞ս պիտի կարծիք տամ։ Ասաց՝ քո կարծիքն է ուզում։ Սիրով կարդացի Լևոն Լուսինյան հայոց թագավորի մասին պիեսը, մեկ-երկու էջ կարճ գրախոսություն գրեցի՝ շեշտելով երիտասարդ գրողի ստանձնած առաքելության կարևորությունը, ասացի, որ հաջողել է ու մաղթեցի հաջող բեմել։ Շատ հաջող թատերգություն ու պատմական ողբերգություն է։ Հետո պիտի իմանայի, որ դիտավորյալ չեն ասել հեղինակի ով լինելը՝ իր խնդրանքով։ Երբ իմացա, շատ ուրախացա, որ իմ ազգականն է այդ հրաշալի գործի հեղինակը, որ հենց իմ քրոջ թոռն է վեր հանում մեր պանծալի անցյալն ու մատուցում ապագա սերնդին։
Ինչո՞վ եք պայմանավորում օտարների միջոցով պիեսի ձեզ փոխանցումը:
- Անձամբ երևի թե կդժվարանար։ Բարդություններ կան, որ մեծ հույս ունեմ օր առաջ կլուծվեն։ Բացի այդ, երևի կասկած ուներ, որ քեռուց (ինձ քեռի է անվանում, չնայած հոր քեռին եմ) անաչառ կարծիք պիտի ստանա։ Հեռուներով եկավ, պիեսն էլ անանուն էր։ Հետո, երբ պիտի գրախոսեի, հարցրի հեղինակի անունը, որ գրեմ իրեն՝ անվանապես։ Լսելով՝ կարծեցի մեծ զուգադիպություն է։ Միայն թատերագիր չէ, բազմաժանր գրող է, պիտանի մարդ։
Միասին տպագրվել ենք նույն ժողովածուի մեջ։ Հետաքրքիր էր։ Տպավորիչ, արժեքավոր գրիչ ունի, պիտանի զավակն է իր հայրենիքի, ուրախ եմ, որ Մխիթարին սիրում ու ընդունում են գրական ընտանիքում, ընթերցողական լսարանում։ Սա է կարևորը, մնացյալը լուծվելիք է. հուսանք՝ օր առաջ։ Ընթերցում եմ, երբ ուղարկում է, երբեմն վերընթերցում եմ մի քանի անգամ։ Շատ լավ է գրում՝ պատկերավոր ու գունեղ։
Բազմաշնորհ ու բազմաժանր է Մոս-Մուշեղյան գրողը, նաև արձակագիր է։ Տպագրվել ենք երկերի ժողովածուի մեջ։ Հարմար ժամանակ հայտնվեց նա գրական աշխարհում։ Սիրվեց ու գնահատվեց: Չկարծեք, թե ամեն ինչ հավանում եմ, իրեն էլ ասել եմ. օրինակ « Բաղրամյան» թատերգության մեջ շատ է փոքրացրել Հովհաննես Բաղրամյան զորավարի կերպարը, ասում է, թե նրա մարդ տեսակն է վեր հանել ավելի։ Վիճելի հարց է։ Գրականության մեջ վեճը հարց չի լուծում։ Մի առիթով ողջ գիշեր վիճեցինք Պարույր Սևակի հետ նրա տանը, առավոտյան միայն հասկացանք, որ կինը, Նելլին ճիշտ էր, քնելը ավելի օգտակար կլիներ։ Ես հանդիպել եմ Բաղրամյանին, զրուցել, ու իմ ճանաչաց հսկային փնտրելով չեմ գտել թատերգության մեջ։ Բայց որ վեր է հանել շատ կարևոր թեմա՝ փաստ է, որի համար անձնապես ես շատ շնորհակալ եմ։ Կարևորը, ինչ անում է սիրով է անում, որպես մշակ։
Առաջիկայում լույս պիտի տեսնի Մոս-Մուշեղյանի «Խնամախոս» կատակերգությունը, Հրանտ Ղազարյանի՝ Հորիզոնի առաջաբանով։ Ընթերցե՞լ եք, ի՞նչ կարծիք ունեք։
- Շատերն են կարծիքներ գրում նրա մասին, խոսում ու գովում. լսում եմ ու ուրախանում, որ ավագ սերնդի կողմից ընդունելի անձ է։ Ավագ սերունդը, գիտեք, սիրում է օգնել երիտասարդին, բայց խստապահանջ է ու գովեստի խոսքեր շռայլել չի սիրում։ Հրանտ Հորիզոնն իմ սերունդից է, երկուսս էլ վաղուց հատել ենք 90֊ի շեմը, միանման ենք նայում աշխարհին, բայց տարբեր հայացքներով։ Կատակերգու է Հրանտը, ճանաչված ու սիրված, եթե հավանել ու առաջաբան է գրել՝ կարծում եմ՝ ես էլ կհավանեմ։ Դեռ չեմ կարդացել։ Կկարդայի, բայց չի ուղարկել հեղինակը (ծիծաղում է) թող տպագրվի, կկարդամ։
Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք հեղինակին։
- Առաջին մաղթանքս իր ողջությունն է, լավ լինելը։ Երկրորդը՝ որ հասնի իմ տարիքին ու հետհայացք նետելով՝ տեսնի իր հեղինակած հարյուրից ավելի գրքեր։ Դա գրողի համար երջանկություն է։
Զրուցեց Մարինե ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ