Երբ պատմությունը դարձել է ինչ-որ մեկի ձեռքում հայտնված խմոր

Առաջիկայում լույս կտեսնի Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ, դրամատուրգ, արձակագիր Մխիթար ՄՈՍ-ՄՈւՇԵՂՅԱՆԻ «Հիշատակն արդարոց» պատմական դրամաների ժողովածուն։ Գրքի և մերօրյա որոշ մտահոգությունների շուրջ է մեր զրույցը նրա հետ:
 
Պարոն Մոս-Մուշեղյան, Դուք գրում եք և՛ պատմական և՛ ժամանակակից թեմաներով պիեսներ: Այնուամենայնիվ, սակայն, պատմականները զգալիորեն գերակայություն ունեն. ինչո՞ւ, ավելի հեշտ է, թե՞…
 
- Դրամատուրգիայում հեշտ չկա, չկա նաև դժվար։ Կա միայն ասելիք։ Ես գրում եմ այն, ինչը հրատապ ու հետաքրքրական եմ համարում օրվա, օրվա մշակույթի, օրվա հանդիսատեսի և օրվա ընթերցողի համար՝ չմոռանալով, որ այսօրվան հաջորդելու է վաղը։ Գիտե՞ք ինչ է անցյալը, դա այն նեղ արահետն է, այն միջանցքը, որով նայում ենք դեպի ապագա։ 21-րդ դարի հայը, մեր օրերում ապրող բանական մարդը պարտավոր է իմանալ անցյալ դարերի, նույնիսկ հազարամյակների պատմությունը. ընդորում ոչ միայն հայոց, այլև համաշխարհային։ Մեր օրերում, երբ պատմությունը դարձել է հեղեղուկ մի բան, ինչ-որ մեկի ձեռքում հայտնված խմոր, սա ավելի է կարևորվում և մղվում է առաջին պլան։ Ահա թե ինչու է գերակա պատմությունը։
 
«Հիշատակն արդարոց». ինչպե՞ս ընտրվեց այս վերնագիրը, և ի՞նչ պիեսներ է ամփոփում գիրքը։
 
- «Հիշատակն արդարոց» ասել է թե՝ արդարների հիշատակ, տվյալ դեպքում՝ հիշատակարան։ Գրքում ներառված են դրամաներ Լևոն Վեցերորդ Կիլիկիո արքայի, Մարշալ Հովհաննես Բաղրամյանի, Լորենցո դե Մեդիչիի, Ջորջ Վաշինգտոնի և Յակոբինյան ապստամբության մասին պիեսներ։ Պատմաբանները կփաստեն, թե այս անուններն ու դրանց շուրջ ծավալված դեպքերը, պատմությունները որքանով են դարակազմիկ և որքանով են իրենց հետքը թողել աշխարհի օր օրի խմբագրվող քարտեզի վրա։ Ինքս, որպես գեղարվեստական գրականության դրամատուրգիայի ժանրը ներկայացնող գործիչ, համարում եմ, որ այս անունների շուրջ ծավալված բախումներն ու արյունալի պատերազմները եղել են հանուն արդարության, այդով էլ դրանց մասին գրված այս ստեղծագործությունները հիշատակն են արդարոց։
 
Ձեր դրամատուրգիայի մասին հաճախ են խոսում, կարծիքներ հայտնում շատ նշանավոր մտավորականներ, ո՞վ է գրքի առաջաբանի հեղինակը և ո՞վ է խմբագիրը։
 
- Ես շնորհակալ եմ յուրաքանչյուր կարծիքի համար՝ դրական թե բացասական, գրված ու ասված նշանավոր, թե ոչ այնքան նշանավոր մտավորականների կողմից։ Մտավորական բառը շատ է խեղաթյուրվել, ինձ համար մտավորական է այն կոշկակարը, բանվորն ու մշակը, ով մտահոգ է իր ազգի ճակատագրով և ունի համարձակություն՝ պատեհ առիթով իր ճշմարիտ խոսքն ու խորհուրդը արտհայտելու: Եվ ընդհակառակը,  մտավորական չէ այն գրողը, նկարիչը, բեմադրիչը... ով չունի ազգային մտածողություն, շիտակ խոսք ու խոսքը բարձրաձայնելու համարձակություն։ Չշեղվելով Ձեր հարցից, ասեմ, որ իմ գրքի խմբագիրը կարող էր լինել այն մտավորականը, ով համաձայն է իմ գրած ամեն տառի ու բառի հետ, ով՝ խմբագրելու դեպքում կբերեր այն տեսքին, ինչպիսին այն կա առանց ձեռք տալու։ Իմ պարագայում այդ մարդը իմ ավագ գրչեղբայր, իմ գրականության կնքահայր, ԽՍՀՄ նշանավոր դրամատուրգ Գևորգ Սարգսյանն է։ Իրականում պիեսները չունեն խմբագիր, դրանք ունեն հավանության արժանացնող, ում և կոչում եմ խմբագիր և ում անունը հիշատակեցի։ 
 
Պիեսները չե՞ն խմբագրվում:
 
- Ցավոք, թե բարեբախտաբար՝ ոչ։ Իմ խոսքը, ամեն մի բառ, ամեն մի արտահայտություն այս կամ այն տեսարանում իր իմաստն ունի, որը պատահաբար չեմ ներդրել։ Եթե օտար ձեռք դիպչի, օտար թանաք անցնի իմ թանաքի վրայով, ասելիքս ու՞ր կմնա, կամ՝ կմնա՞։ Դեմ եմ խմբագիր ասվածին՝ գոնե դրամատուրգիայում։ Այլ հարց է սրբագրիչը, որը ունի հատուկ մասնագիտական իմացություններ, որոնք շատ հեղինակներ, այդ թվում և ես՝ չունեմ։ Վերադառնալով առաջաբանի մասին ձեր հարցին, պետք է ասեմ, որ առաջաբանը մեկը չէ՝ այլ հինգը։ Հինգ պիես, հինգ առաջաբան ու կարծիք։ 
 
Ինչո՞վ է պայմանավորված գրքի հինգ առաջաբան ունենալը։
 
- Ամեն պիես ունի իր գրախոսականը, և ամեն գրախոսող կարևորում և իր կարևորելը հիմնավորում է մեջբերումներով, փաստերով։ Ահավասիկ այս գրախոսությունները բերում են պիեսների՝ այսօրվա օրում, մեր ներկայում կարևորության հիմքերը և այս հիմքեր բերողները մտավորականներ են, սիրված, հարգված և ընդունված և՛ հանրության, և՛ մտավորականության մեջ։ Ո՞ւր են գնում պիեսները՝ թատրոն։ Ովքե՞ր են «աստվածները» թատրոններում՝ բեմադրիչները։ Ահա հինգ պիես և հինգ տարբեր մտավորականների գրախոսություն՝ պիեսներում վեր հանված թեմաների կարևորության մասին, որոնց, կարծում եմ մեր բեմադրիչները ականջալուր կլինեն։
 
Ովքե՞ր են գրքի հինգ առաջաբանների հեղինակները:
 
- Այդ էլ թողնենք ընթերցողին, որպես առաջին բացահայտում գիրքը թերթելիս։
 
«Հիշատակն արդարոց»-ը ե՞րբ կլինի ընթերցողի սեղանին։
 
- Սեպտեմբերին:
 
Ի՞նչ կարծիքի եք նորօրյա չափորոշիչների մասին. գրականություն, պատմություն...
 
- Գրականություն, պատմություն... խայտառակություն։ Այն, որ ամեն իշխանություն վերախմբագրում է պատմությունը ուզածի պես, դա ցավալի, բայց հայտնի ճշմարտություն է։ Այն տեղեկույթը, որ ունեմ ներկա չափորոշիչների մասին, նշեմ որ բավականին սեղմ են. ինձ արդեն հունից հանում է: Հուսամ՝ հայ ազգի հավաքական անկոտրում ոգին կճեղքի այս ամենը և սա կմնա լոկ որպես վատ երազ, անփառունակ այրերից մի հուշ։ Վերջերս ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Լավրենտի Միրզոյանը հսկայական ցանկ ներկայացրեց արժանավոր գրողների, որոնք կարող են տեղ գտնել գրականության տարբեր դասարանների դասագրքերում՝ Իգնատ Մամյան, Արամայիս Սահակյան... ինչո՞ւ չկան։ Ինչո՞ւ Լ. Միրզոյանի պես հետագիծ ունեցող մտավորականը ներառված չէ չափորոշիչ կոչվածը որոշողների մեջ։ Գուցե՝ որովհետև նրա թված մտավորականները իրենց գրականությամբ այլասերություն և այլասեռություն չե՞ն քարոզում։
 
Լավրենտի Միրզոյանը առաջարկում էր Ձեզ էլ ընդգրկել դասագրքերում։
 
- Իհարկե, խորապես զգացված եմ, բայց մի պահ թողնենք ու մոռանանք ինձ և վերադառնանք հնչեցված մյուս անունների՝ արժանավոր, հետագիծ ունեցող գրողներին, որոնք պարզապես մոռացության են մատնված՝ գոնե պետական մասշտաբով։ Այստեղ մեծ անելիք ունի Հայաստանի գրողների միությունը, քանի որ Կրթության և մշակույթի նախարարությունը, ինչպես նախորդ տասնամյակներին, այսօր էլ քնած են մի շատ աշխատասեր կենդանու ականջում։ Պետք է խոսեն ու հիմնավոր խոսեն բոլոր գրական միավորումները, նախարարությանը պիտի օր ու արև չտան մեր բանիմաց պատմաբանները, մեր մտավորականները։
 
Որքանո՞վ են Ձեր պատկերացումները իրատեսական։
 
- Բավականին իրատեսական են։ Ո՞վ էր հավատում, որ մի խումբ երիտասարդներ ծնկի կբերեն իշխանությանը 2015֊ին ու փակելով Բաղրամյան պողոտան՝ լույսի գինը կիջնի։ Ո՞վ էր հավատում, որ Նիկոլը մի օր գահընկեց կանի Սերժ Սարգսյանին... եղավ չէ՞։ Անհնար ոչինչ չկա։ Այսօր եկել ենք ու բախվել եզրագծին, որտեղ մեր զավակների ապագան է կանխորոշվում, անցնե՞լ եզրագիծը թե ոչ՝ այս է խնդիրը։
 
Լանզարոտեի կոնվենցի՞ա։
 
- Լանզարոտե, ստամբուլյան, միայն այդ անուններից փշաքաղվում եմ։ Հայը պարտավոր է պահպանել իր ինքնությունը, ահա և վերջ։ Մերը հայկական կոնվենցիան է՝ մեր ազգային ինքնագնահատականը։
 
Շնորհակալ եմ պարոն Մոս-Մուշեղյան հաճելի զրույցի համար։
 
- Ես նույնպես շնորհակալ եմ։ Հուսամ՝ հաջորդ անգամ ստիպված չենք լինի նման մտահոգիչ թեմաներ արծարծել։
 
 
Զրուցեց Արմեն ԵՓՐԵՄՅԱՆԸ