«Գրական անդաստանի» համահեղինակային ժողովածուն
Մի քանի օր առաջ հրատարակվեց «Նռանէ» մանկապատանեկան թատրոնի գրական բաժնի ԳՐԱԿԱՆ ԱՆԴԱՍՏԱՆ համահեղինակային ժողովածուն։ Այս և գործունեությանը վերաբերող հարցերի մասին է զրույցը թատրոնի տնօրեն, Կալիֆորնիայի հայ գրողների միության հայաստանյաց ներկայացուցչության ղեկավար, արձակագիր Մարինե ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ՄՈՍ-ՄՈՒՇԵՂՅԱՆԻ հետ։
- Տիկին Մոս-Մուշեղյան, արդեն երկրորդ անգամ ընթերցողի դատին է ներկայացվում «Գրական անդաստան» համահեղինակային ժողովածուն։ Բարդ չէ՞ր արդյոք եռամսյա արտակարգ դրության պայմաններում իրականացնել գրքի տպագրման աշխատանքները։
- Բարդ էր, քանի որ թատրոնն արձակուրդի մեջ է։ Միայն գրական բաժինն է աշխատում, այն էլ՝ հեռավար։ Իրավիճակը բավականին երկարաձգեց գործընթացը, քանի որ խմբագրակազմը համատեղ աշխատելու հնարավորություն չունեցավ։ Այնուամենայնիվ, շնորհակալ եմ մեր գրական բաժնից՝ բաժնի վարիչ Գևորգ Սարգսյանի գլխավորությամբ, որ անկախ ստեղծված իրավիճակից, ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ՝ գիրքը տպագրվեց հնարավորինս սեղմ ժամկետներում։ Ափսոսում ենք, որ շնորհանդես անելը անհնար է։
- Դուք նաև Կալիֆորնիայի ՀԳՄ հայաստանյաց ներկայացուցչության ղեկավարն եք, որքանով է «Գրական անդաստան» ժողովածուն առնչվում միության հետ։
- Գիրքը բացառապես թատրոնի նախաձեռնությունն է, հաստատված գեղարվեստական խորհրդի կողմից, որի նյութերի հավաքագրման, խմբագրման, սրբագրման և հրատարակչական աշխատանքները իրականացվում է գրական բաժնի կողմից: Սակայն ԿՀԳՄ հետ թատրոնի բարեկամությունը շատ խորը արմատներ ունի։ Միության նախագահ Գարուշ Հարյանցը և փոխնախագահ Աիդա Պողոսյանը թատրոնի գեղխորհրդի պատվավոր անդամներից են։ Նրանց ստեղծագործությունները, ի թիվս սփյուռքի այլ գրչընկերների, ներկայացված են գրքում։ Բացի այդ, երկրորդ հատորի առաջաբանն էլ միության նախագահ Գարուշ Հարյանցն է գրել։
- Ի՞նչ ճանապարհ ունի անցնելու «Գրական անդաստանը»։
- Գիրքը, քանի որ շնորհանդես չեղավ, արդեն ուղարկվել է հեղինակներին, որոնց մեծ մասն արդեն ստացել է իր գրքերը, սակայն պետք է բաժանվի նաև գրադարաններին և ուղարկվի սփյուռք։ Այս մասին ներկայումս վաղ է մտածել, քանի որ գրադարանային համակարգի հետ գործակցությունը ևս ժամանակավոր դադարի մեջ է։
- Քանի՞ հատորից է բաղկացած լինելու «Գրական անդաստան» ժողովածուն և, երբ կարելի է սպասել հաջորդ հատորին։
- Ի սկզբանե գրական բաժնի առաջարկով հաստատվել է չորս հատորյակ և, եթե այլ առաջարկներ չլինեն՝ այդքանով էլ կսահմանափակվի։ Հաջորդ՝ երրորդ հատորի աշխատանքները հեռավար կարգով արդեն մեկնարկել են։
- Ի՞նչ այլ ծրագրեր կան, որոնք նախատեսվում է իրականացնել առաջիկայում։
- Մինչ համավարակի կողմից մեր մշակութային իրականությունը կաթվածահարելը, մի շարք անվանի մտավորականների հետ ակտիվ քննարկումներ ենք վարել, առաջարկ կա ձևավորել նոր հասարակական միավորում՝ միություն։ Մի կազմակերպություն, որը կսինթեզի բազմաճյուղ արվեստի մի քանի ոլորտներ միաժամանակ՝ գրական, բեմական և այլ... Համագործակցության առաջարկներ կան նաև ԱՊՀ երկրների մեր գործընկերների կողմից։ Այս հարցին կանդրադառնանք բնականոն աշխատանքային ռեժիմի վերադառնալուց հետո։
- Թատրոնում միայն գրական բաժինն է գործում. ինչո՞վ է այն զբաղվում՝ ժողովածուն կազմելու գործից զատ։
- Էլի հրատարակչական աշխատանքով: Խոսքը անհատ ստեղծագործողների անհատական գրքերի մասին է։ Կազմում է թատրոնի քաղաքականությունը, արձանագրում տարեգրությունը... Իրականում գրական բաժնի դերը մեծ է բոլոր թատրոններում։
Զրուցեց Արմեն ԵՓՐԵՄՅԱՆԸ