Որ երազներս էլ ժպտան...

ԱՆՁԿՈւԹՅԱՆ ՄԻ ՊԱՀԻ

Երկնքի թախիծը նորից բաժակի պես գետնին կոտրեց պատանեկան տրամադրությունս։ Անտրամաբանական երևույթները  անհանգստացնում են ինձ։ Առօրյաս նորից լցվում է ժամացույցի անտեղի շարժվող սլաքների ձայնով։ Հրամաններ տվողը հիմա իրավիճակն է՝ չի կարելի, չի կարելի, արգելվում է... և այսպես՝ ամեն օր մի նոր բան։ 
 
Ձեռքերս պարզում եմ, ու աչքերս այրվում են արևի տաքությունից։ Մորս ձեռքին ծերացել են ցավերս... 
Ինչպես ասում են՝ մենք միշտ մեր ծնողների համար երեխաներ ենք։ 
 
- Մա՛մ , քունս չի տանում...,- շատ հոգնած ձայնով ասացի մամայիս, բայց արձագանք չեղավ։ 
 
Նորից ներսիս ձայնը խոսեց.
 
- Մա՛մ , լսու՞մ ես , ինչո՞ւ չես խոսում ... 
 
Այս անգամ պատասխան եղավ։ Բազմոցին նստած մայրս ծալում էր երեսսրբիչներն ու շշնջում.
 
- Ի՞նչ խոսեմ, տե՛ս՝ այս սրբիչները ընդհանրապես չեն քնում... տե՛ս քանի  դեմք է չորացնում... տե՛ս քանի  ձեռք է չորացնում... է՜, չէ, ի՞նչ ասեմ ,- հուսահատ ձայնով ասաց մայրս։
 
Արդեն չկարողանալով փակել աչքերս՝ վեր կացա ու նստեցի պատուհանի կողքին։ Դուրս էի նայում... խորհում։ 
 
- Ուզում եմ՝ գիշերը չլինի, ուզում եմ՝ կյանքը միշտ արևոտ լինի, ուզում եմ՝ լույսը շուտ բացվի, ուզում եմ աշխատել ...,- իմ  «ուզում»-ների շարքը շարունակվում էր այսպես, և հանկարծ երկնագույն մի երազ հայտնվեց իմ մեջ, ինչին ես, կարծես թե, սպասում էի։ Ձեռքերիս մեջ պահեցի աչքերիս «ավելորդ» փայլերը։ Նրանք իսկույն նեղացան ինձանից ու... արթնացա... 
 
Մայրս նստած էր աստիճաններին .
 
- Մա՜մա , ի՞նչ ես անում...
 
- Սպասում եմ ։ 
 
- Ու՞մ ես սպասում, մամ,- հեգնանքով հարցրի։ 
 
- Քո երազին եմ սպասում բալաս, քո երազին, որն ինձ համար հարստություն է։ 
 
Ես մտքերով վերադարձա նախորդ երազներիս գիրկը... մայրս ամեն տեղ է, ամեն տեղ ինձ հետ է...
 
Անգույն երազներին դավաճանեցի, որովհետև նրանք ինձ պետք չեն։ Իսկ իմ հաջորդ երազները ինձ ասում են, որ ժպտամ, թե չէ չեն գալու... Նման բան լսած կա՞ք՝ չեն գալու... 
 
Բայց ես ուզում եմ, որ գան... Ես կժպտամ։ Հետո այդ ժպիտը կսրբեմ այն սրբիչներով, որոնք մայրս էր ծալում իմ երազում, որ երազն էլ ժպտա... 
 
 
Վովա ԱՐԶՈւՄԱՆՅԱՆ