ԱՐՎԵՍՏԸ՝ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

Արցախը բաց է բոլոր նրանց համար, ովքեր գալիս են արարելու

Այլ կերպ չես էլ պատկերացնի: Ժամանակի փորձով է հաստատվել՝ մուսաները չեն ընկրկում նույնիսկ թնդանոթների որոտյունից: Վկա՝ մեր Արցախը: ՈՒ պատահական չէ, որ հատկապես նորանկախ այս պետությունում է իրականացվում միջազգային՝ «Արվեստը հանուն խաղաղության» (Arts for Peace) խորագրով միջազգային նոր նախագիծը:
 
Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունն այսօր հայտարարել է մեկնարկի մասին (տեղեկացրել է Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը): 
 
Նախագծի գեղարվեստական ղեկավարն է իտալացի  դաշնակահար, դիրիժոր, Արցախում պատանի երաժիշտների «ՏՆՋՐԵ» միջազգային փառատոնի մասնակից և պաշտոնական նվագակցող (2013, 2015թթ.) Լուկա Ֆերինին, ով պատրաստակամություն է հայտնել իր նպաստը բերելու Արցախում մշակույթի զարգացմանը, մշակութային նոր կապերի ստեղծմանն ու ամրացմանը, արվեստի միջոցով խաղաղության ամրապնդմանը:
 
Ծրագրի մեկնարկը կտրվի վաղը՝ ապրիլի 27-ին, զմայլատես Շուշիում՝  Լուկա Ֆերինիի, սլովենացի ջութակահար Չրտոմիր Շիշկովիչի, կլարնետահար Յոժե Կոտարի և բելգիացի թավջութակահար Սևակ Ավանեսյանի համատեղ համերգով: 
 
Իսկ ապրիլի 30-ին  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում  կայանալիք համերգին հյուրերին կմիանան արցախցի երիտասարդ  երաժիշտները: Համերգներին կներկայացվեն հայտնի դասական և ժամանակակից կոմպոզիտորների  ստեղծագործություններ:
 
Նախագծի շրջանակներում` ապրիլի 28-29-ը Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում կանցկացվեն ջութակի և կլարնետի վարպետության դասեր:
 
Բարի մեկնարկ և հաջող ընթացք՝ նախագծին: