Մանկության լեռնապարը

ԱՅՍՕՐ ՆԱ ԿԴԱՌՆԱՐ 86 ՏԱՐԵԿԱՆ

«Լացն իր լացեց մի ջինջ աղբյուր 
ու ցամաքեց հանկարծ»:
                                              (Վահագն Դավթյան)
 
Դիմացս գյուղն է, գյուղահայաց լեռնապարը՝ այգաբացի կապույտ սարսուռով պարուրված, քիչ հեռվում գողտրիկ մի շինություն է՝ գեղուղեշ ծառերով փակված: Դա գրողի՝ Մուշեղ ԳԱԼՇՈՅԱՆԻ մանկության օրրանն է, ուր ապրել է նա, ուր աղոթել է մայրը՝ հայացքը լեռնապարին հառած:
 
Թռչնի պես ազատ էր նա: Աչքի կապույտ ծովն կանաչագեղ դաշտերում էր դիմավորում արևագալն ու ծրարում մայրամուտը: Մանկան հոգեթով երգին ունկնդիր՝ արձագանքում էին մամռոտ քարերը. խորախորհուրդ բնությունը առինքնել էր նրան՝ ստեղծելով մանկության գունագեղ հեքիաթը: Եվ դա անցյալ է, հիշողություն... Բայց չէ որ անցյալն էլ նույնքան իրական է եղել, որքան ներկան, անցյալն էլ ապրեցնող է, մնայուն: Դրանով է նրա հոգում կաթկթել հայրենի հող ու ջրի քաղցրությունը, և բուռն սիրով սիրել է իր քարեղեն աշխարհը, մայր հայրենին:
 
- Մայր հողը,- ասում էր նա,- մեր ոտքի տակ է ոչ թե տրորելու համար, այլև որպես հենարան, որ պինդ կանգնենք և մեր հենարանը զգանք մեր գլխից բարձր: Այսօրվա հացը մերն է, հողը՝ չծնվածներին, ամուր պահեք այն:
 
Հայրենապաշտ գրողի համար հողը ազգի «արնակիցն» է, տարագիր հայության տունդարձի լուսո փարոսը: Հայրենիքի ուխտյալ զինվորը երբեք չմեղանչեց ճշմարտության առջև, համարձակ դուրս եկավ չարին ընդդեմ՝ հավատարիմ մնալով իր առաքելությանը: «Արարչություն է անանձնական կյանքը: Ֆիդայությունը ապրելու սկզբունք է, կհաղթես, թե կպարտվես, չարի դեմ ծառանալը առաքելություն է: Կգտնես, թե՝ ոչ, հայրենիքի երջանկության ծաղիկ որոնելը հայրենիքի որդու պարտքն է»
 
Գալշոյանը ապրեց այդ սրբազան պարտքի խոր զգացումով, փոթորկուն կյանքով...
Եվ այսօր գրողի ծննդավայրում՝ գյուղում՝ գյուղահայաց լեռնապարն ի վեր, խոյանում է նրա մասին պատմող հուշակոթող... Խռովահույզ պահերը շատ անգամ են նրան բերել այստեղ՝ մանկության սիրած լեռնապարը. նստել է նրա ծաղկազարդ լանջին՝ լեռան պես լուռ ու մտախոհ:
 
Մայր հողի պաշտամունքը, բնության և մարդու անքակտելի կապը նրա ստեղծագործության բոցկլտուն էջերից են, ուր վառվում է նա՝ տիեզերական սիրով լցված, հավերժի ոգու փառաբանությամբ:  
 
Գոհար ՄԱՆՈՒԿՅԱՆ