Ձայնիկդ ի հոգիս

ՀԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՑ…

1980. հոկտեմբերի15-ին չար դիպվածը խլեց  հայ անվանի մտավորական, արձակագիր, լրագրող, հետմահու ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր (1981 թ., «Մարութա սարի ամպերը» ժողովածուի համար) Մուշեղ Գալշոյանի  (Մուշեղ Հովեի Մանուկյան) կյանքը:
 
 «Ավանգարդ» թերթում և «Գարուն» ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, նա գրեց իր առաջին վիպակը՝ «Ձորի Միրոն», որը նրան բերեց հասուն գրողի համարում։ Ընտանիքն ու հարազատներին կորցրած, գաղթական դարձած Միրոն խռոված էր աշխարհից՝ իրենց հետ կատարվածի համար: Աշխարհը չուզեց նրանց պաշտպանել, իսկ իրենք չկարողացան պաշտպանվել։ Եվ արժանապատվություն ունեցող, նահապետական բարձր ավանդույթներով դաստիարակված մարդն այլևս չի ներում իրեն և ուրիշներին իրենց հետ պատահածի համար։ Փախստականի կերպարի այսպիսի մեկնաբանությունը նորություն էր մեր արձակում։
 
Վերջալույս է։ Արևը հանգչում է հորիզոնում՝ հրդեհելով երկնի կապույտը։
 
Բաց պատուհանից հոգեպարար մի երգ է լսվում․․․ Կոմիտա՜սն է՝ բացականչում եմ հիացած՝ անձնատուր հիշողությանս․․․
 
Հիշում՝ Գալշոյանի Կոմիտասը ներկայացնող սքանչելի պատմվածքներից մեկը՝ «Ձայնիկդ ի հոգիս» պատմվածքը և ակամա արտաբերում գրողի՝ մեծերին բնորոշող մտքերը․
 
- Կան մեծություններ, որոնց համար ժամանակը կանգ է առնում։ Նրանց ժամանակը տարիք չունի։ Իսկ եթե, այնուամենայնիվ, գոյություն ունի մի տարիք, դա մարդկության կամ իր ժողովրդի տարիքն է։ Նրանք անցյալի, ներկայի և ապագայի մեջ են, ամեն սերնդի հետ ծնվում են՝ ապրելու և ստեղծելու։ Հավերժի բնակիչներ են նրանք։ Անմեռ ու կենսունակ ծառ՝ անցյալի մեջ երկրի ընդերքը խորացած արմատներով, ներկայի մեջ՝ հզոր բուն ու սաղարթով, ապագայի մեջ՝ ամենամյա աճով․․․։
 
Է՜․․․ տարիներ առաջ էր․ Կոմիտասի երգերի ձայներիզը պիջակի գրպանում, կրծքի վրա էր պահում։ Աղբրակի նման զուլալ-զուլալ, հոգեհմա երգի հնչյունների ամեն ելևէջ հուզում-փոթորկում էր նրան․․․ Բոցավառվում էին կապույտ աչքերը, և միտքը թռչում էր հեռո՜ւ, հեռուներ՝ պեղելու այն դարուղին, որով անցել է հայ դասական երաժշտության հիմնադիր, երգիչ-երգահան, Մեծն երաժշտագետ Կոմիտասը․․․
 
Տարիներ առաջ էր․ նա մեր մեծ գերդաստանից էր, մեզ հետ էր․․․
Ծնողներս գաղթել էին Էրգրից՝ Սասունից։ Մայրս կորցրածը երգի (նա հրաշալի ձայն ուներ) ու արցունքների մեջ էր հիշում, հայրս՝ լուռ որոնումների․․․ Բայց երբ արձակում էր հիշողությունը (հիշողությունը մարդկային նկարագրի կարևոր կողմերից մեկն է), նրա պատմությունները անվերջ էին։ Նստում էր սանդքարին ու․․․
 
Սովորություն էր՝ այգաբացը դիմավորում էր դրսում՝ խոխոջուն առուն բակին կցող կամրջակին՝ արծվային հայացքը մեխած կապո՜ւյտ հորիզոնին։ Նման պահերին ստվերի պես հեռանում էի․ գիտեի՝ Արաքսն անցել է․․․ իրենց Ընկուզասարումն է․․․ Սասնա բարձրիկ սարերում։ Գիտեի՝ հոգին երգում է․ 
 
Կարոտել եմ վաթանիս, հողիս ու ջրիս։
Կռունկ մեր աշխարհեն խաբրիկ մը չունի՞ս․․․
 
Վաղուց էր դա․․․Հորս տեղին-տեղին արված պատմությունների հետ մեկտեղ նա շրջում-որոնում-գտնում էր տարեցներին՝ Էրգրի վերջին մոհիկաններին՝ նրանց պատմությունները լսելու, Էրգրից թռած-էգած ազգագրական երգերը ժողովելու և սիրտն ու հոգին երգերի մեջ՝ առաջինը ինքն էր երգում․․․ երգում ինքնամոռաց, ինքն իր համար․․․
Ի՜նչ սքանչելի էր երգում, ինչ խրոխտ։
 
Այո՛, լսում էր Էրգրի պատմությունները, լսելիս՝ դեմքը շառագունում էր, ջղերը պրկվում էին, լուսալի ճակատը՝ մթնում․․․ Անմեկնելի, հեռավոր մի կարոտ, կորուստ ու թանձրացած թախիծ էր պարուրում էությունը․․․
Այդ տարիներին էլ հյուսվեցին նրա՝ խիստ ինքնատիպ, բազմաբովանդկ, բազմաժանր երկերը։
 
Սքանչելի երկեր, երկեր, որտեղ մարդն ու բնությունն էր, հայն ու հայրենիքը, նրա պատմությունը, ներկան ու անցյալը, ազատության տենչը․․․
 
Երկեր, որոնցում մշտարթուն է Մեծ եղեռնի զոհերի արյան կանչը, կորուսյալ հայրենիքի չքնաղ պատկերը՝ հեռավոր եզերքի տեսիլներով լեցուն․․․
Դա գրողի մխացող ցավն էր, կորցրած հայրենիքի հանդեպ ունեցած այրող սիրո արտահայտությունը։ Ցավ էր և հայրենին լքելը, պանդխտելը, մայր հողին օտարանալը․ արդեն դար ու դարեր՝ հայը ձեռքն է առել պանդուխտի ցուպը և դեգերում է օտար ճամփեքի վրա․․․
 
«Օրը գարնան էր, արևամուտ․․․ Ալիքները հյուսում ու քանդում էին իրենց խուճուճ ստվերները՝ ծովի հատակ սուզելով բուռ-բուռ կարմիր արև․․․
 
Ծովերի ալիքները խառնածին են, ջրերը՝ ծեր․․․ մի օրվա կյանք ունեցող սարերի ջրերը ծով հասնելուն պես ծերանում են․․․ լեռներում ծնված ջրերի տարիքն ու գույնը խեղդվում են ծովում․․․
 
Շոգենավով Պոլիս էին մեկնում նաև իրենց բախտը Պոլսում նո՜ր-նո՜ր որոնող հայորդիներ՝ տարբեր գավառ ու շեներից, տարբեր կածաններով հեռացած՝ թողնելով արտ ու այգի, դարբնոց ու հյուսնոց․․․»։ («Ձայնիկդ ի հոգիս» պատմ․)
 
Հայրենապաշտ գրողի համար հողը մայր է, նրան լքելը՝ մեղք է։
«Աշխարհք հող ու ջրից անուշ բան չկա։ Մարդու ուժը իր հողի մեջն է։ Քանի հողը չեն խլել ոտանց տակեն, մարդն անպարտ է, խլեցին՝ գերի է․․․ Էրգրի ու հողի կորուստը ծանր կորուստ է»։ (Մ․ Գալշոյան)
Ինչ կաներ Գալշոյանը, եթե ապրեր, ապրեր ազգային զարթոնքի, արցախյան գոյամարտի ծանր տարիներին։ Եթե ապրեր․․․ նա այդ գոյամարտի առաջին զինվորն ու առաջին զոհը կլիներ․ նրա խիզախումը սահման չուներ՝ խոսքի և գործի մեջ․․․
 
Եթե ապրեր․․․ Չապրեց այդ օրերին, ապրեց ժամանակի մեջ, մնաց՝ իր հինավուրց ժողովրդին թողնելով գրական բացառիկ արժեքների մի հարուստ աշխարհ, մի կապո՜ւյտ աշխարհ․․․ տիեզերական մեծ սեր և պայծառ գալիքի հավատ․․․
 
Սերունդներին՝ «Զարթնի՝, լաո՝, մեռնիմ քըզի» երգն երգեց ու անցավ․․․
 
Այսպես ապրեց․․․․
 
Գոհար ՄԱՆՈՒԿՅԱՆ