Արվեստ առանց սահմանների

Կիպրոսի Լառնակա քաղաքում հունիսի 1-10-ը տեղի է ունեցավ «Art without Borders» Արվեստ առանց սահմանների խորագրով նախագիծը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Հունաստանի, Իտալիայի, Թուրքիայի, Ռուսաստանի և Կիպրոսի հնգական երիտասարդ արվեստագետներ: Նախագիծը իրականացվել է «ERASMUS+» երիտասարդների փոխանակման ծրագրի շրջանակներում՝ Կիպրոսի Ազգային գործակալության աջակցությամբ: Նախագծի Հայաստանյան համակարգողն է Երջանիկ երիտասարդություն ՀԿ-ն:
 
Այս երկրների երիտասարդներին միասին հավաքելու գաղափարը ծնվել է նրանից, որ այդ երկրներն ունեն որոշակի դժվարություններ իրենց սահմանների վերաբերյալ, իսկ նպատակը՝ արվեստը, որպես մասնակիցներին միավորող միջոց օգտագործելով,  ցույց տալ, որ նրանք կարող են խոսել արվեստի լեզվով:
Համակարգողները մասնակիցներին պատահականորեն, այլ ոչ թե ազգային խմբերով տեղաբաշխելով սենյակներում, լավ հնարավորություն ստեղծեցին հաղորդակցվել և համագործակցել նախագծի հենց սկզբից: 
 
Ծրագրի ընթացքում մասնակիցներն այցելեցին տեղական ՀԿ-ներ Նիկոսիայի բուֆերային գոտում, որը գտնվում է հունական և թուրքական հատվածների միջև, ծանոթացան նրանց խաղաղասիրական ծրագրերին, գործունեությանը։
     
Ավանդական արվեստի, արհեստների և ընդհանուր առմամբ երկրների ներկայացումներով՝ մասնակիցներն ավելի խորը պատկերացում ստացան միմյանց ավանդույթների և ապրելակերպի մասին:
 
Յուրաքանչյուր երկիր արվեստի և արհեստի տեխնիկաների ներկայացման և միասնաբար ստեղծագործելու նպատակով կազմակերպեց աշխատարան: Դրանց ընթացքում վրացական թիմը իրականացրեց շապիկների դիզայնի և նկարչության աշխատարան, ռուսները ներկայացրեցին կեչու ծառի կեղևից ավանդական ապարանջանների պատրաստումը և կավից քանդակների ստեղծումը, իտալացիները իրականացրեցին իտալական նկարիչների գլուխգործոցների ժամանակակից ինտերպրետացիան ինտերակտիվ ձևով, հույները ցուցադրեցին նկարչություն սև ներկապատ կտավների քերծելու միջոցով: Հայկական թիմի հետ մասնակիցները կտորի վրա նկարեցին հայկական զարդանախշերով գունագեղ գորգ, իսկ թուրքական թիմը ցույց տվեց Էբրուի հինավուրց արվեստը, որի ընթացքում մասնակիցները ստեղծեցին վերացական նկարներ ջրի վրա:
 
Այս բովանդակալից սեմինարներին հաջորդեցին բազմաբնույթ մշակութային րնթրիքներ, որոնց ընթացքում մասնակից թիմերը ներկայացրեցին իրենց ուտեստները և ըմպելիքները: Սկսած իտալական մակարոնեղենից մինչև հունական տզատզիկի, թուրքական Էզոգելին ապուր ու հայկական հաճարով սնկով փլավ, վրացական լոբիոյից մինչև ռուսական ակրոշկա՝ բոլորը մասնակիցների ձեռքով պատրաստված: Մասնակիցները ծանոթացան այլ երկրների խոհանոցներին և գնահատեցին միմյանց խոհարարական հմտությունները:
 
Ծրագրի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն էր, որ սահմանային տարաձայնություններ ունեցող երկրների մասնակիցները, որոնք կարող էին միմյանց հանդեպ բացասական կարծրատիպեր ունենալ, աշխատել են որպես մեկ թիմ, միասին հաղթահարել են դժվարություններ: Ավարտին մասնակիցները հանդես եկան նոր նախագծերի գաղափարներով և համագործակցության առաջարկներով, որոնք բոլորը ընդունեցին բաց սրտով, դե իսկ արվեստագետները միմյանցից բաժանվել են միասնության զգացումով և քաջալերված են խաղաղության տարածման և առկա դժվարությունները լուծելու համար երկխոսելով։