Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի


Արշակ Չոպանյանն իր հոդվածում գրում է. «Էջմիածնայ այդ միաբանը Փարիզ էր եկած քանի մը շաբաթ մնալու և ֆրանսիական ոստանին երաժշտական շարժման վրայ մօտէն գաղափար կազմելու»:
XX դարի սկզբին Փարիզում էր թևածում ազատության ու նոր գաղափարների շունչը, Փարիզում էին կենտրոնացած ժամանակի առաջադեմ մտավորականները: Կոմիտասը նպատակ ուներ այնտեղ հրատարակել հայ գեղջուկ երգի հիմքով դաշնակած իր ստեղծագործությունները: Վարդապետը ձգտում էր լայն ու առաջադեմ լսարանին ծանոթացնել հայ երաժշտությանը, մարդկային հոգու խորքերը հասնող իր արվեստին, ձեռնարկում էր հրատարակել իր ստեղծագործությունները:
Փարիզում վարդապետին շրջապատում են այն երաժշտագետներն ու մտավորականները, ովքեր ունեին գիտական և ստեղծագործական հետաքրքրությունների նույն շրջանակը: Նա ֆրանսիացի վարպետներ և երաժշտասերներ Սեն-Սանսին, Շառլ Պորտին, Դյուվալին և Պիեռ Օբրիին ծանոթացնում է «Հայ յեկեղեցական յեղանակները» և «Հայոց յեկեղեցական յերաժշտությունը ԺԹ դարում» իր աշխատություններին: Ֆրանսիացի երաժշտագետները հիացած էին Կոմիտասի ծրագրերով և խորհուրդ են տալիս շարունակել սկսած գործը:
Կոմիտասը Փարիզ վերադարձավ 1919 թ., բայց այս անգամ վարդապետին ընդունեցին ոչ թե համերգասրահները, այլ հոգեբուժարանները: Եղեռնի ահասարսուռ տեսարանները ցնցել էին արվեստագետի զգայուն ներաշխարհը, Կոմիտասն աքսորից վերադարձել էր հոգեկան ծանր ապրումներով, բայց միայն վերջերս պարզվեց, որ նա հոգեկան հիվանդ չէր: Փարիզաբնակ հայերը նրան տեղափոխեցին Ֆրանսիայի մայրաքաղաք, և քսան երկար ու ձիգ տարիներ մաքառելուց հետո Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում հայ երաժշտության հանճարը կնքեց իր մահկանացուն:
Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն գրել է. «Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի…»։
Վարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ