Նարեկացու տաղերն ապրում են և ապրեցնում

Տաղերը հանդիսանում են X դարում հասարակության մեջ տարածված հումանիստական տրամադրությունների ցայտուն արտահայտությունը՝ իրական կյանքի ժխտման կրոնական ոգուն հակառակ մարդու մարմնական գեղեցկության, ինչպես և զգացմունքների պատկերումը։
Գրքույկում զետեղված են Գրիգոր Նարեկացու այն վեց տաղերը՝ «Տաղ Հարության», «Մեղեդի ծննդյան», «Տաղ Սուրբ Խաչին», «Մեղեդի Հարության», «Տաղ Խաչի Վերացման», «Տաղ Վարդավառի» և «Փառք Քրիստոսի ամենազօր յարութեանն» միակ շարականը, որոնք հայ կոմպոզիտորները տարիներ ի վեր յուրովի մշակել և կիրառել են իրենց երգարվեստում։
Ինչպես գրել է Վալերի Բրյուսովը. «Նարեկացու տաղերի մեջ իրար են միանում հոգեկան ոգեշնչումն ու բանաստեղծական իսկական ոգևորությունը, և նրա շատ այլաբանություններ մնում են սքանչելի՝ անկախ իրենց աստվածաբանական մեկնությունից»։
«Նարեկացի» արվեստի միության այս հրատարակությունում տաղերը ներկայացված են գրաբար և աշխարհաբար՝ բացառությամբ շարականի և «Տաղ Սուրբ Խաչին» տաղի։

«Տաղեր» գրքույկի երգերի մեկնության և բազմաձայնման հեղինակը Դանիել Երաժիշտն է, խմբագիրը և նկարազարդման հեղինակը՝ մանրանկարչուհի Լիլիթ Վարդումյանը:
Յուրաքանչյուր տաղից առաջ Դանիել Երաժշտի մեկնություններն են «Հաւուն, հաւուն», «Ահեղ ձայնս», «Աչքն ծով ի ծով», «Հաւիկ մի պայծառ տեսի», «Վարդավառին» տաղերի թաքնված իմաստի ու բովանդակության մասին, քանզի Նարեկացու մոտ ամեն ինչ հսկայական է տիեզերքի չափ:
Գրքույկում զետեղված են շարականի և տաղերի նոտաները, ինչպես նաև ձայնասկավառակ՝ Գևորգ Հունանյանի (տենոր) «Սայլն այն իջանէր», «Աչքն ծով ի ծով», «Հաւուն, հաւուն», «Շարական» և Աննա Մայիլյանի «Գոհար վարդն», «Ահեղ ձայնս» անզուգական կատարումներով:
Այսպիսով Նարեկացու տաղերն ապրում են և ապրեցնում…
Գրիգոր Նարեկացին Տիեզերական եկեղեցու 36-րդ վարդապետն է, երկրորդը՝ Արևելքից:
-Միակ հանճարը, որ կարողացավ
Ամենապարզը դարձնել խոր-խորհուրդ…
Եվ այդ բերքի մեջ, մեզ համար սփռված,
Մենք հանց մեղուներ, իր ոսկեփոշուց
Նեկտար ենք քաղում:
Բալմոնտ
Վարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ