Մեկնարկում է «Տարածիր ԱՐՎԵՍՏ» արշավը
ԱՅՆ ՄԱՏՉԵԼԻ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հիմնադրամի առանձնահատկություններից է նաև սոցիալական արվեստի ճյուղի զարգացումը Հայաստանում։ Գնահատելով արվեստի անժխտելի ուժը որպես ազգային ոգեշնչման և ներուժի զարգացման աղբյուր՝ Էյվա արվեստների հիմնադրամը կյանքի է կոչում այնպիսի նախագծեր, որոնք նպաստում են արվեստի ժառանգության պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը։
Վաղը՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 19:00-ին, ՀԲԸՄ Երևանյան գրասենյակի ցուցասրահում Էյվա արվեստների հիմնադրամը «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համատեղ կազդարարեն «Տարածիր Արվեստ» կրթամշակութային արշավի մեկնարկի մասին, որի նպատակն է Հայաստանի և Արցախի խոցելի համայնքների 11,000 դպրոցականների շրջանում խթանել արվեստի կրթությունը, նպաստել հայկական արվեստի ճանաչմանն ու տարածմանը:
Միջոցառման ընթացքում տեղի կունենա ԱՐՎԵՍՏ խաղ-գրքի անգլերեն և արևմտահայերեն տարբերակների շնորհանդեսը՝ տարածելով հայկական արվեստը նաև աշխարհասփյուռ հայ համայքներում և կրթօջախներում, ինչպես նաև համաշխարհային հանրության շրջանում։
«Տարածիր Արվեստ» կրթական արշավի ընթացքում խաղային անմիջական և ազատ ինքնարտահայտմանը նպաստող միջավայրում երեխաները կբացահայտեն հայ նկարիչների յուրօրինակ աշխարհը, կճանաչեն հայկական լեռնաշխարհը, պատմությունը, բնությունը, հայի կերպարը արվեստագետների աչքերով։ Այդ նպատակով նախատեսվում է նվիրաբերել ավելի քան 500 ԱՐՎԵՍՏ խաղ-գրքեր Հայաստանի 6 մարզի և Արցախի 85 դպրոցներին («Դասավանդի’ր, Հայաստան» շահառուներ)՝ թիրախավորելով շուրջ 11,000 և ավելի երեխայի։
Մեկ տարի առաջ Էյվա արվեստների հիմնադրամը նախաձեռնեց արվեստը խթանող խաղայնացված կրթական նյութերի մշակում և հանրայնացում՝ հաշվի առնելով այն մեծ բացը, որն առկա է այսօր․ այն է՝ արվեստի վերաբերյալ երեխայակենտրոն, մատչելի ուսումնաօժանդակ նյութերի հասանելիություն։ ԱՐՎԵՍՏ խաղ-գիրքն առաջինն էր, որն առավել մատչելի, պատկերավոր և երեխաների համար գրավիչ ձևաչափով ներկայացրեց 19-20-րդ դդ․ հայ 12 մեծանուն նկարիչներին` Հակոբ Հովնաթանյանից մինչև Մինաս Ավետիսյան, և նրանց հայտնի գործերը։ Խաղ-գիրքը յուրահատուկ ձեռնարկ է երեխաների մոտ ձևավորելու արվեստը, առավելապես հայկական արվեստը, գնահատելու կարողություն, ինչպես նաև խթանելու ճաշակը, ստեղծարար միքտը, ընդլայնելու մտահորիզոնը։ Գիտականորեն ապացուցված է, որ արվեստը ոչ միայն գիտելիք է, այլև միջոց, որը խթանում է երեխաների ակադեմիական առաջընթացը տարբեր բնագավառներում։
Խաղով հագեցած ուսումնական միջավայրում, «Դասավանդի’ր, Հայաստան»-ի երիտասարդ ուսուցիչների ուղեկցությամբ, երեխաները ոչ միայն կծանոթանան հայկական արվեստի ամենավառ ներկայացուցիչներին, այլև ձեռք կբերեն թիմային աշխատանքի, հաղորդակցման, բանակցային, համագործակցության հմտություններ։ Արվեստի ուսուցման խաղայնացումը վերափոխում է դասարանում թեմայի ներկայացման ավանդական մոտեցումը՝ առաջարկելով խաղային, անմիջական և երեխայակենտրոն միջավայր, որը նպաստում է և’ գիտելիքի, և’ կարողությունների ձեռքբերման արդյունավետության բարձրացմանը։
ԱՐՎԵՍՏ-ի մատուցման մատչելիության ու խաղային ձևաչափի շնորհիվ, ԱՐՎԵՍՏ խաղ-գիրքը կարճ ժամանակում և մեծ հաջողությամբ սկսեց կիրառվել մի շարք կրթական հաստատությունների կողմից (մշակութային, արվեստի կենտրոններ, դպրոցներ, մանկապարտեզներ) Երևանում և մարզերում։ Խաղի քարտային ճկուն ձևաչափը թույլ է տալիս այն կիրառել ինչպես արվեստին և մշակույթին հատկացված դասերի, այնպես էլ առարկայական այլ դասաժամերի, ինչպես օրինակ՝ օտար լեզուների ուսուցման ընթացքում։ Վերջերս ԱՐՎԵՍՏ խաղ-գիրքը ճանաչվեց և հաստատվեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից որպես ուսումնադիդակտիկ նյութ։
«Տարածիր Արվեստ» արշավին արդեն իր աջակցությունն է հայտնել «100 տարի, 100 փաստ» հիմադրամը, որի շնորհիվ շուտով 100 խաղ հասանելի կդառնա «Դասավանդի’ր, Հայաստան»-ի շահառու մի շարք մարզային դպրոցներին։ Արշավին կարող են միանալ բոլոր շահագրգիռ կազմակերպությունները, ընկերությունները, անհատները՝ աջակցելով արվեստի հասանելիությանն ու տարածմանը Հայաստանի առավելապես խոցելի համայնքների դպրոցականների շրջանում։
Սույն արշավի սկիզբն ազադարարվում է Եվրամիության աջակցությամբ իրականացվող «Կամուրջ ՔՀԿ-երի համար» ծրագրի շրջանակներում։