«Կին՝ նշանակում է կյանք»
«ՀԱՅՈՑ ԹԱԳՈՒՀԻՆԵՐ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ
Փաստավավերագրական ֆիլմի համար յուրօրինակ լսարան էր ընտրված՝ ավագ դասարանների աշակերտներ. մարդիկ, ովքեր հատելով դեռահասության շեմը՝ քայլ առ քայլ բախվելու են ֆիլմում արծարծված խնդիրներին։
Ֆիլմը նվիրված է մեր թագուհիներին, կին ազգային գործիչներին, ազատագրական պայքարի հերոսուհիներին և հայ կնոջ ավանդական կերպարին։
- Կինն ու կյանքը նույն արմատի բառեր են․ կին՝ նշանակում է կյանք, կինն աստվածուհի է, իսկ աստված՝ կին,- հնչում է «Հայոց թագուհիներ» ֆիլմում։
Կինոնկարում հայ կնոջ կերպարն ուսումնասիրվում է տարբեր ասպարեզներում՝ անցյալից հայացք հառելով դեպի ներկա։
Կինոռեժիսորը հայ կնոջ կերպարի ուսումնասիրությունը սկսել է Անահիտ դիցուհուց՝ հասնելով մինչև մեր օրեր։
«Հայոց թագուհիներ» ֆիլմը նվիրված է պատմության մեջ կնոջ ունեցած դերակատարմանը, այն յուրօրինակ պատմություն է հայ կնոջ մասին, ով, ինչպես ֆիլմում է ասվում՝ ծնվում է թագուհի, ապրում և մահանում է որպես ստրկուհի։
Ֆիլմում բարձրաձայնվող առանցքային շեշտադրումներից է նաև սեռով պայմանավորված հղիությունների ընդհատումները։ Պարզվում է՝ Հայաստանում այդ ցուցանիշը շատ բարձր է։
«Հայոց թագուհիներ» ֆիլմում սուր քննադատության են առնվում հարյուրամյակներից եկող և մինչ օրս շարունակվող կանանց կեղեքումը, ստորադասումն ու անտեսումը։
Ըստ կինոռեժիսորի՝ պատմությունն առհավատչյան է այն իրողության, որ մայրիշխանության ժամանակաշրջանը բարգավաճման, սիրո, խաղաղության և երջանկության ժամանակաշրջան էր։
Ֆիլմը ավարտվում է պայքարի նոտայով. պայքար, որ կանայք մղում են իրենց իսկ իրավունքների պաշտպանության համար։
- Տղամարդու գոյության իմաստը կինն է,- իր խոսքում նշեց Խզմալյանը՝ համոզմունք հայտնելով, որ յուրաքանչյուր կին ի ծնե թագուհի է։
Ցուցադրության ավարտին Ստեփանավանի մշակույթի և ժամանացի կենտրոնի տնօրեն Հասմիկ Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց կինոռեժիսորին՝ ֆիլմը ստեփանավանցի հանդիսականին հասցնելու և մեզանում նոր ձևավորվող ինքնագիտակցության հիմնաքար դառնալու համար։
Մարգարիտ ՍԱՔՈւԼՅԱՆ