ԿՓՐԿԵ՞ՆՔ, ԹԵ՞ ԿՇԱՀԱԳՈՐԾԵՆՔ

Տանդ դուռը բաց մի թող ու գողերին մի՛ մեղադրիր

 

Նորահայտ չէ քարանձավների պահպանության խնդիրըԲնապահպանները նախորդ տարիներին էլ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրում էին այս խնդրի վրա: Ու հիմա ՀՀ  մշակույթի նախարարությունը  քարանձավները, որպես մշակութային արժեքներ,փրկելու համար որոշել է  դրանք վարձակալության  տալ:

Մարտի 28-ից պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթ է հայտարարվել:  5 տարով  վարձակալության են  տրվելու  «Մագելանի», «Թռչունների», «Արջի»,  «Մոզրովի»,  «Քարե դռներ»  քարանձավները: Հայտերը պետք է ներկայացնել հայերեն՝ մինչև 2017թ. մայիսի 12-ը:

 

Առաջին հայացքից, թվում է, թե անհանգստանալու  պատճառ չկա: Բայց, լսելով քարանձավագիտական կենտրոնի ղեկավար Սամվել Շահինյանի   մտահոգությունները՝ ակամա սկսում ես անհանգստանալ: Ըստ նրա՝  նախարարության այս ծրագրով  քարանձավները ոչ թե օգտագործվելու, այլ շահագործվելուեն:

Ավելին, ծրագրով նախատեսվում է  քարանձավների հանդեպ հետաքրքրությունը մեծացնել՝ դրանց  մոտակայքում ենթակառուցվածքներ ստեղծելով: Օրինակ,  զբոսաշրջիկի համար քարանձավ այցելելն ավելի գայթակղիչ դարձնելու համար դրա  մոտ պետք է կառուցել սրճարան,  ռեստորան: Դա ևս վատ չէ: Բայց մասնագետի անհանգստությունն այն է, որ  մրցույթում շահողները կխոստանան ապահովել բոլոր պայմանները, մինչդեռ կկենտրոնանան միայն իրենց ռեստորանների ու սրճարանների վրա: Իսկ քարանձավները կմնան նույնքան անխնամ. գուցե նույնիսկ՝ վտանգված:

Իհարկե, նախարարության ծրագրում այնպիսի  բնապահպանական պայմաններ են առաջ քաշված, որ դրանց  կատարման համար  ծրագրի շահողը պետք է բանակցի բնապահպանների հետ:  Արդյո՞ք   տնտեսվարողն ու բնության պահպանության ջատագովները կկարողանան մեկ միասնական հայտարարի գալ. ահա այս հարցն է մնում օդում կախված՝ մեր իսկ փորձը հաշվի առնելով: Բացի այդ՝ եթե անգամ համաձայնության գան, դրա համար  որոշակի ժամանակ  պետք կլինի: Ըստ քարանձավագիտականկենտրոնիղեկավարի՝ առնվազն 18 ամիս է պետք՝ այդ հարցերը լուծելու համար:  Իսկ քարանձավների պահպանության համար գրեթե ամեն օրը նշանակություն ունի: 

Պետք է նաև նկատի ունենալ, որ  Մշակույթի նախարարության ծրագրում մատնանշված բնապահպանական խնդիրները, ըստ Սամվել Շահինյանի, փոքր-ինչ արհեստական են: Զարմանալի է, որ նախարարությունը բնապահպանների գնահատականը  մասնագիտական կարծիք է համարել:

Մեկ մտահոգություն ևս: Ծրագիրը կարող է շահել այնպիսի  տնտեսվարող, որը բանկում մեծ գումար ունի, որից մեկ դրամ անգամ չի ծախսել: Հայաստանում դժվար է  այդպիսի քաղաքացի գտնել, ով հետաքրքրված կլինի քարանձավների պահպանությամբ: Գուցեև կա այդ մեկը, ով պատրաստ է ընդունել ու կատարել բոլոր պահանջները:

Չի բացառվում, որ բնության արժեքների պահպանության ոլորտն էլ թերևս կարող է ինչ-որ մեկի մենաշնորհը դառնալ:  Եթե անգամ այդպես լինի, պատկան մարմինները՝ Մշակույթի ու Բնապահպանության նախարարությունները հետամուտ պետք է  լինեն բնության արժեքներն աչքի լույսի պես պահպանմանը: Այլապես հույս դնել մերօրյա  բիզնեսմենների  խղճի ու բարոյականության վրա, նույնն է՝ թե տանդ դուռը բաց  թողնես, ապա մեղադրես գողերին: