«Հայրս մեռավ «Հայ» բառը շուրթերին»

ԽՆԿԱՐԿՈՒՄ ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Եվրոպական ժառանգության օրերի միջոցառումների շրջանակում «Կիսվելու արվեստը» խորագրի շրջանակներում տպավորիչ ցերեկույթ էր կազմակերպվել Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանում՝ «Եվրոպայի միակ հերոսը՝ Ֆրիտյոֆ Նանսեն» խորագրով:
 
Բանախոսը՝ Ֆրիտյոֆ Նանսեն թանգարանի գիտաշխատող Անահիտ Վարդանյանը ներկայացրեց Մեծ մարդասերի գիտական և մարդասիրական գործունեությունից հատվածներ, Ազգերի լիգայում որպես փախստականների գծով գերագույն հանձնակատար նրա հսկայան նվաճումները, 2011թ-ին Մեծ մարդասերի ծննդյան 150 ամյակին նվիրված Երևանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառումներն Հայաստանում և Արցախում:
 
Նորվեգիայի նշանավոր բևեռախույզ, մեծ մարդասեր, խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենը բացառիկ ներդաշնակությամբ զուգակցում էր մեծ գիտնականի, հասարակական գործչի ու մարդասերի լավագույն հատկանիշները: Նանսենն առաջինն էր, որ չքավորին օգնության ապահովումը կարեկցանքի աստիճանից հասցրեց գործնական քաղաքականության, իսկ սովորական անձնական բարեգործությունը՝ պետական ակտի մակարդակի:Նրա պայքարը հանուն մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության, փոխեց դիվանագետների ու քաղաքագետների տեսակետը իրենց սեփական գործունեութան նկատմամբ և ստեղծեց նոր չափանիշներ միջազգային քաղաքականության մեջ:
 
- Մերձավորին սիրելը միակ ռեալ հնարավոր քաղաքականությունն է,- պնդում, հորդորում, ուսուցանում էր Ֆրիտյոֆ Նանսենն իր մարդասիրական ողջ առաքելության ընթացքում: 
 
Նրա օգնութան կոմիտեի նախաձեռնությամբ մոտ յոթ միլիոն մարդկային կյանք փրկվեց սովից Վոլգայի ավազանում, որպես Ազգերի լիգայի գերագույն հանձնակատար նա օգնեց, որ Հունաստանի կառավարությունն ստանա միջազգային խոշոր փոխառություն՝ փախստականների համար տներ կառուցելու համար: Եղեռնից մազապուրծ 320 000 հայեր Նանսենյան անձնագրերով ստացան նոր կյանքի և գոյության պահպանման համար հենակետ: Նրա «Խաբված ժողովուրդ» աշխատությունը Հայ Դատի հենասյուներից է, Հայաստանին և հայ Ժողովրդին նվիրված լավագգույն գրքերից մեկը: 
 
- Հայրս մեռավ «Հայ» բառը շուրթերին, նա այնքան սիրում և սքանչանում էր հայ ժողովրդով,- հետագայում խոստովանել է Նանսենի դուստրը՝ Լիվ Հեոյեր- Նանսենը: Այսքանից հետո պատահակն չէր, որ մի օր մեր հանրապետությունում պիտի ծնվեին Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամը և թանգարանը, որոնց գործունեությունն առաջին հերթին նվիրված է մեծ մարդասերի ժառանգության տարածմանը: 
 
Ֆրիտյոֆ Նանսենի քաղաքական և հասարական գործունեությանը անդրադարձավ ՀԳՄ քարտուղար բանասիրական գիտությունների դոկտոր Պետրոս Դեմիրճյանը, բանաստեղծ, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը, խոսքով և իրենց բանաստեղծություններով հանդես եկան բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանը և բանաստեղծուհի Նոնա Պողոսյանը: 
 
Խոսուն է բանաստեղծուհի Նոնա Պողոսյանի հետևյալ գրառումը թանգարանի և ցերեկույթի մասին.
 
- Ամեն անգամ այստեղ գտնվելիս ինձ համակում է անպատասխան երախտագիտության մի զգացում...
 
Շնորհակալություն նանսենյան «ներկայության» նվիրյալներին՝ ի դեմս Ֆելիքս Բախչինյանի, Հ. Խաչատրյանի, Ա. Վարդանյանի, Է. Վարդանյանի, բանախոս Պ. Դեմիրճյանին, ով ներկայացրեց Նանսենի կյանքի ու գործունեության նոր ու հետաքրքիր մանրամասներ, Գ. Դավթյանին ու Մ. Գրաբսկուն՝ գեղեցիկ խոսքերի ու ստեղծագործությունների համար...