Նա միշտ նորի որոնողն էր

«ՍԱՐՅԱՆԸ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՆ»

Վաղը՝ սեպտեմբերի 19-ին, Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կբացվի «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը:
 
Մ. Սարյանի Փարիզում եղած ժամանակաշրջանը (1926 թ. հուլիս – 1928 թ. հունվար) առանցքային, և մինչև օրս ոչ լրիվ բացահայտված, նշանակություն է ունեցել նկարչի ճակատագրում: Նա, ով միշտ նորի որոնողն էր, 1921-1926 թթ. անցել է ստեղծագործական մի շրջան, որը կապված էր հայրենիքի վերածննդի թեմայի հետ, որը, կարծես, Երևանից մեկնելուց առաջ արդեն լրիվ բացահայտվել էր, և նա զգոււմ էր գեղանկարչության իր դիտարկումներում նորի անհրաժեշտությունը: Ապրելով հայրենիքից հեռու՝ նա շարունակում էր գտնվել հարազատ բնության տպավորությունների ներքո:
 
Ցուցահանդեսում առաջին անգամ կցուցադրվի Վարպետի հայտնի «Գազելներ» կտավը՝ Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուից, ինչպես նաև՝ «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» կտավը (1927 թ.)։ Վերջինի ցուցադրումը մեծ իրադարձություն է, քանի որ այն 90 տարի անց առաջին անգամ է ցուցադրվելու Հայաստանում:
 
Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. նոյեմբերի 14-ը: Այն մեկ անգամ ևս մի փորձ է՝ ներառելու Մարտիրոս Սարյանի անունը համաեվրոպական մշակութային համատեքստում: