Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը դարձյալ կհյուրընկալի «Հեքիաթի դեսպաններին»
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ 14-ՐԴ ՏՈՆԱՎԱՃԱՌԸ»
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «IBBY Հայաստանի» և «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը փետրվարի 17-21-ը կազմակերպում է «Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառը», որին կմասնակցեն ՀՀ մի շարք հրատարակչություններ և գրքին առնչվող կազմակերպություններ:

Տոնավաճառի շրջանակում տեղի կունենա գրքի ցուցահանդես-վաճառք, անհատական և խմբային այցելություններ, զրույցների, տեսությունների շարքեր, «Տարվա հոբելյարներ», «Երևանը և երևանցիները» խորագրերով էլեկտրոնային ծանոթացումներ, երաժշտական խմբային ունկնդրումներ, էքսկուրսիաներ, մուլտֆիլմերի դիտումներ, բարձրաձայն և ընտանեկան ընթերցանություն:
Մշակութային ծրագրում կիրականացվեն գրադարանի հեղինակային «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեքիաթապատումները, որոնց ընթացքում օտարազգի դիվանագետները և հայ անվանի արվեստագետները փոքրիկներին կներկայացնեն համաշխարհային և ազգային հեքիաթներ:
Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, կշեշտադրվի «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան, որի ընթացքում սահմանվելիք 20% զեղչով գնված նախընտրելի գիրքը կարելի է ընծայագրել հայ զինվորին: Օրվա խորհրդին համահունչ՝ նախատեսվում են թումանյանական մոտիվներով մուլտֆիլմերի դիտումներ, վիկտորինա, գրական խաղեր, ունկնդրումներ՝ «Թումանյանը երգերի մեջ» խորագրով: