Դարեր հաղթահարած, դարերի հետ խոսող
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻՆ 800 ՏԱՐԵԿԱՆ Է
Դարեր շարունակ հայոց գոյի միակ պատվարը հայ եկեղեցին է եղել, որտեղ կերտվել է հայի տեսակն ու դիմագիծը՝ զերծ ժամանակի եղծարարումից: Հայոց դարավոր պատմության փաստական էջերն առհավատչյան են, որ հայի ինքնությունը, լեզուն, մշակույթն ու դպրությունը դարձան այն վեմը, որի վրա հառնեց հայոց պետականությունը:
Աստվածահաճո այդ օրը համըկավ երիտասարդների սիրելի Սուրբ Սարգիս Զորավարի տոնակատարության հետ: Ստեփանավանի համանուն եկեղեցում, օրհնությամբ Գուգարաց թեմի առջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, անցկացվեց մեծ տոնակատարություն՝ նվիրված 800-ամյակին և Սուրբ Սարգիս Զորավարի տոնին:
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, այլ պաշտոնատար անձինք և հավատացյալներ։
Ջալալօղլու (Ստեփանավան) ծխական դպրոցը հիմնադրվել է հեռավոր 1880-ին: Շրջանի դպրության միակ օջախը դարձած եկեղեցին իր ամրակուռ պատերի ներսում տարիներ շարունակ պատսպարել է անօգնական, քաղցած և որբ մեծ ու մանուկի:
Հայաստանի ամենահին եկեղեցիներից մեկը՝ Ստեփանավանի Սուրբ Սարգիսը կառուցվել է 1780-ականներին՝ նախկին մատուռի հիմքի վրա, որը գոյություն է ունեցել դեռևս 13-րդ դարում: Այդ մասին է վկայում եկեղեցու արևելյան պատի արտաքին մասում տեղադրված խաչքարի վրա եղած արձանագրությունը, որը 1217 թվականը հիշատակում է որպես մատուռի կառուցման տարեթիվ: Եկեղեցու չորս կողմի պատերի մեջ, ներսից ու դրսից, տեղավորված են վերոհիշյալ մատուռի մաս կազմող ութ գեղեցիկ խաչքարերը: Այնուհետև,1958թ. ապրիլի 2-ին, Մայր Աթոռի միջոցներով այն վերնորոգվել է և օծվել Վարդան եպիսկոպոսի ձեռամբ ։
2003-2009թթ. եկեղեցում դարձյալ վերանորոգման աշխատանքներ են կատարվել՝ բարերարությամբ Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի։
Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի առաջնորդությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ այդօր մատուցվեց Սուրբ Պատարագ, որից հետո Սուրբ Սարգիս եկեղեցու 800-ամյակին նվիրված խաչքարի և Սբ. Թադեոս և Սբ. Բարդուղիմեոս սրբապատկերների օծում կատարվեց։
800-ամյա եկեղեցու բակում տեղեդրված մեծանիստ խաչքարը Ղարաքեշիշյան ընտանիքի նվերն է Ստեփավանին ու ստեփանավանցիներին։
Արարողության ավարտին եկեղեցու բակում օրհնվեց և բաժանվեց սուրբ մատաղ՝ եկեղեցու խաչքավոր Ալբերտ Ղարաքեշիշյանի միջոցներով։
Այնուհետև ներկաները Սուրբ Սարգիս Զորավարի «ուղեկցությամբ» քայլերթով շարժվեցին Ստեփանավանի Ա. Մարգարյանի անվան Մշակույթի պալատ, որտեղ մեծ հանդիսավորությամբ նշվեց օրվա խորհուրդը:
Ազգային երգ ու պարով, թատերական բեմադրությամբ, ասմունքով, ձեռագործ աշխատանքների յուրօրինակ ցուցադրությամբ տրվեց տոնական օրվա վերջին ակորդը։
Մարգարիտ ՍԱՔՈՒԼՅԱՆ