Մի՞թե Այվազովսկու 200-ամյակը չենք նշելու

Հուլիսի 29-ին լրանում է մեծ ծովանկարչի՝ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակը: Հայաստանում այս մասին դեռևս կարծես թե չեն խոսում, գուցե եթե որոշակի ծրագրեր կան, ավելի ուշ են հանրության ուշադրության կենտրոնում հայտնվելու: Համաշխարհային ճանաչում ունեցող մեր հայրենակցի ծննդավայրում, սակայն, նրան չեն մոռացել: Այնտեղ արդեն Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհուրդի անդամների հետ քննարկում են Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու, նկարչի գերեզմանի և  հարակից տարածքի նորոգման ու պատշաճ տեսքի բերելու ծրագրերը:
 
Թեոդասիայի պատկերասրահի բազմահազար այցելուների համար միշտ էլ հետաքրքիր է եղել այցելել նաև Այվազովսկու գերեզմանին, խնկարկել հիշատակը, էքսկուրսավարի խոսքը լսել: Իսկ էքսկուրսավարն այնպիսի շեշտադրումով էր ասում՝ տապանաքարի վրա «древнеармянским языком написан…» (հին հայերենով գրված է), ասես խոսքը մի չեղած-չտեսնված լեզվի մասին է ու Այվազովսկու հետ ոչ մի առնչություն չունի: 
 
Թե ինչպես են հիմա ամեն ինչ ներկայացնում «քաղաքացիությունը փոխած» ու արդեն առավելապես թաթարաշունչ դարձած Ղրիմում` լավատեսության համար հիմքեր չունենք: Բայց որ այս օրերին Հայաստանում պետք է Այվազովսկու շունչը թևածեր, մշակութային բազմաթիվ միջոցառումներ, ցուցահանդեսներ լինեին, դասախոսություններ կարդացվեին ու գրքեր հրապարակվեին` կասկածից վեր է: Չէ՞ որ նա համաշխարհային հռչակ վայելող եզակի արվեստագետներից էր, ովքեր ոչ միայն չեն ուրանում, որ հայ են, այլև իրենց կյանքն ապրել են որպես արժանավոր հայ: