Խոնարհում քո մեծ տաղանդին, սիրելի Վարպետ

Մշակութային թեմաներով հազվադեպ եմ գրում՝ խռովքը հաճախ թակարդելով հոգուս հեռավոր, չբացահայտված անկյուններում: Բայց հայրենիքից դուրս կատարված մի մշակութային իրադարձություն ցնցեց ինձ՝ ազգային հպարտության ու հուզմունքի միախառնվումով: Ես ինձ գտա ազգայինի ու համամարդկայինի խաչմերուկում, երբ տեղեկացա Ռուսաստանի Նկարիչների միության անդամ Գրիգոր Զալինյանի ցուցահանդեսի մասին, որը հոկտեմբերի 23-30-ը կազմակերպվել է Մոսկվայում՝ Արմեն Ջիգարխանյանի հիմնած թատրոնում:
 
Հայերս յուրահատուկ ժողովուրդ ենք, որովհետև հայրենիքի ընկալումը մեզանում դուրս է ֆիզիկական չափումներից ու ավելի շատ հոգևոր կատեգորիա է: Հայը հայրենիքի գաղափարը իր հետ տանում է հեռուներ, որտեղ ապրում և արարում է՝ ղարիբի կարոտած աչքերը հառելով Հայաստան տանող ճանապարհին: 
 
Ճակատագիրը վանաձորցի հպարտ ու ինքնատիպ նկարիչ Գրիգոր Զալինյանին ու նրա ընտանիքին շատ տարիներ առաջ տարել է հեռավոր Սարատով, որի հյուսիսային սառնությունն անգամ տեղի է տվել Մեծ Վարպետի հոգևոր ջերմության, արարումի առաջ: Զալինյանի ստեղծագործությունները հենց ազգայինի ու համամարդկայինի խաչմերուկում են՝ հոգևոր մեծ խորությամբ, անդադար թռիչքի անսպառ ուժով: Կարծես՝ հենց նրա համար ասված լինեն լինեն ֆրանսիացի մեծ երգահան, երգեհոնահար, դիրիժոր և դաշնակահար Քամիլ Սեն Սանսի թևավոր դարձած խոսքերը՝ 
 
- Եթե արվեստը հայրենիք չունի, ապա արվեստագետները ունեն այն,-ասել է մեծ ֆրանսիացին: 
 
Ու Գրիգոր Զալինյանն՝ իր անզուգական արվեստով, գույների ներդաշնակությամբ, մտքի թռիչքով հաստատել է այս ճշմարտությունը: 
Մեծ Վարպետը արվեստի ու քաղաքացիականության, գեղեցիկի ու կամայինի զարմանալի ներդաշնակություն է, որովհետև վաղ հասակից զրկվել է աջ ձեռքից, սակայն ոչ երբեք՝ հոգու կորովից ու մտքի թռիչքից: 
 
Հոկտեմբերի 20-ին Գրիգոր Զալինյանը բոլորեց իր 70-ամյակը: Ես նրան անձամբ չեմ ճանաչում, բայց նրա կտավների, արվեստի միջոցով հայտնաբերել եմ Մեծ մարդուն, Արվեստագետին: 
 
Ուշացումով՝ շնորհավոր ծնունդդ, Վարպետ: Թող անսպառ լինի երիտասարդական ավյունդ, անընդհատ՝ մտքիդ թռիչքը: Մի օր անպայման կհանդիպեմ քեզ՝ խոնարհումս արտահայտելու համար: