Նուրբ և խորը ստեղծագործություն. Էքզյուպերիի «Մարդկանց երկիր»-ը

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

«Բուկինիստ» գրախանութների ցանցի «Մետրոնոմ» մասնաճյուղում անցկացվեց ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
 
Թեպետ Էքզյուպերին հայ ընթերցողին առավելապես ծանոթ է «Փոքրիկ Իշխան» համաշխարհային բեսթսելերի շնորհիվ, այնուամենայնիվ, այս գործն էլ պակաս արժեքավոր ու հետաքրքրական չէ: Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքում տեղ են գտել հեղինակի՝ տարիների ընթացքում գրված պատմվածքները, խոհագրությունները, հուշերը, որ այստեղ հանդես են գալիս որպես առանձին գլուխներ: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Շուշանիկ Թամրազյանը:
 
Շնորհանդեսի ընթացքում անդրադառնալով գրքին՝ «Էդիթ Պրինտ»-ի հիմնադիր տնօրեն Մկրտիչ Կարապետյանը նշեց, որ այս ստեղծագործությունը վերհանում է մարդկային արժանիքներն ու թերությունները: Նա նաև անդրադարձավ հրատարակչության առաջիկա ծրագրերին՝ նշելով, որ այն լույս կընծայի Էքզյուպերիի մյուս՝ «Գիշերային թռիչքը», «Ռազմական օդաչուն», «Նամակ պատանդին», «Ցիտադել» գրքերը: 25-ամյակը բոլորող հրատարակչությունը պատրաստել է նաև անակնկալներ ընթերցասերների համար.առաջիկայում սպասվում են հետաքրքիր ստեղծագործությունների հայերեն թարգմանություններ: 
 
Ինչպես նշեց «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝
 
- Էքզյուպերին համաշխարհային հեղինակ է, նրան չճանաչող չկա: Նրա գործերն ընթերցում են ամբողջ աշխարհում: Վերջին շրջանում «Էդիթ Պրինտ»-ը մեկը մյուսի հետևից հրաշալի գրքեր է ներկայացնում. շնորհավորում եմ: 
 
Հատկանշական է, որ այս ստեղծագործությունն առաջին անգամ է թարգմանվում բնագրից՝ ֆրանսերենից հայերեն: 
 
- Այս ստեղծագործությունն, ըստ էության, խոհագրությունների, տարբեր տարիներին գրված պատումների, ակնարկների ժողովածու է: Էքզյուպերին դրանք գրել է օդագնացության տարիների ընթացքում: Պատմությունների առանցքում որոնող մարդու ճակատագիրն է, մարդ, որն առավել բարձրի, գեղեցիկի որոնումը կարող է հասցնել մինչև Սահարայի անապատ: Կենսագրական հենքի վրա ստեղծված գործ է և չի կարող չհուզել ցանկացած ընթերցողի,- նշեց գրքի թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանը: 
 
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև ռեժիսոր Վահե Յանի՝ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի մասին պատմող փոքրիկ ֆիլմը: 
Նշենք, որ «Մարդկանց երկիր»-ը լույս է տեսել 1939 թ. փետրվարին: Նույն տարվա մայիսի 25-ին Ֆրանսիայի ակադեմիան Էքզյուպերիի ստեղծագործությունն արժանացնում է արձակ երկի համար սահմանված բարձրագույն մրցանակին: