«Մշակույթը ամենակարճ ճանապարհն է դեպի սրտեր ու հոգիներ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾՆ ՈՒ ԲԱԶՄԱԺԱՆՐՆ ԵՆ ՎԵՐՋԻՆ 25 ՏԱՐԻՆԵՐԻՆ
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Ռուսաստանում անցկացվող Հայաստանի մշակութային օրերն՝ իրենց ձևաչափով, մեծությամբ ու բազմաժանրությամբ, համարում է անկախության տարիներին ամենամասշտաբայինը: Նախարարը նշել է, որ 250 պրոֆեսիոնալ արտիստ է ներգրավված այդ աշխատանքներում (տեղեկացրել է Times.am-y):
- Մշակույթը տարբեր ազգերի փոխհարաբերությունների հենց այն միջազգային լեզուն է, որն ամենաուղիղ, ամենաշիտակ և ամենակարճ ճանապարհն է դեպի սրտեր ու հոգիներ: Ես համոզված եմ, որ այս մշակութային օրերից հետո ոչ միայն մշակութային հարաբերությունները կլավանան, այլ ընդհանրապես երկու ժողովուրդների բարեկամությունը կարող է նոր շունչ ու թափ ստանալ,-ասել է Արմեն Ամիրյանը:
Նա նշել է, որ երկկողմ բարեկամությունը չի սահմանափակվում դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակով, որին և նվիրում է այս միջոցառումը, այլ այն հարյուրամյակների խորքից է գալիս:
- Մեկ անգամ չէ, որ մեր երկու քրիստոնեական մշակույթների բախումից ծնել են այնպիսի երևույթներ, ովքեր համաշխարհային մշակույթին տվել են պարզապես գլուխգործոցներ: Օրինակ, Արամ Խաչատրյան, Մարտիրոս Սարյան և այլն, կարող ենք տասնյակներով թվարկել: Ուրախալի է, որ հենց այսօր Տրետյակովյան պատկերասրահում այդպիսի մի երևույթի՝ Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցադրությունն ենք բացելու,-փաստել է ՀՀ մշակույթի նախարարը:
Անդրադառնալով մշակութային օրերի շրջանակում նախատեսված այլ միջոցառումներին՝ Արմեն Ամիրյանը խոսել է Ռուսաստանի հարավի քաղաքներում պարային տոնի մասին. մեր Պարի պետական անսամբլն է շրջագայություններով այնտեղ:
- Սիբիրյան քաղաքներում հյուրախաղերով հանդես է գալիս Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը: Կենտրոնական Ռուսաստանում Մնջախաղի պետական թատրոնի հյուրախաղերն են, Մոսկվայում Մարտիրոս Սարյանի, Արա Հարությունյանի աշխատանքների ցուցահանդեսն է ներկայացված,-ասել է Արմեն Ամիրյանը:
Նա հավելել է նաև, որ դասական երաժշտության և էթնոջազի սիրահարները հնարավորություն կունենան մասնակցելու համերգների՝ համապատասխանաբար նոյեմբերի 18-ին և 22-ին: Այնուհետև մշակութային օրերը կշարունակվեն Սանկտ Պետերբուրգում: Նոյեմբերի 22-ին Էրմիտաժում «Հովեր» երգչախումբը հայկական հոգևոր երաժշտություն կներկայացնի:
Իսկ նոյեմբերի 23-ին «Հովեր»-ի ու «Էթնոջազ» նվագախմբի միաձույլ աշխատանքով կազդարարվի մշակութային հագեցած օրերի ավարտը: