Վերին Նորավանքը այժմյան Շատիվանքն է
ՀԱՅՏՆԻ Է ԴԱՐՁԵԼ ՎԵՐԻՆ ՆՈՐԱՎԱՆՔԻ ՏԵՂԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ
Թերևս զարմանալի է, սակայն մինչև հիմա մեզանում թեկուզ քիչ, բայց կան հուշարձաններ, վանքեր, որոնց տեղադրության վայրը հայագիտական աղբյուրներում հստակեցված չէ. նշված են վարկածներ, որոնք թույլ են տալիս միայն ենթադրություններ անել:
Մինչև վերջերս չճշտվածների շարքում էր նաև Վայոց ձորում գտնվող Վերին Նորավանքը, իսկ արդեն այսօր ընթերցողների սեղանին է անկախ հետազոտող Տիգրան Մկրտչյանի «Վայոց ձորի պատմության նոր էջեր. Վերին Նորավանքի տեղը» գիրքը: Ուսումնասիրելով առկա աղբյուրներն ու գտնելով իր եզրակացությունը հիմնավորող նոր փաստեր, հեղինակը ցույց է տալիս, որ Վերին Նորավանքն այժմյան Շատիվանքն է: avangard.am-ը փորձել է հեղինակից ճշտել, թե ի՛նչն է հիմք տվել նման եզրահանգման:
- Նախ նշեմ, որ 13-14-րդ դդ. Հայաստանում գործել են երկու լիարժեք համալսարաններ՝ Գլաձորում և Վերին Նորավանքում, որոնք գտնվել են Վայոց ձորում: Քննելով աղբյուրագիտական նյութերը՝ ես բազմաթիվ ընդհանրություններ եմ նկատել Վերին Նորավանքի և Շատիվանքի միջև, որոնց գլխավոր եկեղեցիները նույն անունն ունեն՝ Սուրբ Սիոն։ Շատիկ վանքի Սուրբ Սիոն եկեղեցու պատերի մեջ օգտագործած հին եկեղեցու արձանագիր քարերը պարունակում են նվիրատվական տեղեկություններ, գյուղերի անուններ, որոնք հիշատակարաններից հայտնի են որպես Վերին Նորավանքին տրված տարածքներ։ Բացի այդ, Վերին Նորավանքի րաբունապետ Դավիթ վարդապետը և նրանից մոտ մեկուկես դար հետո ապրած և, ամենայն հավականությամբ, ի պատիվ այս Դավթի՝ Դավիթ անվանակոչված Վերին Նորավանքի մեկ այլ րաբունապետ թաղված են եղել վանքի գլխավոր՝ Սուրբ Սիոն, եկեղեցու բակում։ Շատիկ անապատի Սուրբ Սիոն եկեղեցու բակում եղել են երկու տապանաքարեր՝ «ԴԱՒԻԹ ՎԱՐԴԱՊԵՏ» մակագրությամբ: Բայց սա ամենը չէ. 1470 և 1471 թթ. երկու ձեռագրերում վանքը հիշատակված է «Մեղուս» և «Մեղուանց վանք» անուններով։ Ի դեպ՝ ըստ Քաջբերունու՝ վանքի երկու անկյունային աշտարակների մեջ եղած սենյակներում ժամանակին մեղու են պահել, որից էլ հավանաբար ժողովրդի կողմից վանքը ստացել է Մեղու կամ Մեղուների վանք անունը:
- Իսկ Շատիկ անունը որտեղի՞ց է:
- Հայտնի է, որ դեռևս 15-րդ դարի վերջերին Վերին Նորավանքում ապրել է Շատիկ անունով մի ճգնակյաց, որի անունով էլ, ամենայն հավանականությամբ, ժողովուրդը Վերին Նորավանքն անվանել է Շատիկի վանք։
- Տեղյակ ենք, որ Դուք առաջին անգամ գիտական շրջանառության մեջ եք դրել մի վիմագիր արձանագրություն, որի հիման վրա է նաև հաստատվում Ձեր վարկածը:
- Այո, չնայած 17-րդ դ. վանքը հայտնի է եղել Շատիկ անունով, բայց 1658 թ. մի հիշատակարանում պահպանվել է հին անվան վերապրուկը՝ «Շատիկի Նորավանից սուրբ վանք»։ Ես գիտական շրջանառության մեջ եմ դրել նախկինում չհրապարակված մի վիմագիր արձանագրություն, որտեղ կա այս վանքի հին անունը՝ [ՆՈ]ՐԱՎԱՆ[Ք]։ Այն գտնվում է Շատիվանքի հարավային պատին։ Սա ևս հիմք է տալիս ենթադրելու, որ Վերին Նորավանքը այժմյան Շատիվանքն է։