Արդիական՝ շուրջ երեք դար անց էլ

«ԶԳԱՑՄՈՒՆՔ ԵՎ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

 
Տասնիններորդ դարասկզբի անգլիացի ազնվականների բարքերն ու կենցաղի նկարագրությունն է Ջեյն ՕՍԹԻՆԻ «Զգացմունք և բանականություն» վեպը (գրված 1811 թ.), որը վերհանելով ապականված հասարակության արատները՝ միաժամանակ ընդգծում է, որ շահի ու եկամուտների հաշվարկի վրա հիմնաված այդ հասարակության մեջ նաև ազնիվ ու զգացմունքային մարդիկ են ապրում:
 
Վեպի հայերեն տարբերակն արդեն ընթերցողի սեղանին է՝ բարձրարժեք գրականության հարգը ճանաչող քույրեր Արմենուհի Փալանդուզյանի թարգմանությամբ և Հրաչուհի Փալանդուզյանի խմբագրմամբ:
Գրական երկի մեծագույն արժեքը ժամանակների քողը պատռելն է և նույն ժամանակներով չսահմանափակվելը:
 
«Զգացմունք և բանականություն»-ն իր գոյության 3-րդ հարյուրամյակում ևս նույնքան արդիական է, որքան հեռավոր 1880-ականներին:
Ինչպես Արմենուհի Փալանդուզյանն է նկատում՝
 
- Ջեյն Օսթինի վեպերի նկատմամբ հետաքրքրությունը 200 տարի չի մարում, իսկ սա նշանակում է, որ նրա գործերն արդեն համաշխարհային գրականության գանձարանն են զարդարում: Այս տեսանկյունից կարևոր է, որ այդ գոհարները խոսեն նաև հայերեն և գեղագիտական բավականություն պարգևեն այն ընթերցողին, ով գրականությանն առնչվում է միայն հայերենի միջոցով: 
 
Դաշվուդ ընտանիքի կանանց նման՝ այսօր էլ զգացմունքային (և ո՛չ միայն զգացմունքային) դաժան փորձությունները հաղթահարելի են ու երազած երջանկությունը հասանելի է, եթե առկա է անշահախնդիր փոխադարձ սերը: 
 
Թարգմանչի մեկնակետով՝ 
 
- Ուշադիր ընթերցողը կարող է նկատել, որ հենց այստեղից են տարածվել սպառողական հասարակության սաղմերը, որոնք մեր օրերում ծնունդ են տվել ցանկացած գնով կյանքի վայելքներից օգտվելու պատրաստ մի հսկայական զանգվածի՝ ամբողջ աշխարհը մատնելով պատերազմների ու թալանի արհավիրքին: Վեպի հերոսներն ապրում են միայն իրենց ժառանգություն հասած դրամագլխի կամ հողատարածքների եկամուտներով, չեն աշխատում, չեն ստեղծագործում, պարապ ժամանակը լցնում են պարահանդեսներով, որսով, անպտուղ հանդիպումներով: Ու մնում է միայն զարմանալ, թե ինչպես է Ջեյն Օսթինը կարողանում նման միջավայրերում պեղել իր դրական հերոսների կերպարները և դրանք ներկայացնել իրենց ամբողջ մարդկային փայլով ու գրավչությամբ: Նրա ստեղծագործություններին առանձնահատուկ հմայք է հաղորդում նուրբ հումորը, որը նկատելու համար երբեմն հարկ է լինում խորանալ իմաստով իրար հակասող բառերի ու արտահայտությունների համադրության մեջ: