Կորսված հարիսան` վերջին պարտությունը…
ԿԱՆԱՉ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆ Է

Լապշինի արտահանձնումը դեռ չմարսած` հայկական դիվանագիտության առաջ նոր ճակատ է բացվել: Կրթության, գիտության և մշակույթի հարցերով Միացյալ ազգերի կազմակերպությունը հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարների բոլոր թեկնածուների անունները: Նրանցից մեկը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն է, որը հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին աչքի ընկավ իր հակահայկական պահվածքով ու Ալիևի արկածախնդրությունը խրախուսելով:
Սրանից բացի, ՌԴ փոխվարչապետի այս հայտարարությունն անուղղակի պատասխան ու արտացոլքն է ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Օլեգ Եսայանի աշխատանքին, հիսթերիկ արձագանքին` ուղղված ռուս հայտնի լրագրողի քննադատությանը:
Հասարակական-քաղաքական գործիչներից ոմանք ՅՈՒՆԵՍԿՕ-ն լուրջ կառույց չեն ընդունում` վկայակոչելով նրա կոռումպացված լինելը: Ի ապացույց` հիշատակվում է հարիսան որպես թուրքական ազգային ուտեստ համարվելու խայտառակ փաստը:
Կառույցի կոռումպացված ու կողմնակալ վերաբերմունքի մյուս ակնհայտ դրսևորումը Նախիջևանի խաչքարերի եղեռնի վրա աչք փակելն է: Սակայն, որքան էլ կառույցն իր դերն ու նշանակությունը հաճախ նսեմացնում է կաշառասիրությամբ, այդուհանդերձ, այն ինքնաարտահայտման, ազատության իրավունքի, մշակութային ժառանգության պահպանման, եղանակ ստեղծող միջազգային հարթակ է: Ասել է թե՝ դրանից խռովել ու հրաժարվել չենք կարող, բայց մեր ձայնն այնտեղ հիմնավոր ու այնտեղից լսելի դարձնել՝ պարտավոր ենք:
Հիշեցնենք` ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում արդեն ներառված է Հայաստանի կողմից ներկայացված չորս մշակութային արժեք՝ «Դուդուկն ու իր երաժշտությունը», «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը», «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսը, «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը»:
Կկարողանա՞նք միայն ճիշտ դիվանագիտական աշխատանքի շնորհիվ կասեցնել Բյուլբյուլօղլու նշանակումը՝ ժամանակը ցույց կտա: Մի բան հստակ է` առանց կանաչ թղթադրամների գրեթե անհնար է հայկական մշակութային ժառանգության պահպանումը դրսում՝ նավթադոլարներով ու գողի հոգեբանությամբ հարևան երկրներով շրջապատված: