Արվեստի ոգին անկեղծությունն է
Անուշ Ղարաքեշիշյանի մետաքսանկարներն առաջին իսկ հայացքից ակնդրին տեղափոխում են գույների յուրօրինակ աշխարհ, որտեղ միտքն ու ոգին միաձուլվելով՝ երկնում են ամենայն գեղեցիկը։
Եվ մտովի այդ աշխարհն էին տեղափոխվում Ստեփանավանի Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատում նրա մետաքսանկարչության «Գույների իմ աշխարհ» խորագրով անդրանիկ ցուցահանդանդեսի այցելուները։
Անկարելի է ստեղծել գեղեցիկը առանց սիրո, քանզի սիրո կենարար ուժն է, որ թևեր է տալիս՝ հասու դառնալու տիեզերական անսահմանությանը։
Ղարաքեշիշյանը, մարդուն դնելով արվեստի հետ ուղղակի բախման և հարաբերության մեջ, բարդ հարց է առաջադրում. արդյո՞ք արվեստի գործը մեր արտացոլանքն է, թե՞ մենք ենք նրա արտացոլանքը։ Սա կարծես մարդկության ակունքը գտնելու արվեստագետի փորձն է՝ ժամանակի արձագանքին ընդառաջ։
Նայելով կտավները՝ հասկանում ես նրա արվեստի էությունը՝ հրաժարվել ինքդ քեզ հասկանալուց, մոռանալ քեզ ուրիշ «ես»-ի մեջ, բայց այդ անհայտության և մոռացման մեջ գտնես ինքդ քեզ։
Այս լուռ կտավները հեղինակի զարմանահրաշ և գունագեղ աշխարհի այն փոքրիկ հյուլեներն են, որոնք մասնիկ առ մասնիկ միանալով՝ ամբողջացնում են իր ներաշխարհի պատկերը։
Հեղինակը յուրօրինակ «աճպարարությամբ», գունապնակի միաձույլով՝ փորձել է ցույց տալ այն ներդաշնակությունը, որն առաջին հայացքից անհնարին է տեսնել։
Աներկբա է հեղինակի միտումը՝ արվեստով մարդկայնացնելու և նյութեղեն դարձնելու վերերկրային ու հոգևոր ընկալումները։
Հեղինակն իր ստեղծած արվեստով վեր է բարձրացել առօրեականությունից՝ երբեք, սակայն, իդեալներ չփնտրելով մարդկային բնությունից դուրս։
Անուշ Ղարաքեշիշյանին դափնիներ պետք չեն. սեփական աշխատանքի արգասավորության գիտակցումը լավագույն գնահատականն է։
Զուր չէ ասված՝ գեղեցկությունը պետք չէ վերլուծել. այն մեկնման կարիք չունի, քանզի արվեստում ճիշտ և սխալ չկա ։
Մարգարիտ ՍԱՔՈւԼՅԱՆ