Մեկնարկը՝ Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի ելույթով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 5-ՐԴԸ՝ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ
Վաղը՝ հոկտեմբերի 11-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի միջազգային 5-րդ փառատոնը՝ Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի մասնակցությամբ ։
Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչն անհամբերությամբ է սպասել երևանյան իր բեմելին։ Այդ մասին օրեր առաջ նա ինքն էր ասել՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին ու երևանյան համերգի հանդիսատեսին ուղղված նրա տեսաուղերձում՝
- Բարև Սերգեյ, Ջոն Մալկովիչն է: Ես հիմա անձրևոտ Սան Սեբաստիան քաղաքում եմ, լավագույն երկրներից մեկում՝ Իսպանիայում: Շուտով Ձեզ կտեսնեմ, անհամբեր սպասում եմ: Մենք Երևան ենք գալու հոկտեմբերի 9-ին, իսկ շոուն հոկտեմբերի 11-ին է: Իսկապես անհամբեր սպասում եմ: Հուսով եմ՝ շուտով կհանդիպենք:
Ջոն Մալկովիչը և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը համագործակցության մեծ փորձ ունեն. նրանք համատեղ հանդես են եկել 2015 և 2016 թվականներին Սեուլում և Բուենոս Այրեսում։ Սերգեյ Սմբատյանի ջանքերով էլ հայաստանցիները հնարավորություն կունենան շփվելու աշխարհահռչակ դերասանի արվեստին։ Ջոն Մալկովիչի երևանյան բացառիկ համերգի պաշտոնական գործընկերն է լեգենդար Արարատ հայկական կոնյակը:
Ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ Մալկովիչը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։ Որպես մենակատար հանդես կգա ճանաչված դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։ Համերգային ծրագիրն ունենալու է հետաքրքիր ձևաչափ՝ միաձուլելով երաժշտությունը, գրականությունը, ասմունքն ու մեծ դերասանի կատարողական վարպետությունը։
Մինչև դեկտեմբերի 11-ը դասական երաժշտության սիրահարները Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակներում կունկնդրեն բազմաթիվ սիմֆոնիկ և կամերային համերգներ, որոնց ընթացքում կհնչեն պրեմիերաներ։ Կներկայացվեն Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան, հանդիսատեսի կողմից սիրված ու սպասված «Խաչատրյանը և ջազը» համերգային նախագիծը, հետաքրքիր այլ ծրագրեր։ Հանդես կգան հայտնի արտիստներ՝ դաշնակահարներ Գլորիա Քամփաները, Հայկ Մելիքյանը, Լևոն Կարապետյանը, ջութակահարներ Դավիդ Նեբելը, Մարկ Բուշկովը, մեներգիչ Վլադիմիր Բայկովը (բաս) և այլք։ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը նվիրված է Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին:
Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի են կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» հիմնադրամի աջակցությամբ։