You and I Know-ը՝ Տիկնիկայինի բեմում
ԿԱՆԴՈԿՈ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՊԱՐԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ՝ «ՀԱՅՖԵՍՏ» ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Կանդուկո ներառական պարային ընկերությունը հիմնադրվել է 1991թ., որի կազմում ընդգրկված են նաև հաշմանդամություն ունեցող պարողներ: Կանդուկոյի պարային բեմադրությունները կոտրում են մարդկային սահմանափակ կարողությունների մասին պատկերացումները և արվեստի ուժով ստիպում հավատալ մարդկային անսահման հնարավորություններին:
«ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը ներկայացնում է Միացյալ Թագավորության Կանդուկո ներառական պարային խմբի «You and I Know» («Դու և ես գիտենք») ներկայացումը՝ Երևանի պետական տիկնիկային թատրոնում:
Առաջատար խորեոգրաֆ Առլեն Ֆիլիպսը, համագործակցելով Կանդուկոյի պարողներ Ջոել Բրաունի և Լաուրա Փեթեյի հետ, ներկայացնում է «You and I Know» պարային ներառական բեմադրությունը: Այն պատմում է սիրո անընկալելի դրսևորումների մասին, երբ կարող ես կրկին ու կրկին սիրահարվել նույն մարդուն: Հանրահայտ երգերի զուգորդմամբ «You and I Know» պարային ներառական ներկայացումը պատմում է զգայական և տարերային սիրո մասին:
«You and I Know» պարային ներառական բեմադրությամբ կամփոփվի «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնը:
«ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնն անցկացվում է 15-րդ անգամ՝ հոկտեմբերի 1-8-ը: Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը հյուրընկալել է 20 երկրից ժամանած 250 մասնակիցների:





