ԱՄՆ-ն կրկին վետո է դրել Գազայում հրադադարի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի վրա

ԱՄՆ-ն սեպտեմբերի 18-ին հերթական անգամ վետո է դրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որը պահանջում էր անհապաղ և մշտական հրադադար Գազայում և Իսրայելի կողմից օգնության մատակարարման բոլոր սահմանափակումների վերացում:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24-ը՝ հավելելով, որ այսպիսով Վաշինգտոնը պաշտպանել է իր դաշնակից Իսրայելին դիվանագիտական նշանակալի ճնշումից։ 
 
Ըստ պարբերականի՝ բանաձևի տեքստով նաև պահանջվում էր ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակում: Գրեթե երկու տարի առաջ Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ն Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքն օգտագործում է արդեն վեցերորդ անգամ։
 
Խորհրդի մնացած 14 անդամները կողմ են քվեարկել բանաձևին, որը նախաձեռնվել էր օգոստոսին՝ այն բանից հետո, երբ ՄԱԿ-ը պաշտոնապես հայտարարեց պաղեստինյան անկլավում սովի մասին։ 
 
Իսրայելն այժմ ցամաքային գործողություն է իրականացնում Գազա քաղաքում՝ նշելով, որ կշարունակի հարձակումը, մինչև չջախջախի ՀԱՄԱՍ-ին և չվերադարձնի բոլոր պատանդներին։
 
Pars Today-ի ձևակերպմամբ՝ ԱՄՆ-ի վետոն կանաչ լույս է Գազայում ցեղասպանության համար
 
Խստորեն քննադատելով ԱՄՆ-ի կողմից Գազայում հրադադարի բանաձևի վրա վետո դնելու քայլը, Amnesty International-ը հայտարարել է, որ դա նշանակում է հավանություն Իսրայելի հանցագործություններին։
 
Նշելով, որ ԱՄՆ-ի այդ քայլը վկայում է Իսրայելի ռեժիմի հանցագործությունների շարունակությանն աջակցության մասին, կազմակերպությունը հավելել է. «Մարդասիրական աղետը կանխելու համար իր ազդեցությունն օգտագործելու փոխարեն, Միացյալ Նահանգները կրկին չարաշահել է իր վետոյի իրավունքը և նպաստել Իսրայելի կողմից ցեղասպանության իրականացմանը»։
 
Վետոյի հետևանքները կործանարար կլինեն Գազայի ժողովրդի համար, որտեղ Իսրայելի հարձակումների պատճառով, հարյուր հազարավոր մարդիկ հայտնվել են վտանգավոր տարածքներում և որտեղ ռեժիմն իրականացրել է ցեղասպանություն։
 
Amnesty International-ը խստորեն քննադատել է Վաշինգտոնին՝ նշելով. «Իր մահացու անտարբերությամբ ԱՄՆ-ն միայնակ կանգնել է միջազգային հանրության դիմաց ու խրախուսում է Իսրայելին շարունակել իր ցեղասպանությունը։ Արարք, որը պատմությունը երբեք չի ների»: