Հունգարիայի վարչապետը կանխատեսել է Ուկրաինայի բաժանումը

- Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կանխատեսել է Ուկրաինայի բաժանումը ռուսական, ապառազմականացված (դեմիլիտարզիացված) և արևմտյան գոտիների՝ հակամարտության ավարտից հետո,- գրել է ABC MEDIA-ն՝ մանրմասնելով․
Այսօր եվրոպացիները «էլեգանտորեն» խոսում են անվտանգության երաշխիքների մասին, բայց այդ երաշխիքներն իրականում նշանակում են Ուկրաինայի բաժանում… Ուկրաինայի բաժանման արդյունքը կլինի ռուսական գոտի, ապառազմականացված գոտի և, վերջապես, արևմտյան գոտի, որի ուրվագծերի և կարգավիճակի մասին մենք դեռևս որևէ հստակ բան չենք կարող ասել։ Բայց մենք տեսնում ենք, որ Ուկրաինան վերածվում է երեք գոտիներից բաղկացած տարածքի,- նշել է Օրբանը՝ ելույթ ունենալով Քյոթչե քաղաքում քաղաքական սեզոնի բացման ժամանակ։
 
Նրա խոսքով՝ Արևմուտքը փաստացի «ճանաչել է ռուսական գոտու գոյությունը»։
 
- Քննարկումը միայն այն մասին է, թե արդյո՞ք այն բաղկացած կլինի երկու, չորս, հինգ, թե վեց շրջաններից։ Սակայն դրա բացակայության մասին այլևս խոսք չկա։ Ռուսական գոտին արդեն ստեղծվել է։ Այն ընդգրկում է Ուկրաինայի տարածքի մոտավորապես 20 տոկոսը։ Սա արդեն անցյալում է, և դրա շուրջ այլևս որևէ բանավեճ չկա։
 
Քննարկվում է այն մասին, թե ռուսական գոտու սահմանից քանի՞ կիլոմետր հեռավորության վրա պետք է ստեղծվի ապառազմականացված գոտի․ 40 կիլոմետր, 50, 100, 200՝ մենք չգիտենք, սա հիմա է տեղի ունենում։ Սա կլինի երկրորդ գոտին,- նշել է նա։
 
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Քիթ Քելոգը բրիտանական The Times թերթի հետ զրույցում առաջարկել էր, որ Ուկրաինան կարող է բաժանվել մի քանի վերահսկողության գոտիների հակամարտության ավարտից հետո՝ նման այն բանին, թե ինչպես բաժանվեց Բեռլինը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, բայց առանց ԱՄՆ ցամաքային ուժերի։