Շա՜տ համեստ է Թրամփը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ի հետ զրույցում հայտնել է, որ չի ձգտում Խաղաղության Նոբելյան մրցանակի։
Ինչպես տեղեկացրել է Արմենպրեսը՝ այդ մասին ասել է նա՝ տվյալ թեմային անդրադառնալիս։
 
- Ես այդ մասին ոչինչ չունեմ ասելու։ Ես կարող եմ միայն դադարեցնել պատերազմները։ Ես ուշադրության չեմ ձգտում։ Ես պարզապես ցանկանում եմ կյանքեր փրկել, - ասել է նա տվյալ թեմային անդրադառնալիս։
 
Թրամփը նշել է, որ երբեմն կողմերն այնքան երկար են միմյանց հետ պատերազմում, որ նույնիսկ «խաղաղության տեսանկյունից չեն մտածում»։ 
 
- Դա դառնում է կենսակերպ։ Եվ երբ ես նրանց հավաքում եմ նույն սենյակում, ես կարողանում եմ համոզել նրանց, - ասել է Սպիտակ տան ղեկավարը։ 
 
CBS News-ը հիշեցնում է, որ վերջին շաբաթներին Թրամփը հայտարարել է, որ իրեն պետք է վերագրեն մի քանի պատերազմների ավարտը, և որ իր ջանքերի համար ինքն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Սպիտակ տան պաշտոնյաները նշել են, որ Թրամփը նկատի ունի Հայաստանի և Ադրբեջանի, Իրանի և Իսրայելի, Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Թաիլանդի և Կամբոջայի, Հնդկաստանի և Պակիստանի, Եգիպտոսի և Եթովպիայի ու Կոսովոյի և Սերբիայի միջև հակամարտությունները։ 
 
2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի հաղթողի անունը կհայտարարվի հոկտեմբերին։
 
Ի դեպ, ABC MEDIA փոխացմամբ էլ՝ Թրամփը Պենտագոնին հանձնարարել է պատրաստվել Ռուսաստանին և Չինաստանին զսպելուն։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, փոխանցում է ТАСС գործակալությունը:
 
- Ցավոք, նախորդ վարչակազմի թուլությունը մերձեցրել է Ռուսաստանն ու Չինաստանը։ Դա սարսափելի իրադարձություն էր, որը պայմանավորված էր ամերիկյան առաջնորդության և ուժի բացակայությամբ,-ասել է Հեգսեթը:
 
- Ահա թե ինչու նախագահ Թրամփը մեզ հանձնարարել է պատրաստ լինել վերակառուցելու մեր բանակը, վերականգնելու մարտական ոգին և վերականգնելու զսպման ուժը։
 
Պենտագոնի ղեկավարը շեշտել է, որ ԱՄՆ-ն հակամարտություն չի փնտրում, այլ դրան պատրաստ լինելը «ապահովում է ամերիկացիների անվտանգությունը»։