Զուտ ուղերձ էր Թուրքիային, ոչինչ ավելի
ՉԵՐՆԱՄՈՐՅԱՆԸ՝ ՆԵԹԱՆՅԱՀՈՒԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Իսրայելահայեր» թերթի խմբագիրը համոզված է, որ որքան էլ Իսրայելն ու Թուրքիան հակասություններ ունենան, Թել Ավիվը երբեք պաշտոնապես չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի` Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը զուտ ուղերձ էր Թուրքիային։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել «Իսրայելահայեր» թերթի խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։

Ինչպես գրում է պարբերականը՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նեթանյահուն առաջին անգամ հրապարակավ ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը։ Հայ-ասորական ծագումով ամերիկացի զրուցավար Պատրիկ Բետ-Դևիդը հարցրել էր, թե ինչու Իսրայելը չի ճանաչում հայերի, ասորիների, հույների ցեղասպանությունը։ Ի պատասխան Նեթանյահուն հայտարարել էր, որ եթե չի սխալվում, իրենք դա արել են Քնեսեթի բանաձևով։ Բետ-Դևիդն ասել էր, որ ակնկալում է դա հենց Նեթանյահուից լսել։ «Ես հենց նոր արեցի դա»,- պատասխանել էր Նեթանյահուն։
Չեռնամորյանը նախ շեշտում է՝ Քնեսեթը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եթե նման բան լիներ, ապա այդ մասին լուրը գաղտնի չէր մնա։ Իսկ Նեթանյահուի խոսքերին էմոցիոնալ մոտենալու կարիք չկա․ ամեն անգամ, երբ Թուրքիան պաղեստինցիների ցեղասպանության հարցն է բարձրացնում, Նեթանյահուն հիշում է Հայոց ցեղասպանության մասին։
- Ժամանակին նույնիսկ Նեթանյահուի որդին Մայամիում՝ օվկիանոսի ափին նստած հեռախոսով հաթաթա էր տալիս Էրդողանին, թե խելոք մնա, Հայոց ցեղասպանությունը կճանաչեմ։ Նեթանյահուի խոսքերից ես անձամբ որպես հայ որևէ կերպ չեմ ոգևորվում,- ասաց Չերնամորյանը։
Նրա խոսքով՝ դեռ 2018-ին իրենք հայտարարությամբ են հանդես եկել՝ կոչ անելով Իսրայելի կառավարությանն ու քաղաքացական գործիչներին զերծ մնալ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների անունները հիշատակելուց և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կեղտոտ խաղերի համար օգտագործելուց։
- Ես, որպես Իսրայելի քաղաքացի, ուրախ եմ, որ ինքը ճանաչել է, բայց ես Նեթանյահուի հայտարարությունը որպես Իսրայելի պաշտոնական մոտեցում չեմ ընդունում, պաշտոնականը կլիներ Քնեսեթի կողմից ճանաչումը,- շեշտեց Չերնամորյանը։
Օրերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ կոչ էր արել համակարգված ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Գազայի հակամարտության կայուն կարգավորման հասնելու համար։ Անգամ առաջարկել էր քննարկել Իսրայելին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելուց զրկելու հարցը։
Չերնամորյանը վստահ է՝ Նեթանյահուի խոսքերը հենց սրա պատասխանն են, սա ուղերձ է Թուրքիային՝ եթե շարունակի ավելացնել ճնշումը, ապա նոր ամպագոռգոռ հայտարարություններ կհետևեն։
«Իսրայելահայեր» թերթի խմբագիրը կարծում է՝ Իսրայելը երբեք էլ չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, անգամ եթե ամբողջ աշխարհը ճանաչած լինի։ Նախ որովհետև չնայած հակասություններին՝ երկու երկրները տնտեսական լուրջ հարաբերություններ ունեն, բացի այդ Իսրայելը չի ցանկանում առավել սրել առկա լարվածությունը։ Նրա կարծիքով՝ իսրայելցիները նաև այսպես ասած խանդ ունեն, թե ցեղասպանություն միայն իրենց հետ է եղել, և նրանք չեն ուզում որևէ այլ ազգի հետ կատարվածը որպես ցեղասպանություն ճանաչել։
Նույն հարցին անդրադառնալով՝ քաղաքագետ Արա ՊՈՂՈՍՅԱՆՆ էլ գրել է․
- Երկար տարիներ մենք պայքարում էինք, որ Հայոց Ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչվի, որպես Հայոց իրավունքների վերականգնման առաջին փուլ։ Բազմաթիվ երկրներ ճանաչեցին, սակայն այն երկիրը, որը ինքն էր ստեղծվել հոլոքոստի արդյունքում, այդպես էլ լուռ էր, որովհետև Թուրքիայի հետ հարաբերություններ և առևտուր ուներ։ Այժմ շատ բան է փոխվել, և Նեթանյահուն՝ Թուրքիայի հետ հնարավոր բախման հեռանկարով, եթերում հայտարարում է, որ անձամբ ինքը ճանաչեց։
Ես հասկանում եմ, որ մենք շատ էմոցիաներ ունենք, ու հատկապես 2020 թվականից սկսված օբյեկտիվ թշնամանք, բայց եթե հարցը Հայաստանի և հայ ժողովրդի ազգային իղձերի իրագործման անգամ 1 տոկոս հավանականությանն է վերաբերվում, ուրեմն հարկ եղած դեպքում անգամ «սատանայի» հետ պետք է բանակցել՝ սպասարկելու մեր ազգային իղձերի իրագործման նպատակը։
Մի շատ կարևոր հարց կա՝ եթե վաղը Իսրայել-Թուրքիա պատերազմ սկսվի, ո՞րն է լինելու մեր դիրքորոշումը։ Ես դեռ չեմ ասում մեր գործողությունները, այլ ընդամենը՝ մեր դիրքորոշումը․․․





