Իրանն արագացրել է Հյուսիս-Հարավ ճանապարհի Քաջարան–Ագարակ հատվածի շինարարությունը
ՈՐՊԵՍԶԻ ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ» ԿԱՄ ԱՆԿԼԱՎՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՑԱՆԿԱՑԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ. ԻՐԱՆԱԳԵՏ
Իրանն արագացրել է Հյուսիս-Հարավ ճանապարհի՝ իրեն արտապատվիրակված Քաջարան-Ագարակ 32 կիլոմետրանոց հատվածի վերակառուցումը։ «Փաստինֆոյի» հետ զրույցում անդրադառնալով Հյուսիս-Հարավ ճանապարհի ամբողջական գործարկմանը, իրանագետ Հարութ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ ասել է, որ ամենևին էլ չի հավատում ծրագրի լիարժեք իրականացմանը, հատկապես որ Իրանի տարածքում Հնդկաստանին արտապատվիրակված նավահանգստի շինարարությունը դանդաղում է, եթե չասենք՝ կանգնել է։ Սակայն Իրանը հիմա կրկնապատկում է ջանքերը, որպեսզի անցանկալի զարգացումների դեպքում Հայաստանի հետ կապը չկորցնի։
- Իրենք «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված վտանգ տեսնում են, բայց այդ վտանգը տեսնում է միայն մի կլան։ Կա մեկ այլ կլան, որը նպատակ ունի երկիրը տանելու դեպի ԱՄՆ և ամենևին էլ դեմ չի լինի այդ ծրագրի իրագործմանը։ Ես միշտ ասել եմ, որ Հայաստանը մեծագույն աշխատանք ունի կատարելու Իրանի հետ, հակառակ դեպքում Իրանն Ադրբեջանի հետ կարող է պայմանավորվել։
Ակնհայտ է, որ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ խոսակցությունները հիմա լրջացել են։ Իսրայելի նկրտումներն Իրանի դեմ ավելի առարկայական են դարձել, հատկապես որ օգտագործվում են Արցախի գրավյալ տարածքները։ Ակնհայտ է, որ Իրան–Իսրայել հակամարտությունը վաղ թե ուշ կրկին կդառնա ակտիվ պատերազմական գործողությունների պատճառ։ Մենք ժամանակին զգուշացնում էինք, որ Արցախի կորցված տարածքներն օգտագործվելու են Իրանի դեմ։ Հիմա Իրանը դա տեսնում է ու փորձում է իր համար այլընտրանքներ ստեղծել։ Իրանը ամեն ինչ անելու է, որ Սիսիանի և Տիգրանաշենի ճանապարհներին այլընտրանք ունենա, որպեսզի ոչ միայն իր համար «Զանգեզուրի միջանցքին» այլընտրանք ստեղծի, այլև պատրաստ լինի անկլավների մասին ցանկացած զարգացման, որովհետև այդ թեմայով հայտարարությունները ահազանգ էին նաև Իրանի համար։
Իրանագետի գնահատմամբ՝ այժմ արդեն խնդիրն այն է, թե ով է վերահսկելու այդ այսպես կոչված միջանցքը․
- Իրականում, կարծում եմ, հայկական կողմը ի վերջո պետք է ընդունի որևէ կողմի առաջարկը։ Եթե չընդունի, լուծումը իրեն կպարտադրվի։ Չեմ կարծում, որ Իրանը դեռ երկար կկարողանա բոլորի «դեմն առնել»։ Իրենք դա թույլ չեն տալու։ Կպահեն այնքան ժամանակ, մինչև կարողանան այլընտրանքային ճանապարհն ունենալ, որպեսզի, երբ ժամանակը գա, հայտարարեն, որ ունեն այլընտրանքային ճանապարհ Հայաստանի հետ, և այն չպետք է փակվի՝ անկախ նրանից, թե ով է վերահսկում միջանցքը կամ ինչ զարգացումներ կլինեն անկլավների շուրջ բանակցություններում, որովհետև Իրանի համար Հյուսիս-Հարավը շնչուղի է։ Միայն Հայաստանով է, որ Իրանը կարողանում է հանգիստ ելք ունենալ դեպի Սև ծով։
Մյուս կողմից էլ Առաքելյանը կարծում է, որ Իրանից հնչող հայտարարությունները, թե Հայաստանի տարածքային ամբողջականությունն իրենց համար «կարմիր գիծ» է, նախևառաջ վտանգում են հենց Հայաստանը․
- Մենք թիրախ ենք դառնում Իրանի թշնամիների համար, որովհետև եթե Իրանի թշնամիները փորձեն ինչ-որ գործողություններ իրականացնել Իրանի դեմ, օրինակ՝ ԱՄՆ կամ Իսրայել, կարող են դա անել, եթե ոչ ուղիղ Իրանի դեմ, ապա Իրանի հովանավորյալ երկրի դեմ, ինչպես արեցին Եմենի կամ Հըզբոլլահի պարագայում։ Վաղն, օրինակ, կարող են Ադրբեջանին հրահրել՝ հարվածելու Հայաստանի տարածքին՝ Իրանի արձագանքը ստուգելու կամ ստանալու նպատակով։ Կարող են ասել՝ խփի, տեսնենք՝ Իրանն ինչ կանի։ Այսինքն՝ չպետք է միայն հույս դնել Իրանից հնչող հայտարարությունների վրա։
Նշենք, որ իրանական տելեգրամյան ալիքներում կադրեր են տարածվում, որոնցում երևում են նոր փորված թունելները։ Ըստ նախագծի՝ նախատեսվում է կառուցել 5 նոր տրանսպորտային հանգույց, 6 նոր վերգետնյա անցում, 920 մ ընդհանուր երկարությամբ 2 նոր թունել և 17 նոր կամուրջ։ Նոր ճանապարհի շինարարությունը սկսվել էր անցած տարվա փետրվարին։ Իրանը նախատեսում է ներդնել 214 միլիոն դոլար։
Աղբյուր՝ Փաստինֆո





