«Հումանիտար» Արևմուտքը և միջազգային իրավունքի փլուզումը

ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԸ ԳԱԶԱՆ Է

Պատմաբան-քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն ՍՈւՐԵՆՅԱՆՑԻ գրառումը․
 
«2023-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցածը դասական օրինակ էր, թե ինչպես է աշխարհը նայում հումանիտար աղետին և ոչինչ չի անում։ 
 
Լաչինի միջանցքի փակումը 9 ամիս շարունակ, սննդի, դեղորայքի, գազի մատակարարման կասեցումը, սովի իրական վտանգը արձանագրվեցին միջազգային կառույցների կողմից։ 
 
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը երկու անգամ պարտավորեցրեց Ադրբեջանին բացել միջանցքը։ 
 
Ի՞նչ եղավ հետո․ ոչինչ։ 
 
Արևմուտքը սահմանափակվեց հայտարարություններով, քանի որ Բաքուն էներգետիկ ռեսուրսներ էր մատակարարում Եվրոպային։
 
Արդյունքը՝ Արցախի հայաթափում։ 
 
Այսօր նույն տրամաբանությունն է գործում Գազայում։ 
 
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տվյալներով՝ բնակչության գրեթե 1/3-ը օրերով սնունդ չի ստանում, հազարավոր երեխաներ մահանում են ջրի և դեղորայքի պակասից, իսկ հիվանդանոցները կաթվածահար են։ Միևնույն ժամանակ՝ Արևմուտքը կրկին սահմանափակվում է «հումանիտար դադարների» կոչերով, բայց շարունակում է զինել Իսրայելին։
 
Երկու դեպքում էլ գործ ունենք «պարտավորություն պաշտպանելու» (Responsibility to Protect) սկզբունքի բացահայտ խախտման հետ։ 
 
ՄԱԿ-ի Կանոնադրությունը և Ժնևյան կոնվենցիաները հստակ սահմանում են՝ քաղաքացիական բնակչությունը չի կարող դառնալ սովի կամ պաշարման գործիք։ Բայց այս նորմերը մնացին թղթի վրա։
Արցախը զոհաբերվեց Բաքվի հետ գազային պայմանագրերին, Գազան՝ Արևմուտքի և Իսրայելի ռազմավարական դաշինքին:
 
Այս համատեքստում, թերևս, միայն Հայաստանում են խիստ որոշակի շրջանակներ շարունակում հեքիաթները՝ «հումանիտար» Արևմուտքի թեմայով:»