«Վարչապետը հստակ հայտարարել է, որ վերահսկողությունը կիրականացնի Հայաստանը»․ Մեհդի ՍՈԲՀԱՆԻ
Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ ցանկացած ապաշրջափակում պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո։

Արմենպրեսի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում երեկ այս մասին ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։Լրագրողի հարցին ի պատասխան՝ կապված Սյունիքի ճանապարհի հնարավոր վերահսկողության արտապատվիրակման հետ, մասնավորապես ԱՄՆ-ին կամ այլ երկրին, դեսպանը նշել է, որ այն, ինչ ասել են Հայաստանի իշխանությունները, այն է եղել, որ ցանկացած ապաշրջափակում տեղի կունենա ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո։
- Վարչապետը հստակ հայտարարել է, որ վերահսկողությունը կիրականացնի Հայաստանը։ Բացի դրանից՝ ուրիշ բան չեմ լսել։ Մնացածը լրատվամիջոցների ենթադրություններ են, որոնց հիման վրա պաշտոնական դիրքորոշում հայտնել չենք կարող,- ընդգծել է Սոբհանին։
Հարցին, թե Իրանը տարածաշրջանում երրորդ ուժերի հնարավոր ներգրավման պայմաններում, ունի՞ մտահոգություն, Սոբհանին պատասխանել է.
- Ոչ, դա նույնպես լրատվամիջոցների ենթադրություն է։ Վարչապետի հայտարարությունը վերաբերում էր նրան, որ առաջարկներ եղել են։ Բայց ենթադրությունների հիման վրա դիրքորոշում ներկայացնել ճիշտ չէ։ Այն, ինչ մենք գիտենք և ինչի մասին ասել են ՀՀ պաշտոնյաները, այն է, որ ամեն ինչ լինելու է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո։
Իսկ այսօր panorama.am-ը մեջբերել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հավաստիացումը, որ Թեհրանի քաղաքականությունն անփոփոխ է՝ դեմ է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզի ցանկացած փոփոխության։
- Թեհրանի քաղաքականությունը մնում է անփոփոխ՝ դեմ է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզի ցանկացած փոփոխության։ mehrnews.com-ի հաղորդմամբ, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն այս մասին հայտնել է հայ գործընկերոջը։
Նա ընդգծել է, որ Իրանի քաղաքականությունը մնում է անսասան տարածաշրջանային աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխության դեմ և այս դիրքորոշումը համարում է օգտակար տարածաշրջանային բոլոր կողմերի համար,- գրել է panorama.am-ը։





