«Ադրբեջանի գլխավոր թշնամին Իրանում առանձին պաշտոնյա չէ․․․»
ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ․ Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է․
- Ադրբեջանի ՊՆ-ին մոտ ինֆոաղբանոց Caliber.az-ը այս անգամ գերազանցել է ինքն իրեն` բնականաբար Զաքիր Հասանովի և Իլհամ Ալիևի առաջադրանքով։ Ուրեմն սույն կայքը Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հռչակել է Ադրբեջանի թշնամի։ Նման համարձակությունը խոսում է առնվազն չարագույժ դավադրության մասին։ Երբեք Ադրբեջանում այսպիսի համարձակություն չէր լինի, եթե վստահ լինեին, որ չեն կարող մարսել։ Նյութը կարդում էի ես առաջին բանը, որ մտքովս անցավ հենց այն էր, որ տպավորություն է, թե Ադրբեջանը իր տերերի, մասնավորապես Իսրայելի հետ Այաթոլլահ Ալի Խամենեի դեմ դավադրություն են նյութում, եթե Ալիևը որոշել է այսքան համարձակություն խաղալ։ Հավանաբար հիշում եք, որ Իրանի նահատակ նախագահ Ռաիսիի և նահատակ ԱԳ նախարար Ամիր Աբդոլահիանի զոհվելուց առաջ կրկին Ադրբեջանում համարձակության մեծ դոզա էր դրսևորվում, և շաբաթներ անց տեղի ունեցավ ողբերգություն։
Աստված պահապան բարեկամ ժողովրդին...
Ահա‘ ադրբեջանական հոդվածը, նաև հղում՝ https://caliber.az/post/hamenei-i-ego-vojna-s-azerbajdzhanom
«Ադրբեջանի գլխավոր թշնամին Իրանում առանձին պաշտոնյա չէ, և ոչ էլ հերթական մանկուրտը՝ դիվանագիտական փաթեթավորմամբ։ Այդ թշնամին հենց Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին է՝ մի անձ, որը տարիներ շարունակ հետևողականորեն ձևավորում է Բաքվի նկատմամբ թշնամական քաղաքականություն։ Հենց նա‘ է կանգնած յուրաքանչյուր հակաադրբեջանական սադրանքի, յուրաքանչյուր տեղեկատվական մանիպուլյացիայի, յուրաքանչյուր մեր երկրի դեմ ուղղված արշավի հետևում։ Սրանք առանձին դրվագներ չեն և ոչ էլ ցածրաստիճան դիվանագետների նախաձեռնություններ։ Սա գաղափարախոսություն է, որի աղբյուրը գտնվում է մեկ աշխատասենյակում։ Իսկ այդ աշխատասենյակի տիրոջ անունն է՝ Ալի Խամենեի»։
----------
Բաքվեցի բռնապետը կրկին իր տարերքի մեջ է, և հավատացել է, որ զարտուղի ճանապարհով վաստակած «հաղթանակը»։ Հայաստանի և Արցախի դեմ կարող է կրկնել Իրանի հետ կոնֆլիկտում, առավել ևս՝ Ռուսաստանի։
Ալիևը դեռ ևս 2-3 տարի հավանաբար կկարողանա իր մեծապետական դիրքերում աջ ու ձախ սպառնալ, մինչև «մեծ տղերքի» մեջ հարցերը կլուծվեն ու Ալիևը կընկնի «մեծ տղերքից» մեկի քացու տակ...
Մինչ այդ` Ալիևը կսպառնա Իրանին, Իսրայելի հետ հարվածներ կհասցնի Իրանի տարածքին, հետո կսկսի Ռուսաստանի դեմ դեմարշ, հետո Վրաստանի նկատմամբ կսկսի ախորժակ բացել, Ֆրանսիայի դեմ սկսի ֆրանսիական տարածքներում սեպարատիստական շարժումներ հովանավորել ու հարձակվել Ֆրանսիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, մինչև կմոտենա վճարման պահը...





