«Մենք չենք կարող անտարբեր մնալ կամ չեզոք դիրքորոշում ցուցաբերել»

Երեկ՝ հունիսի 22-ին, սոցցանցերում ակտիվ մի քանի շիա հոգևորականներ տարածեցին «Ադրբեջանի մուսուլմանների միություն» շարժման առաջնորդ, Ադրբեջանում շիայական շարժման ամենաազդեցիկ ներկայացուցիչ, այժմ քաղբանտարկյալ Թալեհ Բաղիրզադեի բաց նամակը, որտեղ նա Բաքվի իշխանություններից պահանջում է դիրքորոշում արտահայտել Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ։
 
Հունիսի 13-ից, այսինքն Իրանի դեմ Իսրայելի սկսած օդային հարձակման օրվանից, անհայտացել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն։ 
 
 Ադրբեջանի հանրային կյանքից նրա անհետանալը դարձել է նրան ծաղրելու հերթական առիթը սոցցանցերում, որտեղ բազմաթիվ օգտատերեր գրում են, որ Փաշազադեն բառ անգամ չի ասելու Իրանում երեխաներ սպանող հրեաների դեմ, ինչպես որ չի արել դա Գազայի դեպքում։ 
 
Նշվում է, որ Փաշազադեի համար այս կյանքում կա 2-3 զբաղմունք, որոնք նա կատարում է սրբորեն։ Դրանցից առաջինը գիշեր-ցերել Ալիևին և նրա կնոջը՝ Մեհրիբանին քծնելն է, երկրորդ՝ բիզնեսներով զբաղվելը և փող կուտակելը և երրորդը՝ հնարավորին շատ կոռուպցիայի մեջ թաթախվելը։
 
Եվ մինչ Ալլահշուքյուր Փաշազադեն հերթական անգամ հայտնվել է հանրային պարսավանքի թիրախում, ադրբեջանական կալանավայրերից մեկում պահվող Թալեհ Բաղիրզադեն, ով մեծ հեղինակություն է վայելում Ադրբեջանի շիաների շրջանում, հիշեցրել է իր մասին՝ բաց նամակով դիմելով Ադրբեջանի իշխանություններին։
 
Բաղիրզադեի նամակում, մասնավորապես, նշվել է. 
 
Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են այս պատերազմում դիրքորոշում արտահայտել և ցույց տալ, թե հակամարտող կողմերից ում են աջակցում։
 
Այնպիսի մի իրավիճակում, երբ մեր աչքի առաջ Թավրիզում Արդաբիլում և մյուս վայրերում ապրող մեր եղբայրները ենթարկվում են ռմբակոծության ցեղասպան քաղաքականություն իրականացնող Իսրայելի կողմից, մենք ոչ մի կերպ չենք կարող անտարբեր մնալ կամ չեզոք դիրքորոշում ցուցաբերել։
 
Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են այս պատերազմում հստակ դիրք զբաղեցնել և ցույց տալ, որ կանգնած են եղբայրական իրանական ժողովրդի արդար պայքարի կողքին։
 
Չեզոքությունը թշնամու նախընտրած քաղաքականությունն է, ուստի իշխանությունը պետք է իր դիրքորոշմամբ ապացուցի, որ կանգնած է արդար կողմի՝ եղբայրական Իրանի ժողովրդի կողքին։
 
Եվ թող չթվա, որ սա միայն մեր շարժման պահանջն է իշխանություններից։ Սա նաև ազատ մտքի կրող և ճշմարտության հաղթանակի համար նահատակության պատրաստ ադրբեջանցի հավատացյալների դիրքորոշումն է։ 
 
Մենք միշտ եղել ենք եղբայր Իրանի ժողովրդի կողքին, և այսպիսի շրջափուլում ևս մեր միասնությամբ ու համերաշխությամբ վերահաստատում ենք այդ աջակցությունը։
 
Հիշենք, որ Նարդարանի գործով արդեն ավելի քան մեկ տասնամյակ կալաանավայրում գտնվող Բաղիրզադեին առաջադրված մեղադրանքների թվում ներառված է նաև հօգուտ Իրանի լրտեսության կետը։
 
Աղբյուր՝ Caspian Frontiers