«Քանի որ Իրանն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկն է»

ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ․ Վարդան Ոսկանյան

- Իրանի վրա իսրայելական հարձակումն այս երկրում դիտարկում են նաև հարձակում քաղաքակրթության վրա, քանի որ Իրանն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկն է,- գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
 
- Այս առումով հենց քաղաքակրթության համատեքստում է սկսել իր անգլերեն ելույթն այս երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝
 
«Ես Սեյյեդ Աբբաս Արաղչին եմ, Իրանի արտգործնախարարը՝ խաղաղասեր մի ազգի, որը ժառանգորդն է աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկի և որը նշանակալի ներդրում է ունեցել համամարդկային քաղաքակրթության, մշակույթի և բարոյագիտության մեջ»։
 
Ավելի վաղ իրանագետը գրել էր՝ 
 
- Այժմ արդեն կարելի է ամփոփել, որ մեկ շաբաթ առաջ Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել։
 
Իսրայելական կողմը հավանաբար հաշվարկել էր, որ առաջին հուժկու հարվածից և ռազմական ղեկավարության նշանակալի դեմքերի սպանությունից հետո Իրանում ի հայտ կգա պետական ու ռազմաքաղաքական ղեկավարման ճգնաժամ։ Ակնհայտ է, որ նման ճգնաժամ այս պահի դրութամբ ոչ միան չի արձանագրվել, այլ նաև իրանցիները կարողացել են շատ արագ կազմակերպվել և պատասխան հարված հասցնել մոտավորապես 8 ժամվա ընթացքում։ 
 
Երկրորդ նպատակը սոցիալական, հասարակական, էթնիկական և կրոնական հողի վրա ներքին խժդժությունների հրահրումն էր Իրանում, որը նույնպես ոչ միայն չի իրագործվել, այլ ընդհակառակը՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածները և խաղաղ բնակչության շրջանում զոհերի առկայությունը համախմբել են իրանցիներին՝ մոռանալ տալով ներքին խնդիրները։
 
Հինավուրց պետականության ավանդույթը և խորը քաղաքակրթական արմատներով սնվող համազգային իրանական  ինքնությունն, ըստ էության, օգնել են Իրանին դիմակայելու լրջագույն մարտահրավերների։
 
 
Առժամանակ առաջ Վարդան Ոսկանյանը նաև տեղեկացրել էր իրանական առասպելական հերոս Արաշ Նետաձիգի բրոնզաձույլ արձանի բացման մասին՝ ընդգծելով խորհրդանիշները կարևորությունը․
 
- Չնայած Իրան-Իսրայել պատերազմի թեժ փուլին, Թեհրանի քաղաքապետարանը բացել է հին իրանական առասպելական հերոս Արաշ Նետաձիգի բրոնզաձույլ արձանը։
 
Ըստ շահնամեական ավանդույթի՝ նրա արձակած և հսկայական տարածություն կտրած նետով է որոշվել Իրանի և Թուրանի միջև սահմանը։ 
 
Նույնիսկ արդի պատերազմներում խորհրդանիշները շատ կարևոր են, քանի որ Իրանի սահմաններն այսօր պաշտպանում են հենց ժամանակակից իրանական «նետերը»՝ հրթիռները։