Ադրբեջանն է այն պետությունը, որից Իրանը կարող է հարված ստանալ ցամաքային ուղղությամբ․ Ռազմական փորձագետ

Իսրայելի կողմից հարվածը Իրանին սպասելի էր, քանի որ այդ մասին Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարբեաբար բարձրաձայնում է։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասել է  ռազմական փորձագետ Հայկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ։ Նրա դիտարկմամբ՝ Իսրայելը շատ վաղուց է պատրաստվել այս հարձակմանը։
 
Այսուհանդերձ մասնագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու միջուկային զենքի ստեղծման հետազոտություններով զբաղվող գիտնականները բնակվում էին սովորական , բազմաբնակարան շենքերում։
 
- Բանակի գլխավոր շտաբի պետը, պահապանների կորպուսի հրամանատարը բնակվել են սովորական շենքում։ Ակնհայտ էր, որ հակառակորդը հրաձակման գործողություններ սկսելու ժամանակ  թիրախավորելու էր հենց ռազմական և գիտական ղեկավարներին։  Իսրայելի դեպքում ձեռագիրն արդեն ընթերնելի էր, քանի որ այդպես նա վարվեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ղեկավարների, Լիբանանում՝ Հեզբոլլահի ղեկավարության դեպքում և նույնն արվեց հիմա։ Նրանք ունեն բազմաթիվ կառավարման կետեր, որոնք գտնվում են գետնի մակերևույթից տասնյակ կմ խորության վրա, պաշտպանված են։ Նույնիսկ բալիստիկ հռթիռների զինանոցն ապարաժե լեռներում 80-100մ խորության վրա  է,- ասել Նահապետյանը։
 
Փորձագետի գնահատմամբ՝ Իրանի պատասխան օդային հարվածից հետո, պատերազմը առարկայապես կարող է մտնել գործնական փուլ, երբ Իրանի նկատմամբ սկսվի ցամաքային օպերացիա։
 
- Այս առումով կարող ենք ասել, որ սա դեռ սկիզբն է։ Իրանը պատասխան տալու է։ Ի դեպ ասեմ՝ Ռուսաստանից հետո Իրանն աշխարհում երկրորդ երկիրն է, որն ունի հիպերձայնային արագության հրթիռ։ Եթե այս հրթիռներն սկսեն հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին այնպես, ինչպես Իսրայելը հարվածեց Իրանին, ապա սա մեծ հաշվով՝  կարող է վերածվել միջուկային պատերազմի,- ընդգծել է  ռազմական փորձագետը։
 
Անդրադառնալով տարածաշրջանում սպասվող հնարավոր զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանին սպառնացող վտանգներին, Նահապետյանն ասաց, որ հարևան Իրանի նկատմամբ ցանկացած գործողություն այս կամ այն կերպով կարող է անդրադառնալ Հայաստանի վրա։
 
- Հարկ է նշել, որ Արցախյան պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց, Իրանը մեզ համար կյանքի միակ ճանապարհն էր։ Այսպես կոչված՝ բարեկամ հարևան Վրաստանը 44-օրյա պատերազմի ժամանակ օդային և ցամաքային սահմանը փակել էր։ Հաշվի պետք է առնել նաև այն, որ Իրանն ու Ռուսաստանը ԲՐԻԿՍ  հիմնադիր երկրներ են, որոնց միջև սահմանը կտրում է երկու երկիր՝ Հայաստանն ու Վրաստանը։ Հիմա ,եթե թուրքական աշխարհը Հայաստանից կտրելու կամ օտարելու է ինչ-որ սահման, սկզբունքորեն կարող ենք գնահատել, որ Արևմուտքն է կտրել, որովհետև այսօր այդ կտրող պետությունը՝ ադրբեջանա-թուրքական տանդեմը,  ՆԱՏՕ-ի անդամ երկիր է , որն էլ հավաքական Արևմուտքի և ԱՄն ենթակա քաղաքական կառույց է։ Հետևաբար, չեմ բառացում, որ  եթե զարգացումները  գնան այնպես, որ  ցամաքային օպերացիա սկսվի Իրանի դեմ, ապա հարվածային ուղղություններից մեկը լինելու է Ադրբեջանը, մյուսը՝ Իրաքը։ Իսկ Ադրբեջանը,եթե նման գործողություն սկսի, ապա պետք է անխափան կերպով զենք-զինամթերք ստանա Թուրքիայից։ Պատկերացնենք՝ Թուրքիան կուտակել է միլիոնից ավելի անձնակազմ՝ Լիբիայից, Սիրիայից, Իրաքից, որոնք պետք է տեղափոխվեն Ադրբեջան, որպեսզի այդտեղից ցամաքային օպերացիային մասնակցեն։ Հետևապես՝ առաջնահերթ ցամաքային օպերացիան Իրանի դեմ պետք է սպասել Ադրբեջանի կողմից։ Բացի դրանից, Իսրայելը ռազմական օդուժի, մասնագետների, անօդաչու թռչող սարքերի առումով լավագույնս ներկայացված է Ադրբեջանում, հետևաբար Ադրբեջանն է այն պետությունը, որից ցամաքային օպերացիայի ժամանակ Իրանը կարող է հարված ստանալ,- մանրամասնել է փորձագետը։
 
Լրատվամիջոցի դիտարկմանը, թե այդո՞ք այս դեպքում Հայաստանը կարող ներքաշվել պատերազմի մեջ, փորձագետն ասել է․ 
 
- Զենք-զինամթերք կամ անձնակազմ Նախիջևան տեղափոխելու համար կա մեկ ճանապարհ և այդ ճանապարհն անցնում է Հայաստանով։ Այստեղ վտանգն այն է, որ Հայաստանից կարող է տարածք օտարվել՝  ռեսուրսներն անխափան տեղափոխելու համար, հիմնականում՝  ահաբեկչական։ Եթե իրավիճակը զարգացավ այս սցենարով, ապա այս տարծաշրջանը կդառնա մեծ ռազմական բախման ճակատ։
 
Նահապետյանի խոսքով՝ այս իրավիճակում խնդիրներ կարող են առաջանալ նաև մեր դաշնակից Ռուսաստանի համար՝ երկրորդ ճակատ բացելու առումով։
 
Այսօր Հայաստանը որքանո՞վ է պատրաստ նման զարգացումներին, ռազմական փորձագետը պատրասխանել է․  
 
- Հայաստանն ամբողջովին պատրաստ է ներքաղաքական շոուների, թատրոնների, հայհոյախոսության, ձերբակալությունների, իսկ ռազմական գործողությունների պատրաստ լինելու համար կան ստուգման  չափորոշիչներ։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն անընդհատ զինվեց։ Սա անհրաժեշտ պայման է, բայց ոչ բավարար։ Բավարար պայմանն այն է, որ անձնակազմն այդ զենքին տիրապետելու, ներդաշնակ գործելու համար պետք է լինեն զորավարժություններ։  Հայաստանը քանի՞ զորավարժություն է արել, անգամ ՀԱՊԿ երկրների հետ  կամ անում էր, կամ՝ ոչ։ ՀԱՊԿ անդամ երկրներն այլ երկրի տարածքում զորավարժություններ անցկացրեցին Հայաստանը ստորաբաժանում չուղարկեց։ 1-2 զորավարժություն է արել, որի մասին ավելի լավ է չբարձրաձայնել։ Ըստ այդմ՝ կարող ենք եզրակացնել, թե որքանով ենք պատրաստ։
 
Հաշվի առնելով հնարավոր վտանգները, Հայկ Նահապետյանի գնահատմամբ, Հայաստանը պետք է սկսի ակտիվ գործակցել Ռուսաստանի հետ։
 
- ՀՀ տարածքում միջուկային գլխիկներով հրթիռների տեղակայումը կարող է զսպել Թուրքիային և Ադրբեջանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություններից,- եզրափակել է panorama. am-ի զրուցակիցը։
 
Աղբյուր՝ panorama. am