Պաշտոնանկություն՝ շռայլ ճամփորդության պատճառով
ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԵՌԱՑՐԵԼ Է ԻՐ ՏԵՂԱԿԱԼԻՆ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը պաշտոնից հեռացրել է խորհրդարանական հարցերով իր փոխնախագահ Շահրամ Դաբիրիին՝ պարսկական Նոր տարվա (Նովրուզ) տոնակատարությունների ժամանակ Հարավային բևեռ վերջինիս շռայլ անձնական ճամփորդությունից հետո։
Ինչպես տեղեկացրել է news.am-ը՝ շաբաթ օրը Դաբիրիին ուղարկած հրամանագրում Իրանի նախագահը հայտնել է, որ Դաբիրիի ուղևորության մասին զեկույցին ծանոթանալուց հետո որոշել է աշխատանքից հեռացնել նրան: «Հաշվի առնելով հանրության առջև ծառացած բազմաթիվ տնտեսական դժվարությունները, պաշտոնյաների արտասովոր ուղևորությունները, նույնիսկ եթե ֆինանսավորվում են անձնական եկամուտներից, «պաշտպանության ու արդարացման ենթակա չեն և հակասում են Իրանի պաշտոնյաներից ակնկալվող մինիմալիստական ապրելակերպին», - ասել է Իրանի նախագահը:
«Մեր երկարամյա բարեկամությունը և ձեր անգնահատելի ծառայությունը որպես խորհրդարանական հարցերով փոխնախագահ, մեզ չեն խանգարում առաջնահերթությունը տալ ազնվությանը, արդարությանը և ժողովրդին տված մեր խոստումներին»,- ասել է Փեզեշկիանը։
Նույն օրն ավելի ուշ կառավարության խոսնակ Ֆաթիմա Մոհաջերանին հայտարարել է, որ նախագահ Փեզեշկիանի որոշումը ցույց է տալիս, որ նա ոչ մեկի հետ եղբայրական հարաբերություններ չունի, և նրա միակ չափանիշներն արդյունավետությունը, արդարությունը, ազնվությունը և հանրային շահն են:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Իրանի նախագահն իր հրամանագրում նշել է, որ Դաբիրիի ճամփորդության մասին զեկույցը ուսումնասիրելուց հետո որոշել է պաշտոնանկ անել նրան:
- Հաշվի առնելով բազմաթիվ տնտեսական դժվարությունները, որոնց բախվել է հանրությունը, պաշտոնյաների շռայլ ճամփորդությունները, նույնիսկ եթե դրանք հոգացել են անձնական եկամուտներով, արդարացված չեն և հակասում են Իրանի պաշտոնյաների կողմից ակնկալվող մինիմալիստական ապրելակերպին,- ասել է նախագահը: