Ես սիրում եմ Ուկրաինան, բայց Զելենսկին սարսափելի գործ է արել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը X-ի իր էջում տեքստ է հրապարակել՝ խիստ քննադատության ենթարկելով Ուկարինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
 
- Պատկերացրեք, համեստ հաջողության հասած կատակերգու Վլադիմիր Զելենսկին համոզեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ ծախսել 350 մլրդ դոլար մի պատերազմի համար, որում հաղթանակ չէր կարող լինել, որը պետք է չսկսվեր, բայց մի պատերազմ, որը նա առանց ԱՄՆ-ի և «ԹՐԱՄՓԻ» երբեք չի կարողանա լուծել: Միացյալ Նահանգները ծախսել է 200 մլրդ դոլար՝ ավելին, քան Եվրոպան, և Եվրոպայի գումարը երաշխավորված է, մինչդեռ Միացյալ Նահանգները ոչինչ հետ չի ստանա: Ինչո՞ւ քնկոտ Ջո Բայդենը չպահանջեց հավասարեցում. որովհետև այս պատերազմը շատ ավելի կարևոր է Եվրոպայի համար, քան մեզ համար: Մենք ունենք մեծ, գեղեցիկ օվկիանոս որպես բաժանում:
 
Բացի այդ, Զելենսկին ընդունում է, որ իրեն ուղարկված գումարի կեսը «ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է»: Նա հրաժարվում է ընտրություններ անցկացնել, ուկրաինական հարցումներում ցածր վարկանիշ ունի, և միակ բանը, որում նա լավ էր, Բայդենին «ջութակի պես նվագելն» էր: Առանց ընտրությունների դիկտատոր Զելենսկին պետք է արագ շարժվի, այլապես երկիր չի ունենա: Միևնույն ժամանակ, մենք հաջողությամբ բանակցում ենք Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ, մի բան, որը բոլորն ընդունում են, որ միայն «ԹՐԱՄՓԸ» և Թրամփի վարչակազմը կարող են անել: Բայդենը երբեք չփորձեց, Եվրոպան չկարողացավ խաղաղություն բերել, և Զելենսկին հավանաբար ուզում է պահպանել «փողի հոսքը»: Ես սիրում եմ Ուկրաինան, բայց Զելենսկին սարսափելի գործ է կատարել, նրա երկիրը ջախջախված է, և ՄԻԼԻՈՆԱՎՈՐ մարդիկ անտեղի մահացել են։ Եվ այսպես շարունակվում է…..,- ասել է Թրամփը։
 
Թրամփն այսօր ավելի վաղ Ֆլորիդա նահանգի Մար-ա-Լագոյի իր նստավայրում հրավիրած ասուլիսին խոսել է Ռիադում կայացած ամերիկա-ռուսական բանակցությունների մասին։
 
- Այժմ ես շատ ավելի վստահ եմ գործարքի հնարավորության հարցում, ամեն ինչ շատ լավ անցավ: Ռուսաստանը ցանկանում է հասնել որևէ լուծման,- ասել է Թրամփը՝ հայտարարելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին, հավանաբար մինչև փետրվարի վերջ:
 
Մամուլի ասուլիսի ընթացքում Թրամփը մեկ այլ ժեստ է արել Մոսկվայի ուղղությամբ՝ քանդելով Հին աշխարհի համար «ռուսական սպառնալիքի» պատմությունը: Նրա խոսքով՝ Ռիադի հանդիպման ժամանակ ռուսական պատվիրակությունը չի պահանջել Եվրոպայից ամերիկյան զորակազմի դուրսբերում:
 
- Ոչ ոք ինձ նման բան չի խնդրել: Ես չէի ցանկանա այդպիսի քայլի գնալ, սակայն այս թեման ոչ ոք չի բարձրացրել,- հայտնել է նա:
 
Աղբյուր՝ Civilnet