Թրամփը հայտարարել է Գազան իր վերահսկողության տակ վերցնելու պատրաստակամության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը։ Նման հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել երեքշաբթի՝ փետրվարի 4-ին, Սպիտակ տանը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո։ Մանրամասները՝ DW-ի հոդվածում։

«Եթե անհրաժեշտ լինի, մենք կանենք դա, մենք կվերցնենք այս տարածքը, կզարգացնենք այն, հազարավոր աշխատատեղեր կստեղծենք: Սա կլինի մի բան, որով կարող է հպարտանալ ողջ Մերձավոր Արևելքը», - հավելել է Թրամփը։ Հարցին, թե ով է ապրելու այնտեղ, հանրապետականը պատասխանել է, որ Գազայի հատվածը կարող է տուն դառնալ «աշխարհի մարդկանց» և «Մերձավոր Արևելքի Ռիվիերա»:
Թրամփի կարծիքով՝ իրենց երկարաժամկետ տիրապետումը մեծ կայունություն կբերի Մերձավոր Արևելքի այդ հատվածին։ Հարցին, թե դա նշանակում է ամերիկյան զորքեր ուղարկել Գազա, Թրամփը պատասխանել է. «Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է»:
«Ես սիրում եմ Իսրայելը, ես կգնամ այնտեղ, կգնամ Գազա, կգնամ Սաուդյան Արաբիա և այլ վայրեր Մերձավոր Արևելքում»,- խոստացել է Սպիտակ տան ղեկավարը։
Նեթանյահուն դրական է ընդունել այս խոսքերը։ Իսրայելի վարչապետի խոսքով՝ Թրամփը «մտածում է ոչ ստանդարտ՝ թարմ գաղափարներով» և «ցուցադրում է ավանդական մտածողությունը ոչնչացնելու պատրաստակամություն»։
Դեռ հունվարի վերջին Թրամփը արաբական երկրներին կոչ արեց ավելի շատ փախստականներ ընդունել Գազայի հատվածից՝ ասելով, որ նրանք պետք է պաղեստինցի արաբների համար բնակարաններ կառուցեն գոտիից դուրս, «որտեղ նրանք, հավանաբար, կարող են խաղաղ ապրել»:
«Չեմ կարծում, որ մարդիկ պետք է վերադառնան», - ասել է՝ նշելով, որ ներկայումս Գազայում բնակվել չի կարելի։ - «Կարծում եմ, որ մեզ այլ տեղ է պետք: Կարծում եմ, որ այն պետք է լինի այնպիսի վայր, որը մարդկանց ուրախացնի»:
Աղբյուր՝ Փաստինֆո