Երկարատև քաոս է կանխատեսվում
ԻՐԱՆԱԳԵՏԸ՝ ՍԻՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Իրանը պատրաստ է եղել օգնել Սիրիային, բայց քանի որ երկրի ղեկավարությունը պաշտպանական կարողություններ չի ցուցաբերել, այդ աջակցությունը դարձել է անհնարին։
- Սիրիայում երկարատև քաոս է կանխատեսվում, քանի որ այնտեղ տարբեր ուժեր, տարբեր դերակատարներ են ներգրավված։

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել իրանագետ Նվեր ԴԱՎԹՅԱՆԸ՝ անդրադառնալով Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի իշխանության տապալմանն ու տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իրականական արձագանքին։
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին դեկտեմբերի 11-ին հայտարարեց, թե Իրանն ապացույցներ ունի, որ Ասադի վարչակարգի տապալումը ԱՄՆ-ի, Իսրայելի և Սիրիայի հարևան մեկ այլ երկրի ծրագրի հետևանքն է։ Նա վստահություն հայտնեց, որ Սիրիայի երիտասարդությունը կազատագրի երկրի օկուպացված հատվածները` շեշտելով, որ Իրանը պատրաստ էր դիմադրության պայմաններում բոլոր տեսակի միջոցներով աջակցություն ցուցաբերել Սիրիային։
- Սիրիայի ոչ պաշտպանական կարողություններ ցուցաբերելու պայմաններում այդ աջակցությունը դարձավ անհնարին։ Թե ինչու Սիրիան չպայքարեց, կա 2 հանգամանք՝ երկրի սոցիալ-քաղաքական վիճակը և սոցիալ-տնտեսական քաղաքականությունը։ Առաջին դեպքում Ասադը լիարժեքորեն չմոբիլիզացրեց իր երկրի քաղաքական, ռազմաքաղաքական, կրոնաքաղաքական ուժերի ռեսուրսները, իսկ երկրորդ դեպքում՝ բնակչության ներսում կարող էր իշխանությունների նկատմամբ օբյեկտիվ դժգոհություններ լինել,- նշել է Դավթյանը։
Իրանագետի խոսքով՝ կան նաև այլ պատճառներ, խոսքն Արևմուտքի և արաբական որոշ երկրների, մասնավորապես Սաուդյան Արաբիայի հնարավոր խոստումների մասին է։
- Եթե Ասադը քաղաքական կամք դրսևորեր, առնվազն հնարավորություն ստեղծեր ընդամենը 4-5 օր դիմադրելու, ապա անհրաժեշտ աջակցությունը նրան կհասներ, բայց զարգացումները շատ սրընթաց կերպով եղան։ Պատճառների մասին տարբեր փաստեր կան, որ ցույց են տալիս՝ կա՛մ գիտակցված, կա՛մ չգիտակցված գուցե հավատացել է արևմտյան կամ արաբական որոշ երկրների խոստումներին, թե հեռու կանգնելով Իրանից, դիմադրության առանցքից, Ռուսաստանից, կարող է երկրի տնտեսական զարգացման համար Արևմուտքից աջակցություն ստանալ, պատժամիջոցները չեղարկվեն,- ասել է իրանագետը։
Անդրադառնալով հարցին` արդյոք Ասադի իշխանության տապալումը խաղաղություն կբերի Սիրիային, փորձագետը պատասխանել է՝ այդտեղ արդեն հարցը ներքին քաղաքական իրավիճակն է, քանի որ կարող են տարբեր սցենարներ զարգանալ։
Պատճառն այն է, որ տարբեր ուժեր և դերակատարներ են ներգրավված երկրում տեղի ունեցող գործընթացներին՝ հարավում Իսրայելն է տարածքներ օկուպացրել, հյուսիսային շրջաններն էլ կանցնեն Թուրքիայի հսկողության տակ։
Դավթյանը չի բացառեցլ, որ Թուրքիան կարող է նաև նոր ուժեր մտցնել Սիրիա՝ քրդերի նկատմամբ վերահսկողություն ապահովելու համար՝ փաստացի ռազմական ներկայություն ապահովելով այնտեղ։ Խոսելով երկրի հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածների մասին` նա ընդգծել է՝ այնտեղ էլ ԱՄՆ-ն է։
- Փաստացի Սիրիայի տարածքում առնվազն 3 նոր ռազմաքաղաքական ուժերի միջև բախումներ են հնարավոր։ Սիրիայում երկարատև քաոս է կանխատեսվում,- նշել է իրանագետը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: ՌԻԱ Նովոստին, հղում անելով Կրեմլի իր աղբյուրին հայտնեց, որ ՌԴ պաշտոնյաները կապի մեջ են սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնց առաջնորդները երաշխավորել են ՌԴ ռազմաբազաների և դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը:





