Կա վարկած՝ Իրանը և ՌԴ-ն փորձեցին Հարավային Կովկասը պահել՝ ի հաշիվ Սիրիայի․ Մ․ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Աշխարհաքաղաքական այսօրվա իրավիճակում և այն պատերազմական իրավիճակում, որում հայտնվել է Ռուսաստանը և այն նախապատերազմական վիճակում, որում հայտնվել է Իրանը, կարծես թե, թույլ չտվեց որպեսզի զբաղվեն Ասադի իշխանության պահպանությամբ։ Երկու տերություններն էլ հասկացան, որ Ասադը այլևս ի վիճակի չէ պահելու իշխանությունը։ Վարկած կար, որ հենց Ասադի իշխանության ներսում էլ խնդիրներ կային։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է թյուրքագետ, պ․գ․թ․, դոցենտ Մհեր Աբրահամյանը։
 
Բանախոսի դիտարկմամբ, Ռուսաստանը գերադասեց արևմտյան ճակատով զբաղվել և բարելավել արևմտյան տարածքները՝ սիրիականի փոխարեն։ Իրանի, Թուրքիայի և Իսրայելի հետ տարատեսակ խնդիրները, դրան գումարելով նաև Սուլեյմանիի և այլ գործիչների մահը՝ ևս ազդեցին այդ քաղաքականության վրա։
 
Փորձագետը նշում է, որ սիրիական նոր ձևավորվող իշխանությանը դժվար է իշխանություն անվանել, քանի որ վերջին իրադարձություններից հետո Սիրիայում խաղաղության և տարածքային անվտանգության հասնելու հարցը շատ բարդ և այս պահին չիրականանալի գործառույթ է, քանի որ այն մարդիկ, որոնք իրականացրեցին այս հեղափոխությունը՝ տարատեսակ գաղափարների և հոսանքների տակ են գտնվում։ Քանի որ Սիրիան բազմազգ և բազմակրոն պետություն է, ուստի այստեղ տեղի են ունենում տարատեսակ շահերի բախում։ Ձևավորվող իշխանությունը Սիրիայում չի կարող խաղաղության հասնել։
 
Թյուրքագետը վստահ է, որ Իսրայելը և Թուրքիան քողարկված փոխգործակցում են միմյան հետ, ինչպես արեցին Արցախում։ Իսրայելը և Թուրքիան համագործակցում են արևմտյան խոշոր բլոկի հետ, ուստի Իսրայել-Թուրքիա բախումը հանգեցնելու է բախման արևմտյան բլոկի ներսում։
 
Վարկած կա, որ Իրանը և Ռուսաստանը փորձեցին Հարավային Կովկասը պահել ի հաշիվ Սիրիայի։ Եթե Ռուսաստանը կարողանա իր արևմտյան ճակատում ձեռք բերել այն լուրջ հաջողությունները, որոնցով կհաստատվի նրա հաղթական ընթացքը՝ հնարավոր է, որ նա նորից վերադառնա այս տարածքների խնդրին։ Հայաստանը դարպաս է, որը թույլ չի տալու, որպեսզի Ռուսաստան ներթափանցեն պանթյուրքիստական գաղափարախոսությունները»,- ասել է Մ․ Աբրահամյանը։
 
Աղբյուր` Փաստինֆո