Լիբանանի հետ համաձայնության համար Իսրայելը բարձրանում է բավական խիստ պահանջներ. Գանտահարյան

Իսրայելական հարվածի հետեւանքով այս օրերին Բեյրութը բավականին լուրջ վնասներ է կրել ու խոսքը չի գնում միայն հարավային արվարձանների մասին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ հաստատելով տեղեկություններն առ այն, որ դպրոցներն անցել են հեռավար դասավանդման։
 
Միջազգային մամուլում տեղեկություններ կան Իսրայելի ու Լիբանանի միջև հնարավոր զինադադարի մասին, ինչին արձագանքելով մեր գործընկերը նշեց, որ լիբանանյան կողմն, ըստ էության, իր համաձայնությունը տվել է և գնդակն Իսրայելի դաշտում է։ Համաձայնություն ձեռք բերելու հարցում, ըստ նրա, կան խնդիրներ, այն է՝ Իսրայելն ուզում է համաձայնությունից հետո եւս 60 օր ևս մնալ Լիբանանի տարածքներում՝ պահանջելով ամբողոջովին կազմաքանդել Հեզբոլլահի համակարգը։
 
- Ուզում է, որ վերահսկիչ հանձնախումբ լինի իր կողմից, որն, իհարկե, գլխավորելու է Միացյալ Նահանգները, բայց, օրինակ, չի ուզում, որ Ֆրանսիան ներգրավվի այդ հանձնախմբի մեջ, չի ցանկանում, որ լիբանյան բանակը վերահսկի օդային և ջրային ու ցամաքային անցքերը, որպեսզի որևէ սպառազինություն չհասնի Հեզբոլլահին։ Այդ մասով անգամ միջազգային հանձնախմբի երաշխավորությունները բավարար չի համարում,- նշեց Շ.Գանտահարյանը՝ ավելացնելով, որ Իսրայելն ուզում է իրեն իրավունք վերապահել ռազմական գործողություններ իրականացնել Լիբանանում, երբ նկատի որևէ շարժում։
 
Իսրայելի առաջադրած պայմանները, Գանտահարյանի դիտարկմամբ, բավական խիստ են, որոնց շուրջ դժվար թե Լիբանանում, այս պահի դրությամբ, արագ համաձայնություն ձեռք բերվի։
 
- Կա լրատվություն, որ ամերիկացի պատվիրակն ասել է, որ առաջիկա օրերին, եթե չլինի համաձայնությունը, իրենք դուրս կգան միջնորդությունից, սա կարող է որպես ճնշում աշխատել, բայց դեռևս պարզ չէ-, ասաց նա՝ նկատելով, որ ընդհանուր առմամբ, ճնշող վիճակ է։
 
- Պարզ չէ ավելի կավելանան դիվանագիտական ճնշումները, թե ոչ։ Կա նաև կարծիք, որ շտապողականությունը կարող է պայմանավորված լինել առաջիկայում Թրամփի պաշտոնի ստանձնմամբ։ Նաեւ տեսակետ կա, որ Միջին արևելյան տարածաշրջանի քաղաքական քարտեզի վերագծման պրոցեսներ են և դա ավելի հեռահար ծրագիր է, - ասաց Գանտահարյանը։
 
Ինչ վերաբերում է հայ համայնքին, ապա օրերս շատ կարևոր հանդիպում էր կազմակերպվել հայ հոգևոր առաջնորդների ու հայ ավանդական կուսակցությունների կառույցների հետ՝ Արամ Ա. Կաթողիկոսի հրավերով, որտեղ քննարկվել են Լիբանանում տիրող իրավիճակը, դրանից բխող հետևանքները, հայ համայնքի բարեսիրական աշխատանքների կազմակերպման հարցեր։ Նրա արձանագրմամբ՝ հայ համայնքը անմասն չի կարող մնալ փախստականների հարցերին, որոնք տիրում են Լիբանանում։
 
Աղբյուր` Փաստինֆո