Ճգնաժամ Աբխազիայում. ո՞րն է ելքը
«ԱԲԽԱԶԻԱՅԻ ՀԱՋՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԿԱՆԳՆԻ ՆՈՒՅՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌԱՋ, ԻՆՉ ԲԺԱՆԻԱՆ». ԿԱՐԾԻՔ
«Աբխազիայում կա բազմիցս փորձարկված քաղաքական ավանդույթ։ Եթե դժգոհ քաղաքացիների զանգվածները առանց հրավերի մտնում են նախագահական շենք, պետության ղեկավարը համարվում է պաշտոնանկ արված։
Ներկայիս իրավիճակը, երբ բազմամարդ բողոքի ակցիաների ֆոնին կառավարական շենքերի համալիրը հայտնվել է ընդդիմության ձեռքում, լիովին համապատասխանում է այդ տարիներով մշակված սցենարին»,- կարծում է «Չեգեմսկայա պրավդա» պարբերականի խմբագիր, Աբխազիայում JAMnews-ի խմբագիր Ինալ Խաշիգը։
Ի՞նչ է կատարվում Աբխազիայում և ինչո՞ւ
Դե-յուրե Ասլան Բժանիան դեռևս երկրի նախագահն է։ Նոյեմբերի 14-ի երեկոյան նա, կարծես թե, պատրաստ էր հրաժարական տալ և նույնիսկ միջնորդների միջոցով ընդդիմության հետ քննարկում էր, թե ով է ժամանակավորապես կատարելու պետության ղեկավարի պարտականությունները։ Սակայն հետո փոխեց իր միտքը։
Ֆորմալ առումով կողմերը համաձայնության չեն եկել ժամանակավոր իշխանության կազմի շուրջ։ Բժանիան որպես նախագահի ժամանակավոր պաշտոնակատար առաջարկում էր փոխնախագահ Բադրա Գումբայի թեկնածությունը, իսկ վարչապետի պաշտոնում՝ այն անձի, ում կպատվիրակեր ընդդիմությունը։
Նրա ընդդիմախոսները պնդում էին, որ հրաժարական պետք է տան ոչ միայն հենց Բժանիան, այլև փոխնախագահ Գումբան և վարչապետ Ալեքսանդր Անկվաբը։ Այդ դեպքում, ըստ աստիճանակարգության, նախագահի ժամանակավոր պաշտոնակատար պետք է դառնար ներկայիս խորհրդարանի խոսնակ Լաշա Աշուբան։
Տպավորություն է ստեղծվում, որ բանակցային այս ողջ իրարանցումն Ասլան Բժանիային պետք էր ժամանակ շահելու համար։ Նրան անհրաժեշտ էր ուշքի գալ, բանակցել Մոսկվայի հետ, ոգևորել իր ուժայիններին։
Նա ակնհայտորեն չէր ուզում հեռանալ։ Եվ արդեն գիշերը պետական անվտանգության ծառայության շենքի աստիճաններից հայտարարեց այդ մասին՝ դիմելով ուժայիններին։
Ընդհանուր առմամբ, Ասլան Բժանիան որոշել է մնալ իշխանության։ Թեև նրա կարճ ելույթից հետո ուժայինները, որոնք տեսականորեն պետք է գնային և «դուրս շպրտեին» ընդդիմությանը նախագահական պալատից, լքեցին տարածքը։ Իսկ Մոսկվան, որի վրա ևս նա հույս էր դնում, ակնարկեց, որ չի միջամտի ներաբխազական գզվռտոցին։
Դեռևս դե-յուրե նախագահ Ասլան Բժանիան ստիպված էր գիշերելու մեկնել հայրենի Թամիշ գյուղ։
Իսկ դե-ֆակտո իշխանությունը պատկանում է ընդդիմությանը, որն արդեն տեղավորվում է կառավարական շենքերի համալիրում։
Ինչպես էլ այս պատմությունը հանգուցալուծվի, ամեն դեպքում Աբխազիային սպասվում են նոր նախագահական ընտրություններ։ Մինչև ճգնաժամը դրանք պլանավորված էին 2025 թվականի փետրվարի կեսին։ Եվ հիմա մեծ տարբերություն չկա՝ դրանք տեղի կունենան մեկ ամիս շո՞ւտ, թե՞ մեկ ամիս ուշ։
Ամեն դեպքում երկրի հաջորդ նախագահը հաստատ չի լինելու Ասլան Բժանիան։
Մեկ այլ հարց է, որ նոր աբխազ առաջնորդին կփոխանցվի խնդիրների հին բեռը, այդ թվում՝ այն նույն ռուս-աբխազական ներդրումային համաձայնագրի վերաբերյալ որոշման կայացումը, որի պատճառով տուժեց Բժանիան։
Մոսկվայի հետ հարաբերությունների նոր ալգորիթմ գտնելը կլինի հաջորդ իշխանության առաջնահերթ խնդիրներից մեկը։ Դրա բանաձևը չափազանց պարզ է՝ պահպանել Ռուսաստանի հետ բարեկամությունը՝ չոտնահարելով սեփական ինքնիշխանությունը։
Սակայն քանի դեռ երկրի բյուջեի կեսը դոտացիայով հատկացնում է Մոսկվան, նշված հավասարակշռությանը հասնելը չափազանց դժվար կլինի։
Ընդհանուր առմամբ, չնայած հերթական իշխանափոխությանը՝ Աբխազիայում խնդիրների բեռը, որը դժգոհ քաղաքացիների զանգվածներին բերում է նախագահական պալատ, մնում է նույնը։
Իսկ դա նշանակում է, որ հաջորդ նախագահի գլխին էլ կախված կլինի իշխանությունից վաղաժամ հեռացվելու դամոկլյան սուրը։
JAMnews․ Սուխում