Ամերիկյան հետախուզությունը կգլխավորի այն կինը, որն անցանկալի անձ է հայտարարվել Ադրբեջանում

 44-օրյա պատերազմը նոր էր սկսվել, երբ ամերիկացի կոնգրեսական Թալսի Գեբարդը հայտարարեց. «ԱՄՆ-ը պետք է պահանջի, որ Ադրբեջանն անմիջապես կանգնեցնի հարձակումը, իսկ Թուրքիան՝ դադարեցնի իր ներգրավվածությունը, որն արտահայտվում է թե′ անմիջական ռազմական միջամտությամբ, թե′ Ալ Քաեդայի հետ կապված զինյալներին Լեռնային Ղարաբաղ ուղարկելով։ Ես եղել եմ Լեռնային Ղարաբաղում և առաջին ձեռքից գիտեմ, որ այնտեղի հայերը ամեն ինչ անում են 1994 թվականին Բիշքեկում համաձայնեցված հրադադարը պահպանելու և երկարաժամկետ խաղաղության պայմանագիր կնքելու համար», գրել է կոնգրեսականը։ Հինգշաբթի օրը հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփը որոշել է Թալսի Գեբարդին նշանակել Ազգային հետախուզության տնօրեն իր ապագա վարչակազմում։
 
Այո′, այս կինը դեռ 2017 թվականին կոնգրեսականների պատվիրակության կազմում այցելել է Արցախ, ինչից հետո Բաքուն նրան անցանկալի անձ է հայտարարել և արգելել մուտքն Ադրբեջան։ Ի դեպ, Գեբարդի հանդեպ, մեղմ ասած, համակրանք չեն տածում նաև Թուրքիայի իշխանությունները, և ոչ միայն այն պատճառով, որ նա միշտ սատարել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բոլոր նախաձեռնություններին։
 
Ահա թե ինչ է ասել Գեբարդը մի քանի տարի առաջ. «Թուրքիան շարունակում է վտանգել ԱՄՆ-ի շահերը Սիրիայում, Հունաստանում, Իսրայելում և Կիպրոսում։ Կիպրոսի օկուպացիան պետք է դադարեցվի, և կղզին պետք է միավորված լինի»։
 
Թալսի Գեբարդի կեցվածքը միանշանակ չեն ընդունում նաեւ որոշ ամերիկացի գործիչներ։ Այն պարզ պատճառով, որ նրանք՝ իրենց տաքուկ առանձնասենյակներում նստած, խրախուսում են ռազմական գործողությունները աշխարհի տարբեր ծայրերում, իսկ այս կինը, որը ծառայել է Իրաքում և Քուվեյթում, կոչ է անում դադարեցնել բոլոր պատերազմները։
 
Համաձայնե′ք, շատ ճիշտ է նկատել թերթերից մեկի մեկնաբանը. «Բանն այն է, որ Գեբարդը, իր իսկ խոսովանությամբ, համոզվել է, որ ԱՄՆ-ի համար վնասակար է Մերձավոր Արևելքում ռազմական արկածախնդրություններին մասնակցելը, նա դեմ է «անվերջ պատերազմներին» և պահանջում է, որ զինվորականների կյանքը չզոհաբերվի հանուն ինչ-որ մեկի աշխարհաքաղաքական հավակնությունների։ Պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում. ամերիկացի քաղաքական գործիչների մեծ մասը, որոնք երբեք առաջնագծում չեն եղել, և որոնց ընկերներն ու երեխաները չեն զոհվել Աֆղանստանում կամ Իրաքում, անընդհատ նորանոր պատերազմներ են պահանջում միշտ և ամենուր՝ սկսած Իրաքից և Լիբիայից և վերջացրած Վենեսուելայով ու Սիրիայով։ Մինչդեռ բանակում ծառայած և փոխգնդապետի կոչում ստացած Գեբարդը պահանջում է, որ պատերազմները դադարեցվեն, և ԱՄՆ-ը դուրս գա Սիրիայից, ինչի համար լրատվամիջոցներն այդ կնոջը սուր քննադատության են ենթարկում և որակում «Ասադի քարոզիչ»։  
 
Փաստն այն է, որ Թալսի Գեբարդը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո որոշել է հրաժարվել Հավայան կղզիների խորհրդարանի պատգամավորի մանդատից, կամավոր մեկնել է բանակ և ծառայել Իրաքում, իսկ այնուհետեւ Քուվեյթում։ Վերադառնալուց հետո անդամագրվել է Դեմոկրատական կուսակցությանը և երեք անգամ ընտրվել Կոնգրեսի Ստորին պալատի անդամ։ Նախագահի 2016 թվականի ընտրություններում  նա աջակցել է Հիլարի Քլինթոնին, բայց երբ չորս տարի անց՝ 2020 թվականին, Գեբարդը որոշել է առաջադրել իր սեփական թեկնածությունը, նույն Հիլարի Քլինթոնը ինչ ասես ասել է նրա մասին՝ անվանելով «Կրեմլի կողմից առաջադրված թեկնածու»։ Պատճառն այն էր, որ Գեբարդը միանշանակ հայտարարել էր՝ Ամերիկան ինքն  է սադրել Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում, որովհետև Վաշինգտոնի վերնախավը չի հրաժարվում Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու ծրագրից և ցանկանում է այդ երկիրը դարձնել նոր Աֆղանստան։ Հենց սա էլ հիմք էր տվել Հիլարի Քլինթոնին պնդելու, որ Գեբարդը Մոսկվայի դրածոն է։  
 
Թալսի Գեբարդը շատ սուր է պատասխանել, Քլինթոնին անվանել է «պատերազմի հրձիգ», նույնիսկ դատի է տվել ու պահանջել 50 միլիոն դոլար՝ հրապարակավ վիրավորանք հասցնելու համար։ Բոլոր դեպքերում երկու տարի անց՝ 2022 թվականին, որոշել է վերջնականապես դուրս գալ Դեմոկրատական կուսակցությունից՝ բացատրելով լրագրողներին. «20 տարի առաջ, երբ ես դեմոկրատ դարձա, այդ կուսակցությունը բոլորովին այլ էր, հիմա լրիվ փոխվել է»։
 
Ինչպես վկայում է ԲիԲիՍի-ն, Գեբարդը սոցիալական ցանցերից մեկում գրել է. «Ջո Բայդենի վարչակազմը առնվազն պետք է հրաժարվի Ռուսաստանին թուլացնելու մտադրությունից և դրա փոխարեն Կիևին ու Մոսկվային օգնի բանակցությունների միջոցով ավարտել պատերազմը»։ 
 
Ինչևէ, այս տարվա օգոստոսին Թալսի Գեբարդը հրապարակավ հայտարարեց, որ աջակցում է Դոնալդ Թրամփին։ Ու չսխալվեց՝ ընդամենը երեք ամսից արդեն վերընտրված Թրամփը վստահեց այդ համակրելի փոխգնդապետին երկրի ողջ հետախուզության ղեկավարի պաշտոնը։  
 
Արմեն ԴՈւԼՅԱՆ․ Սպուտնիկ Արմենիա