Ինչ է սպասվում Թրամփի նախագահության օրոք

ԹՐԱՄՓԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ. ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 10 ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

«Դեմոկրատները ջախջախիչ պարտություն կրեցին ողջ Ամերիկայում։ Ժողովրդավարության նվաճումները կենթարկվեն լուրջ փորձությունների»։ New York Times-ի հեղինակ Reid J. Epstein-ը հրապարակել է քաղաքական կանխատեսում այն մասին է, թե ինչ է սպասվում ԱՄՆ-ին և աշխարհին այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը նորից ընտրվեց նախագահ։
 
JAMnews-ը պատրաստել է հոդվածի համառոտ տարբերակը, որը նեկայացնում ենք ստորև։ 
 
1. ԱՄՆ-ում ժողովրդավարությունը կհայտնվի հսկայական ճնշման տակ
 
Թրամփը արդեն փորձել է խաթարել դատական համակարգի անկախությունը։ Այժմ նա վերադառնում է Սպիտակ տուն՝ իմանալով, թե համակարգն ինչպես կարող է սահմանափակել իր գործողությունները, ինչպես նաև թիմով, որը պատրաստ է օգնելու նրան շրջանցել ստեղծված նորմերը։
 
Քիչ հավանական է, որ նա բարձր պաշտոնների նշանակի այնպիսի մարդկանց, ովքեր պատրաստ են առարկել իրեն։
 
♦ Նրա ազդեցիկ դաշնակիցների շրջանակում են Օհայոյի սենատոր Ջեյ Դի Վենսը (այժմ՝ փոխնախագահ), միլիարդատեր Իլոն Մասկը և դավադրապաշտական տեսությունների ջատագով Ռոբերտ Ֆրենսիս Քենեդի կրտսերը, ով վաղուց կասկածի տակ է դնում պատվաստանյութերի վերաբերյալ ընդունված գիտությունը։
 
Թրամփը կլինի նախագահ, ով արդեն իսկ քաղաքական բռնություն է հրահրել և խոստացել ԱՄՆ-ի բանակն օգտագործել իր ներքին հակառակորդների դեմ։ Սա հեռանկար է, որը կարող է սառեցնել հանրության դիմադրությունը:
 
2. Ամերիկայի արտասահմանյան դաշնակիցներին լուրջ փորձություն է սպասվում
 
♦ Ներքին և միջազգային քաղաքականության մեջ վերջին չորս տարիների ընթացքում նկատվող հարաբերական կայունությունը շուտով իր տեղը կզիջի անկանխատեսելի կառավարմանը։
 
Մասնավորապես՝
 
= Թրամփը հիացել է Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի ավտորիտար առաջնորդներով, նվաստացրել ԱՄՆ-ի՝ Եվրոպայի և Ասիայի ժողովրդավարական դաշնակիցներին։
 
= Երկրի ՆԱՏՕ-ի կազմում մնալու հարցը դեռ բաց է:
 
= Ռուսաստանի ներխուժմանը դիմադրող Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը վտանգի տակ է:
 
= Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ ներգրավվելու է նոր, անկանխատեսելի դերակատար, ով մինչ այս հետաքրքրություն չի ցուցաբերել լարվածության թուլացման նկատմամբ:
 
Արմատական փոփոխությունների են ենթարկվելու նաև բազմաթիվ ներքին հարցեր՝
 
= Թրամփը նախընտրական արշավը վարել է «անօրինական միգրանտներին անմիջապես արտաքսելու» կարգախոսով:
 
= Նա խոստացել է 20 տոկոս տուրք սահմանել ներմուծվող ապրանքների վրա:
 
= Նրա թիմի անդամները հայտարարել են, որ Թրամփի վարչակազմը կարող է էականորեն սահմանափակել կամ նույնիսկ փորձել լրիվ արգելել աբորտները:
 
= Թրամփը և Հանրապետական կուսակցությունը ստացել են ոչ միայն նախագահի պաշտոնը, այլև Սենատի նկատմամբ վերահսկողությունը։ Դա նշանակում է, որ նա կկարողանա նշանակել բազմաթիվ դաշնային դատավորների, հնարավոր է՝ նաև լրացուցիչ դատավորներ Գերագույն դատարանում, եթե տեղեր ազատվեն։
 
Սա կերաշխավորի, որ պահպանողականները ԱՄՆ-ի դատական համակարգը վերահսկեն ևս մի քանի սերունդ:
 
3. Թրամփը մնում է ԱՄՆ-ի ամենակայուն քաղաքական ուժը
 
Քամալա Հարիսը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ իր քարոզարշավի նպատակն էր «թերթել» Թրամփի դարաշրջանի քաղաքականության էջը։ Սակայն այժմ Թրամփի պատմությունը կարող է շարունակվել բազմաթիվ տարիներ:
 
Չնայած Թրամփի 2016 թվականի հաղթանակից ի վեր Հանրապետական կուսակցությունը պարտություն է կրել կամ ցույց է տվել թույլ արդյունքներ բոլոր խոշոր ընտրություններում, նա մնացել է ամերիկյան քաղաքականության ամենահզոր ուժը:
 
♦ Նա կանգնեցրել է նախագահի պաշտոնում իր մրցակիցը դառնալու այլ հանրապետականների բոլոր փորձերը։ Իսկ դեմոկրատ Ջո Բայդենը, ով կարողացավ հաղթել նրան 2020 թվականին, հետագայում իր նախագահական կարիերան հիմնականում կառուցեց ի հակադրություն Թրամփի:
 
Թրամփը հանցագործությունների իրականացման մեջ մեղադրվել է չորս անգամ, դատապարտվել՝ մեկ անգամ, մեղավոր է ճանաչվել սեռական բռնության գործադրման համար, ստել է այնքան, որ երաշխավորել է «փաստ ստուգողների» բանակի աշխատանքը։ Նա իր քարոզարշավի վերջին օրերն անցկացրել է ռասիստական հումորների համար հարթակ տրամադրելով և իր քաղաքական հակառակորդների հասցեին սպառնալիքի լեզու օգտագործելով:
 
Այնուամենայնիվ, բավականին մեծ թվով ամերիկացիներ այդ ամենին ուշադրություն չեն դարձրել և նորից նրան Սպիտակ տուն են ուղարկել։
 
4. Քամալա Հարիսը չկարողացավ հաղթահարել Ջո Բայդենի վատ իմիջը
 
Ընտրություններում Քամալա Հարիսի գրանցած թույլ արդյունքները խիստ կապված են ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի հետ: Չնայած իրականացրած օրենսդրական բարեփոխումներին՝ նա ոչ պոպուլյար էր ընտրողների շրջանում:
 
♦ ԱՄՆ բնակիչները համարում էին, որ նա չափազանց ծեր է երկրորդ ժամկետի համար, Բայդենին ընկալում էին որպես տնտեսության և երկրի հարավային սահմանի վատ կառավարիչ:
 
Ավելի քան մեկ տարի առաջատար դեմոկրատները, այդ թվում՝ Հարիսը, մերժում էին այն, ինչ իրենց ասում էին կուսակիցները՝ 80-ամյա Բայդենը չպետք է նորից առաջադրվի:
 
Երբ Հարիսը փոխարինեց Բայդենին, միևնույն է՝ նա մնաց որպես «քաղաքական բեռ»: Նրա համար դժվար էր ընտրողներին բացատրել, թե ինչով է ինքը տարբերվելու: Իսկ ինքը՝ Բայդենը, այնքան ոչ պոպուլյար դեմք էր, որ դեմոկրատներն ինքնըստինքյան ցնցվում էին, երբ նա հայտնվում էր նախընտրական մրցավազքում:
 
Հարիսի խնդիրները նրա սեփական որոշումների՞ արդյունք են, թե՞ այն իրավիճակի, որում նրան դրել էր Բայդենը։ Այս հարցը դառնալու է թեժ վեճերի առարկա, երբ առաջիկա օրերին, շաբաթներին և ամիսներին դեմոկրատները փորձեն մեղավորներ փնտրել:
 
5. Կին ԱՄՆ-ի նախագահ. ոչ հիմա
 
Հիլարի Քլինթոնը, ով պարտվեց Դոնալդ Թրամփին 2016 թվականի նախագահական ընտրություններում, ասել էր, որ «փորձել է ջարդել ամենաբարձր և կոշտ ապակյա առաստաղը»։ ԱՄՆ-ի առաջին կին նախագահը նրա նախագահական քարոզարշավի կենտրոնական էլեմենտն էր։
 
Արդյունքներին սպասելիս նա գիշերել էր Նյու Յորքի Ջեյվիտս կենտրոնում՝ անմիջականորեն ապակյա առաստաղի տակ:
 
♦ Քամալա Հարիսը կարճատև քարոզարշավի կենտրոնական թեմա չդարձրեց ոչ իր սեռը, ոչ էլ ռասան (նրա հայրը Ջամայկայից է, իսկ մայրը՝ Հարավային Ասիայից): Նա փորձեց վարկաբեկել Թրամփին և ներկայանալ որպես նոր սերնդի դեմք:
 
Սակայն այս մոտեցումներից ոչ մեկը չաշխատեց Թրամփի դեմ:
 
6. Թրամփի դեմ քրեական գործընթացները վտանգի տակ են
 
Թրամփի օրոք Արդարադատության նախարարությունը, հավանաբար, նրա վրայից կհանի գաղտնի փաստաթղթեր թաքցնելու և ընտրություններին միջամտելու գործով մեղադրանքները։
 
Թրամփն արդեն հայտարարել է, որ աշխատանքից կազատի Ջեք Սմիթին՝ այն հատուկ դատախազին, ով վերջին երկու տարում վարել է նրա դեմ դաշնային հետաքննությունները:
 
♦ Կասկած չկա, որ Թրամփի կողմից նշանակված գլխավոր դատախազը պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո կդադարեցնի նրա նկատմամբ հետապնդումը:
 
Նոյեմբերին Թրամփը ստիպված է լինելու լսել ծանր հանցագործությունների գործով իր դատավճիռը, լսումները տեղի էին ունեցել գարնանը: Բայց դեռևս հայտնի չէ, թե ինչպես կփոխվի իրավիճակն այն բանից հետո, երբ նա նախագահ ընտրվեց:
 
7. Թրամփի կուսակցությունը կվերահսկի Սենատը,
հնարավոր է՝ նաև Ներկայացուցիչների պալատը
 
Ի տարբերություն 2017 թվականի, երբ Թրամփը առաջին անգամ ստանձնեց պաշտոնը, հանրապետականները կվերահսկեն Սենատը և կպահպանեն վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատի նկատմամբ:
 
♦ «Հանրապետական եռյակը» Թրամփին կտա քաղաքականության մեջ գործունեության ազատություն: Դեմոկրատներին չի հաջողվի Կոնգրեսում նախաձեռնել հետաքննություններ, որոնք հաճախ հանգեցնում են կործանարար քաղաքական բացահայտումների:
 
Թեև Սենատի հանրապետական մեծամասնությունը դեռևս ունի երկու ոչ ծայրահեղական սենատորներ՝ Սյուզան Քոլինզը (Մեն նահանգից) և Լիզա Մերկաուսկին (Ալյասկայից), Թրամփն, ամենայն հավանականությամբ, կարող է շատ չանհանգստանալ նոր Սենատում աջակողմյան բարեփոխումների անցկացման ժամանակ:
 
8. Դեմոկրատների միջև լավ հարաբերությունների
կարճ դարաշրջանն ավարտվեց
 
Երբ բանավեճերի ընթացքում ունեցած անհաջող ելույթներից հետո Բայդենին հեռացրին, կուսակցությունը զգաց համատեղ ուրախություն՝ միավորվելով Հարիսի շուրջ:
 
Ավելի քան 100 օր չկար որևէ անհամաձայնության, քանի դեռ Հարիսը վարում էր առանց վեճերի և քիչ քանակի ակնհայտ սխալներով քարոզարշավ: Միջոցների հավաքագրումն ակնհայտ աճել էր, կուսակցությունը ցնծության մեջ էր, երբ նա ստեղծեց քաղաքացիական դաշինք, որում ընդգրկված էին բոլորը՝ Լիզ Չենիից (ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ) մինչև Բերնի Սանդերս:
 
Բայց ոչինչ այդքան չի սրում ներկուսակցական քաղաքացիական պատերազմը, ինչպես ընտրություններում գրանցած թույլ արդյունքները:
 
9. Ամբողջ Ամերիկան թեքվեց դեպի աջ
 
= Թրամփը հաղթեց Ֆլորիդայում՝ մոտ 13% տարբերությամբ, ինչը 10 տոկոսով ավելի է, քան 2020 թվականին:
 
= Տեխասում նույնպես տեղի ունեցավ 10 տոկոսային կետի առաջընթաց՝ ի օգուտ նրա:
 
= Նա հաղթեց Օհայոյում՝ մոտ 11 միավորի առավելությամբ, ինչը 3 միավորով ավելի է, քան 2020 թվականին:
 
Շրջադարձ տեղի ունեցավ նաև «կապույտ» նահանգներում՝
 
= Նյու Յորքը նրա կողմը թեքվեց մոտ 13 միավորով,
 
= Վիրջինիան՝ 6 միավորով:
 
♦ Թրամփը հասավ դրան՝ վարելով կանխատեսելի և տեղ-տեղ բացահայտ ռասիստական քարոզարշավ, որն ուղեկցվեց նրա դեմ կատարված սպանության փորձերով:
 
= Նա պնդում էր, որ Բայդենն ու Հարիսն են պատասխանատու համավարակից հետոյի գնաճի և ոչ պոպուլյար միգրացիոն քաղաքականության համար:
 
= Թրամփը խոշոր խաղադրույք կատարեց հակա-տրանսգենդեր գովազդի վրա:
 
= Նա հայտարարել էր, որ դեմոկրատական էլիտան արհամարհում է իր կողմնակիցներին:
 
Հարիսն ու այլ դեմոկրատներ հիմնականում նախընտրում էին չպատասխանել Թրամփի այդ հարձակումներին: Արդյո՞ք դա սխալ էր:
 
10. Գյուղական Ամերիկան դարձավ ավելի «կարմիր»
 
Երբ Հարիսը Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլզին ընտրեց փոխնախագահի թեկնածու, նրա գլխավոր խնդիրներից մեկը դարձավ լինել Հարիսի դեսպանը գյուղական շրջաններում: Այնտեղի ընտրողները հավանաբար ճանաչում էին նրան որպես ֆուտբոլի թիմի մարզիչ և գնահատում, որ ծնվել է Նեբրասկա նահանգի փոքր քաղաքում:
 
♦ Բայց դա գյուղական Ամերիկայի ընտրողներին հետ չպահեց Թրամփի օգտին քվեարկելուց:
 
Ուոլզն իր ժամանակի մեծ մասն անց էր կացնում փոքր քաղաքներում՝ մեծ քաղաքների մեծ հարթակները թողնելով Հարիսին: Դեմոկրատներն առանցքային նահանգների գյուղական շրջաններում բացահայտ խոսում էին «ձայների նվազագույն տարբերությամբ պարտվելու» ռազմավարության մասին:
 
Սակայն, ի վերջո, պարտվեցին նույն կամ նույնիսկ ավելի մեծ տարբերությամբ, չկարողացան կորցրածը հետ բերել ծայրամասերում և կորցրին իրենց առավելության մի մասը մեծ քաղաքներում: