ԱՄՆ-ում հանրապետականները հաղթել են ամբողջապես

ԹՐԱՄՓԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԻՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԿՄՏՑՆԻ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՈՒ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Թրամփի պաշտոնավարման օրոք ԱՄՆ-ն շատ ավելի պասիվ քաղաքականություն կվարի մեր տարածաշրջանի նկատմամբ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ անգամ Հարիսի ընտրվելու դեպքում ամերիկյան քաղաքականությունը ավելի պասիվ էր լինելու՝ Բայդենի համեմատությամբ։
 
Իսկ, թե որքանով այդ պասիվությունը կամ ընդհանրապես նոր վարչակազմի քաղաքականությունը կարող է նպաստավոր լինել Հայաստանի համար, ըստ միջազգայնագետի, մեծապես պայմանավորված է նաև մեզանից։
 
- Մեր աշխատանքից շատ բան է կախված։ ԱՄՆ-ն ամեն տարի շրջանցում է 907-րդ բանաձևը, որպեսզի Ադրբեջանին տրամադրի օգնություն, նախորդ տարվանից սկսած չշրջանցեց, հիմա մեծ հարց է, թե Թրամփի գալով կշրջանցի, թե ոչ ։ Սա նույնպես օրակարգային հարց է, որ մենք պետք է հասկանանք և նորից կախված է մեր աշխատանքից,- արձանագրեց Ս.Սարգսյանը։
 
Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ում հայտարարվել է արդեն ընտրված նախագահ, և շատ հավանական է, որ նա պաշտոնավարումն ստանձնելուց հետո վերադառնա իր առաջին նախագահության 4 տարիների քաղաքականությանը։
 
Այդ ընթացքում, ինչպես նշեց փորձագետը, Թրամփը կենտրոնանում էր իր համար շատ ավելի կարևոր և սկզբունքային ուղղությունների վրա, մասնավորապես՝ Մերձավոր Արևելք, Չինաստանի, ՌԴ-ի հետ հարաբերություններ, Իրայելի հետ խորացող հարաբերություններ և ռազմավարական դաշնակցություն, իսկ Իրանի նկատմամբ կոշտ դիրքորոշում և դիրքավորում։
 
- Կարծում եմ, որ բոլոր այս ուղղությունները կվերադառնանան արտաքին քաղաքական օրակարգ, ինչպես նաեւ արտաքին քաղաքական օրակարգ կդառնա ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների հարցը։ Այսինքն՝ ԱՄՆ-ն կսկսի ճնշում գործադրել ՆԱՏՕ-ի վրա, որպեսզի ավելի շատ ֆինանսական միջոցներ տրամադրեն, քան տրամադրում է Միացյալ Նահանգները որպես հիմնական ֆինանսավորող,- ասաց Ս.Սարգսյանը՝ ավելացնելով, որ Թրամփը նաև հայտարարում էր, որ ուկրաինական պատերազմը շատ արագ լուծելու հնարավորություն ունի։
 
Իհարկե, նա մանրամասն չի ներկայացրել հանրությանը իր տեսլականը, բայց, Ս.Սարգսյանի փոխանցմամբ, տրամադրվածությունն այդպիսին է, որ նա արագ լուծելու է։ Ինչ վերաբերում է Ուկրաինային տրամադրվելիք հետագա օգնությանը, ապա չի բացառվում, որ դա նաև լինի նախապայման։ 
 
- Չմոռանանք, որ Թրամփը պաշտոնը ստանձնելու է միայն հունվարի 20-ին և դա նշանակում է, որ դեռևս ժամանակ կա, որ գործող ադմինիստրացիան գործողություն անի, այդ թվում նաև Ուկրաինային օգնություն տրամադրելու տեսանկյունից։ Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա այդ երկիրը լրջագույն գործոն է Թրամփի համար՝ թե՛ անձնական հարցերով, թե՛ ընդհանրապես Թրամփի արտաքին քաղաքականությամբ պայմանավորված,- նկատել է միջազգայնագետը՝ կարծիք հայտնելով, որ հնարավոր է Իսրայելի ուղղությամբ շատ ավելի ակտիվ քաղաքականության ականտես լինենք՝ և ռազմական համագործակցության, և Իսրայելի անվտանգության տեսանկյունից։ Այդուհանդերձ, նա հավանական է համարում, որ նաև մերձավոր արևելքում Թրամփը կփորձի խաղաղություն հաստատել։
 
- Պնդում է, որ գալու է խաղաղություն հաստատելու, իսկ Լիբանանն ու ընդհանրապես Գազայում տեղի ունեցող իրավիճակը խաղաղության կարիք ունեն,- ասաց Սարգսյանը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ում հանրապետականները հաղթել են ոչ միայն նախագահական, այլ նաև վերցնում են սենատն ու ներկայացուցիչների պալատը։
 
Այլ խոսքով՝ Թրամփն իշխանություն է վերցնում ամբողջապես՝ թե գործադիրը, թե օրենսդիրը, ինչպես եղել է իր նախորդ պաշտոնավարման շրջանում։
 
Աղբյուր` Փաստինֆո